
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ընթացքը՝ կարևորելով համապատասխան ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի հնարավորինս շուտ հաստատումն ու դրա շուրջ աշխատանքների ակտիվացումը։
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվեց նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվեց սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։




