
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը հանդիսատեսին կդիմավորի բոլորովին նոր արվեստային փորձառությամբ։ Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 13-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Chora Gavit: A Score for Moving Bodies» տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսովմ
Այն իրականացվում է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Սա դասական համերգ կամ բեմական ներկայացում չէ։ Երաժիշտները կտեղակայվեն նախասրահի տարբեր հատվածներում՝ ձևավորելով կենդանի ձայնային միջավայր, որի միջով կանցնեն հյուրերը։ Յուրաքանչյուր այցելու, իր շարժման ուղղությունից, կանգառներից, լսողության կետերից և ուշադրությունից կախված, կվայելի ստեղծագործության սեփական տարբերակը։
«Chora Gavit: A Score for Moving Bodies»-ը կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկում է նոր մոտեցում։ Մինչեւ առաջին ֆիլմի ցուցադրությունը, մինչեւ առաջին կադրը և պաշտոնական բացման արարողությունը, հանդիսատեսն արդեն կհայտնվի արվեստի ներսում։ Մուտքը կինոփառատոն այլևս պարզապես անցում չէ, այլ առաջին կինեմատոգրաֆիկ փորձառությունը։
Նախագծի անվանումը միավորում է երկու կարևոր հասկացություն։ Chora-ն հին հունական փիլիսոփայական եզրույթ է, որը խորհրդանշում է ձևավորման, հնարավորությունների և ծնունդի տարածքը, իսկ Gavit-ը հայկական ճարտարապետական ավանդույթում եկեղեցական գավիթն է։ Այս գաղափարների համադրությամբ փառատոնի նախասրահը վերածվում է ժամանակակից «գավիթի», որտեղ քաղաքային առօրյան աստիճանաբար փոխակերպվում է կինոփառատոնի ստեղծագործական իրականության։
«Chora Gavit: A Score for Moving Bodies»-ը հիմնված է site-specific արվեստի սկզբունքների վրա, որտեղ տարածքը պարզապես միջավայր չէ, այլ ստեղծագործության կարևոր բաղադրիչ։
Այս յուրահատուկ ինստալացիա-պերֆորմանսով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և hosq-ը հանդիսատեսին առաջարկում են վերաիմաստավորել կինոյի սկիզբի գաղափարը՝ ցույց տալով, որ կինոն սկսվում է ոչ միայն էկրանին, այլև տարածության, լույսի, ձայնի և մարդկային շարժման փոխհարաբերության մեջ։




