ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՍԴ-ից խորհրդարան․ կառավարությունը հաստատեց TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը

Կառավարությունը  հաստատել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Այդպիսով սկսվում է դրա վավերացման գործընթացը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ հաջորդ փուլում փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։

Եթե ՍԴ-ն արձանագրի, որ համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, այն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։ Միրզոյանն ասել է, որ TRIPP-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար դեռ պետք է համաձայնեցվի ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև համաձայնագիրը և ընկերության կանոնադրությունը, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են։

Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կքննարկի Սահմանադրական դատարանը։ Եթե հակասող դրույթներ չլինեն, այն կուղարկվի խորհրդարան։ Կառավարության նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է մայիսի 26-ին, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան եկավ։ Իսկ մի քանի օր անց այն արդեն ստորագրվեց հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում  4-ին՝ Երևանում․

«Միջազգային պրակտիկայում և ՀՀ օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամամանակյա  հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է և ընդունված պրակտիկա է։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին ևս 2 շատ կարևոր փաստաթղթեր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից Խաղաղության հռչակագրի ստորագրումը և, այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ, մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը»։

2026թ հունվարի 13-ին ԱՄՆ-ի պետքարտուղարն ու ՀՀ արտգործնախարարը ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցին՝  «TRIPP-ի իրականացման շրջանակ» վերնագրով։ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ դեռ երկու փաստաթուղթ էլ պետք է ստորագրվի՝ Բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP-ի զարգացման ընկերության կանոնադրությունը։ Համաձայնագիր կնքելով ՀՀ-ն ու ԱՄՆ-ն արձանագրում են, որ նպատակ ունեն զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները Հարավային Կովկասում, ինչպես նաև  ամրապնդելու խաղաղությունը տարածաշրջանում․

«Ողջ գործընթացը՝ և՛ ընկերությունը, և՛ հետագա գործունեությունը, և՛ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»։

ԱԳ նախարարն ասաց, որ այս համաձայնագրով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հիմնադրում են «TRIPP-ի զարգացման ընկերությունը», որը ՀՀ–ի տաբեր գոտիներում առանձին նախագծերի համար հատուկ նշանակության ընկերություններ կհիմնադրի՝ ներգրավելով նաև այլ գործընկերների։ Ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք։

«Այս իրավունքը կգործի նախնական 49 տարով, և այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` ԱՄՆ-ին  կպատկանի բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին ՝ 26 %-ը։ Այս նախնական ժամկետը 49 տարում լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնելու համագործակցությունը և ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում արդեն երկարացման պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն  ունենա ընկերության բաժնեմասերի 49 %-ը, այսինքն` 26 %-ով ՀՀ բաժնեմասերը կմեծացվեն, Հայաստանի Հանրապետությանը կտրվեն ավելի շատ բաժնեմասեր, կհասցվեն 49 տոկոսի, և սա կլինի ժամկետի երկարացման համար Հայաստանի Հանրապետության կողմից արվող և նրան տրվող միակ գործողությունը։ Այսինքն` ժամկետի երկարացման պարագայում 49 % բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ, ներդրում, պարտավորություն չի ստանձնում անելու»։

ՀՀ–-ն միջազգային համաձայնագրերին ու ներպետական օրենսդրությանը համահունչ կշարունակի պատասխանատու լինել անվտանգության և իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության ու սահմանային անվտանգության, մաքսային ու միգրացիոն վերահսկողության, հարկերի ու տուրքերի բյուջե փոխանցման, պետական տեղեկատվական համակարգերի, պետական վարչական վերահսկողության համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջամտում է․

 «Մամուլում TRIPPplus-ի հետ կապված հոդվածներ են շրջանառվում։ Ինձ թվում է շփոթ կառաջանա»։

Արտգործնախարարը պարզաբանում է, որ ներդրումներ ներգրավելու համար է ստեղծվում TRIPPplus  ընկերությունը։ Այն անուղղակի կապ ունի Հայաստանի տարածքում գործելիք, հիմնադրվելիք TRIPP ընկերության հետ։

Փոխվարչապետն արձանագրում է․ «Ըստ էության ֆոնդ է, որը գեներացնելու է միջոցներ՝ հետագայում ներդրումներ անելու համար, այդ թվում՝ ՀՀ-ում»։

Պետդեպարտամենտը օրերս մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ձեռնարկությունների նոր հիմնադրամի՝ TRIPPplus ներդրումային հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում։ The Guardian-ը մանրամասնում է, որ այդ հիմնադրամը վերահսկելու է Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ ներդրումները տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևոր օգտակար հանածոների ոլորտում։

Չիկագոյում բնակվող Կոնստանտին Սոկոլովն այն 36 նվիրատուներից է, որոնք ավելի քան 350 միլիոն դոլար են ներդրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պարասրահի նախագծում։ Բացի այդ, Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկի՝ «Viva Armenia»-ի խոշոր բաժնետեր է։

Կարդացեք նաև

Back to top button