ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արարատցեմենտ» գործարանն անցել է պետությանը, «Մուլտի Վելնես» մարզասրահը՝ քաղաքապետարանին

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Երևանի քաղաքապետն էլ հաստատել է, որ «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Երկու գույքն էլ պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այս գործընթացի կապը Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ՝ ընդգծելով, որ իրավապահներն ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում  գործարարի ունեցվածքը սկսել են ուսումնասիրել դեռ 2023-ից։

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիան դատարան՝ ընդդեմ գործարար Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ պահանջելով բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Օրերս դատախազությունը նույն դատարանին ուղարկել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, և «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը։ Այսքանով, սակայն  իրավապահ մարմինների պահանջները չեն ավարտվում։ Նույն հայցադիմումով գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել մի շարք շարժական և անշարժ գույքեր, ընկերություններ։

«Պահանջվում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը Երևան է, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, այդ թվում ՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»ում, շուրջ 106 միլիարդ դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք»:

Որ կառավարությունը մտադիր է պետականացնել Հայաստանում միակ ցեմենտի գործարանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ավելի ուշ նա մանրամասնել էր, որ գործընթացը կապ չունի Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության, խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ։ «Կառավարությունն ավելի վաղ էր իրավապահ մարմիններից գրություն ստացել այն մասին, որ «Արարատցեմենտ»-ը խախտումներով է սեփականաշնորհվել և ենթակա է պետությանը վերադարձման»,-ասել էր վարչապետը։

««Արարտցեմենտ»-ի հետ կապված պրոցես կա, ես ասել եմ, ընդ որում՝ ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որից հետո դա եղել է, այլ քննությունն է դա ցույց տվել, ինչն ազդակ է եկել կառավարությանը»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ուղեկցվեց վերջինիս պատկանող  ընկերություններում քննչական գործողություններով ու խուզարկություններով։ Դրանց մի մասը շարունակում է փակ մնալ։ «Արարատցեմենտ»-ը 4 օր փակ մնալուց հետո վերագործարկվեց։ Այդ ընթացքում գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ արեցին, Գագիկ Ծառուկյանն էլ կալանավայրից ցավ հայտնեց, որ «իր հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկված են աշխատանքից»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարանի աշխատակիցներին հորդորեց չմտնել քաղաքական գործընթացի մեջ։

«Եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը․․․Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ հիշեցրել, ես Կապանում զգուշացրեցի, ասեցի` տեսեք այն մարդիկ, ովքեր այսօր այլ պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, նրանց մի մասն էլ դատվել է։ Ես ուզում եմ, որ պարզ լինի խաղի կանոնները, որ այդ մարդկանց մի մասն էլ մինչև մի միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի, ես էլ ասում եմ` չէ, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է»։

Վարչապետը հայտարարել է, որ «Արարատցեմենտ»-ի պետականացումից հետո կառավարությունը ժամանակավոր կառավարիչ կնշանակի այն նույն ընթացակարգով , որը կիրառվեց  ՀԷՑ-ի դեպքում։

Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն էլ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Տեղեկությունը հաստատել է քաղաքպետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում․

«Այո, հաստատում եմ, այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով և համապատասխանաբար պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն` Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը և շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին, դրա վերաբերյալ հետագայում անպայման հայտարարություններ կլինեն»։

Միաժամանակ Ավինյանն ասել է, որ առաջիկայում չեն պատրաստվում փակել մարզասրահը։

«Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»։

Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 9-ին հայտարարել էր, որ «Մուլտի Վելնես» մարզական համալիրում առանձնապես խոշոր չափերով հարկեր են թաքցվել։ Մասնավորապես 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2․6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ։

Կարդացեք նաև

Back to top button