ՀասարակությունՏեսանյութեր

Ինչպե՞ս է երիտասարդ սերունդը տեղեկություն ստանում թվային դարաշրջանում․ լրագրության և հասարակության մարտահրավերները

Ռոյթերի ինստիտուտը, որ Օքֆորդի համալսարանին կից գործում է արդեն երկու տասնամյակ և զբաղվում է լրագրությանն առնչվող հարցերով, պարզել է, որ 2026 թվականը կարևոր, նույնիսկ բեկումնային նշանակություն ունի տեղեկատվության սպառման տեսանկյունից, քանի որ առաջին անգամ սոցիալական ցանցերն ու վիդեոհարթակներն իրենց դիտելիությամբ առաջ են անցել տեղեկության ստացման ավանդական միջոցներից։ Սա միտում է ամբողջ աշխարհում, և «մեդիաարդյունաբերությունը» կանգնած է լուրջ, համընդհանուր մարտահրավերների առաջ։

Ռոյթերի ինստիտուտի այս տարվա զեկույցի մասին միանգամից 110 երկրի ներկայացուցիչներին պատմելու ու գլոբալ մարտահրավերները համատեղ քննարկելու համար «Դոյչե վելլե» գերմանական հեռարձակողը Բոնն էր հրավիրել էր զեկույցի հեղինակին՝ Ջիմ Իգանին։

Ինչպե՞ս են թվային դարաշրջանում մարդիկ տեղեկանում իրադարձությունների մասին։ Ո՞ւմ են նրանք վստահում և վստահո՞ւմ են արդյոք։

Reuters Digital News Report–ի համաձայն, որը ներկայացվել է DW–ի այս տարվա գլոբալ մեդիաֆորումի ընթացքում, երիտասարդներն  արդեն զանգվածաբար  «երես են թեքում» ավանդական նորություններից։

Զեկույցի հեղինակ Ջիմ Իգանն ասում է, որ Միացյալ Նահանգներում, օրինակ, 25 տարեկանից ցածր հարցվածների մեկ երրորդը երբեք հեռուստացույցով նորությունների թողարկում չի նայել։  Հեռուստատեսային նորություններ, լրատվական կայքեր և լրատվամիջոցների հավելվածներ «սպառում»  են 45–ն անց մարդիկ, և նույնիսկ նրանց շրջանում այդ սպառումը գնալով պակասում է։

180 էջանոց փաստաթուղթն աշխարհի 48 երկրում շուրջ  100 հազար մարդու շրջանում անցկացված  առցանց հարցման հիման վրա է կազմվել։ Հետազոտողները պարզել են, որ ժամանակակից երիտասարդ լսարանը գերադասում են կարճ, վիզուալ առումով  հագեցած և էմոցիոնալ տեսանկյունից հասանելի բովանդակություն։ Ուղղահայաց տեսանյութերը, կարճ հոլովակները և ինֆոգրաֆիկայի վրա հիմնված հրապարակումները նրանք ավելի հեշտ են «մարսում», քան երկար թերթային հոդվածները կամ հեռուստատեսային լրատվական հաղորդումները: Երիտասարդ օգտատերերը ցանկանում են տեղեկությունը ստանալ արագ, իրենց հարմար տարբերակով և ծանոթ թվային միջավայրում։

Ուսումնասիրությունը ներկայացրած Ջիմ Իգանը նշում է, որ վերջին տասնամյակում տեղի է ունեցել իրական շրջադարձ: Եթե տասը տարի առաջ երիտասարդներն ավելի հաճախ լրատվական կայքերն ու հավելվածներն էին նշում որպես տեղեկատվության հիմնական աղբյուր, այսօր առաջատար դիրքերում սոցիալական մեդիան է:  Այսպիսով, լսարանը դարձել է ոչ թե պարզապես թվային, այլ «սոցիալ-թվային», որտեղ մարդու և նորությունների միջև գլխավոր միջնորդը սոցիալական հարթակների ալգորիթմներն են։

Գլոբալ մեդիա ֆորումում տեղի ունեցած քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց անհանգստացնող միտմանը․  երիտասարդների հետաքրքրությունն ավանդական նորությունների նկատմամբ կտրուկ  անկում է ապրել: Ռոյթերի ինստիտուտի հետազոտողները փաստում են․ շատ երիտասարդներ գիտակցաբար խուսափում են լրատվական օրակարգից: Սա պայմանավորված է նեգատիվ լուրերի շարունակական հոսքով, տագնապի զգացողությամբ, քաղաքական թեմաներից, հակամարտությունից հոգնածությամբ և իրադարձությունների վրա ազդելու անկարողության զգացումով: Արդյունքում, երիտասարդ լսարանի զգալի մասը նախընտրում է սահմանափակել լրատվության սպառումը կամ ընդհանրապես հրաժարվում է հետևել նորություններին։  

