
Հուլիսի 11-ի գիշերը և վաղ առավոտյան ռուս-ուկրաինական պատերազմի գոտում արձանագրվել է հերթական էսկալացիան։ Կողմերը զանգվածային հարվածներ են հասցնել միմյանց թիկունքային և լոգիստիկ ենթակառուցվածքներին։
Ռուսաստանի զինված ուժերը արձակել են 12 հրթիռ (այդ թվում՝ բալիստիկ) և 121 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել թիրախների մեծ մասը, սակայն հակահրթիռների պակասի պատճառով գրանցվել են նաև ուղիղ հարվածներ։
Կիևի մի քանի շրջաններում վնասվել են բնակելի և գրասենյակային շենքեր, երկաթուղային լոկոմոտիվ և տրանսֆորմատորային ենթակայան։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 11 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են ռազմական արտադրամասերն ու նավահանգստային ենթակառուցվածքները։
Ուկրաինական կողմը հեռահար դրոններով գրոհել է Տագանրոգի ծոցում գտնվող ռուսական նավերը։ Ռոստովի մարզի նահանգապետի հաղորդմամբ՝ վնասվել է չորս նավ, այդ թվում՝ վառելիք տեղափոխող մի տանկեր։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի։
Այս գործողությունն ուղղված է ռուսական զորքերի մատակարարման ուղիների խափանմանը։




