Արդեն100 տարի

Համբուրգում առևտրական գործերից մինչև Գյումրիի թատրոն. Արմեն Արմենյանի բացառիկ ուղին․ «Արդեն 100 տարի»

Մեկդարյա Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են հայ բեմի բացառիկ երևույթներից մեկի՝ Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Արմենյանի դերակատարումներից որոշ նմուշներ, ինչպես նաև գրեթե կես դար առաջ արվեստաբան Գևորգ Աբաջյանի պատրաստած հաղորդումն այս յուրահատուկ արվեստագետի մասին:

Ի՜նչ հարուստ կենսագրություն է ունեցել սրանից 155 տարի առաջ՝ 1871 թվականի սեպտեմբերի 10-ին Կոստանդնուպոլսում ծնված այս դերասանը, ում իրական ազգանունն Իփեկյան էր: Նա հրաշալի կրթություն է ստացել Բերայի հայկական և գերմանական դպրոցներում, եղել է Մխիթարյանների սան, որտեղ նրա մտերիմ ընկերը ապագայի մեծ նկարիչ Էդգար Շահինն էր, ապա ուսանել է Պոլսի Կեդրոնական վարժարանում: Արմենը սիրում էր դաշնամուր նվագել, իսկ հայրը սաստում էր. «Տղամա՛րդ եղիր, դաշնամուրը աղջիկներուն կը վայելէ»:

Ճակատագրական եղավ նրա հանդիպումը Պետրոս Ադամյանի հետ. նա գերվեց թատրոնի կախարդանքով: Եվ երբ Թիֆլիսից բեմադրիչ ու դերասան Գևորգ Պետրոսյանը եկավ Պոլիս՝ Թիֆլիսի թատերախմբի համար դերասաններ ընտրելու, Արմենը ներկայացավ նրան: Ընտանիքում սկսվեցին վեճեր. ծնողները դեմ էին Արմենի որոշմանը, բայց, ի վերջո, տեղի տվեցին մեկ պայմանով՝ բեմ չբարձրանալ Իփեկյան ազգանունով: Երիտասարդ սիրողական դերասան Արմենը՝ արդեն Արմենյան ազգանունով, հանդիսականի առջև հայտնվեց Սիրանույշի, Աբելյանի և ժամանակի մյուս նշանավոր դերասանների հետ:

Բայց Արմենի հայրը՝ չհամակերպվելով որդու դերասանական ուղին բռնելու մտքի հետ, նրան առևտրական գործ ուսանելու համար ուղարկեց Համբուրգ: Այստեղ, սակայն, բարձր արվեստների հետ հաղորդակցվելն ավելի դյուրին եղավ. դասական երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի խաղը վայելելու բացառիկ հնարավորություն: Շուտով նա Սառա Բեռնարից արտոնություն ստացավ բեմ բարձրանալու իբրև ստատիստ: Միաժամանակ սովորեց բեմական խոսք և գիտելիք կուտակեց թատրոնին առնչվող բոլոր հարցերում, ապա ընդգրկվեց Փարիզի «Բուֆ Դյունոր» և «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնների դերասանական կազմում: Բայց Փարիզը նրան գուցե ամենից շատ տպավորեց Կոմիտասի հետ հանդիպմամբ:

1902 թվականին Արմեն Արմենյանին հրավիրում են Թիֆլիս: Գաբրիել Սունդուկյանը տեսնում է նրա խաղը բեմում և առաջարկում խաղալ Ֆրանցի դերը Շիլլերի «Ավազակներ»-ում: Տարիներ անց Ա. Արմենյանը և Հովհաննես Աբելյանը կազմում են «Աբելյան-Արմենյան» թատերախումբը, որը մեծ հաջողություններ է ունենում: Նրա թատերական, դերասանական և ռեժիսորական հարուստ կենսագրությունը կապված է աշխարհի շատ երկրների հետ, որտեղ եղավ իր տիկնոջ՝ դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանի հետ՝ Պոլսից մինչև Կահիրե և Ալեքսանդրիա, Կովկասից մինչև Զմյուռնիա, Պարսկաստանից մինչև Ռումինիա:

Վերջապես, 1921 թվականին Արմեն Արմենյանը հաստատվում է Ալեքսանդրապոլում: Կազաչի պոստի և Պոլիգոնի ամերիկյան որբանոցներում նա երեխաներին սովորեցնում է ասմունքի արվեստը: Մեծ արձագանք է ունենում 1922-ին Ալեքսանդրապոլում 150 դերասանների մասնակցությամբ նրա անսովոր բացօթյա բեմադրությունը՝ Արշակ Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի հիման վրա: Նրան՝ իբրև ռեժիսոր, հրավիրել են ղեկավարելու Սուխումի հայկական թատրոնը, իսկ Ալավերդիում 1934 թվականին նա հիմնադրում է բանվորական թատրոն: 1935 թվականից արդեն աշխատում է Գյումրիի պետական թատրոնում:

Ավելի քան 100 պիեսի բեմականացում և մոտ 150 խաղացած դեր. այս տաղանդավոր դերասանն ապրեց 94 տարի՝ շռայլորեն բաշխելով իր տաղանդը հանդիսականին, իսկ իր գիտելիքները՝ երիտասարդ ռեժիսորներին ու դերասաններին: Նա մահացավ 1965 թվականի հուլիսի 20-ին:

Կարդացեք նաև

Back to top button