Հատկանշական էր հետազոտության հեղինակ Ջիմ Իգանի հետևյալ ձևակերպումը․ «Երիտասարդները ոչ միայն հեռանում են, շատերը նույնիսկ չեն էլ սկսում»։ Միաժամանակ հեղինակը չի կարծում,  թե երիտասարդությունը չի հետաքրքրվում աշխարհում կատարվող իրադարձություններով, բայց երեկոյան լուրեր դիտելու փոխարեն նախընտրում է  մի քանի կարճ տեսանյութ դիտել TikTok–ում, YouTube–ում լսել  բլոգերների մեկնաբանությունները կամ հարց տալ արհեստական բանականությանը։ Սրա արդյունքում ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը դառնում է ավելի, այսպես ասենք, անհատականացված։

Տեղեկատվության սպառման նման ձևաչափն ինչպես առավելություններ, այնպես էլ ռիսկեր ունի․ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է տեղեկանալ  իրադարձություններին, դրանց վերաբերյալ տարբեր տեսակետներին և անել դա իրեն հարմար տարբերակով։ Բայց, մյուս կողմից, սոցցանցային ալգորիթմները նախևառաջ լուծում են դիտողի ուշադրությունը պահելու խնդիր, ուստի ներկայացնում  են ավելի շատ էմոցիոնալ կոնտենտ, քան իրական լրագրություն։ Դա իր հերթին ավելացնում է կեղծ տեղեկությունների տարածման, մանիպուլյացիայի հավանականությունը։ Եվս մեկ ռիսկ է այն, որ ալգորիթմները ստեղծում են, այսպես կոչված, տեղեկատվական փուչիկներ, երբ մարդն առավելապես տեսնում է այն կոնտենտը, որը համապատասխանում է իր ակնկալիքին։

Եվս մեկ միտում, որ առանձնացրել են Ռոյթերի ինստիտուտի հետազոտողները․ երիտասարդ լսարանն ավելի շատ վստահում է կոնկրետ անձանց, քան մեդիակազմակերպություններին։ Հեղինակի անունն ավելի կարևոր է, քան լրատվամիջոցի անվանումը։ Ու այստեղ առաջ է գալիս մեդիագրագիտության խնդիրը, քանի որ ոչ բոլոր ճանաչված բլոգերներն են հետևում լրագրության չափանիշներին, ստուգում տեղեկություներն ու հավատարիմ մնում  օբյեկտիվության սկզբունքին։

Մարդու և նորությունների միջև հատուկ դերակատարություն է ստանձնել արհեստական բանականությունը․ շատերը աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններից գլուխ հանելու համար չաթ–բոտերին են դիմում և ստանում կարճ ու հասկանալի բացատրություն։ Ըստ մասնագետների՝ հենց արհեստական բանականությունն է կարճ ժամանակ անց դառնալու մարդու և նորությունների միջև գլխավոր միջնորդը։

Այս պայմաններում ավանդական լրագրությանը պարբերաբար նոր մարտահրավերներ են նետվում։ Այլևս բավարար չէ որակյալ նյութերի հրապարակումը սեփական լրատվամիջոցներում։ Անհրաժեշտ է քայլել ժամանակի հետ, բոլոր հարթակներում գտնել թիրախային լսարաններ։ Նոր, սրընթաց փոփոխվող իրավիճակներին ադապտացումը մեդիայի գլխավոր խնդիրն է։

Միաժամանակ մասնագետներն ընդգծում են․ պրոֆեսիոնալ լրագրությունը, կորցնելով մենաշնորհը և մրցակցելով, այսպես ասենք, քաղաքացիական լրագրության հետ, չի կորցնում հասարակական նշանակությունը։ Ընդհակառակը՝ տեղեկատվական տարափի դարաշրջանում որակյալ, պատասխանատու ու անկախ լրագրությունը դառնում է ավելի կարևոր։  Ժամանակակից տեխնոլոգիաները խլել են լրատվամիջոցներից տեղեկության տարածման մենաշնորհը, բայց  տվել են ավելի լայն հնարավորություններ, որոնցից պետք է կարողանալ ճիշտ օգտվել։

Կարդացեք նաև

Back to top button