
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Եվրամիության երկրները պետք է համագործակցեն Անկարայի հետ պաշտպանական նախաձեռնությունների իրականացման գործում, այլապես դրանք բավարար չափով արդյունավետ չեն լինի։
«Եվրոպական երկրների պաշտպանական նախաձեռնությունները պետք է լրացնեն ՆԱՏՕ-ն և չհանգեցնեն այս ոլորտում անհարկի կրկնությունների։ Ես մշտապես հրավիրում եմ մեր դաշնակիցների և Եվրոպական միության ղեկավարության ուշադրությունը այս կարևոր հանգամանքի վրա։ Փաստն այն է, որ եթե այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է, որը ԵՄ անդամ չէ, լիովին ներգրավված չլինի բլոկի պաշտպանական նախաձեռնություններում, դրանց արդյունավետությունը շատ սահմանափակ կլինի»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան «ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ ցամաքային բանակը, որն ընդունակ է հաջողությամբ լուծել տարբեր խնդիրներ»։ «Մենք նաև շատ մեծ ավանդ ենք ներդնում ՆԱՏՕ-ի գործունեության և դաշինքի առաքելության մեջ։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության արտադրանքի առևտրի որոշ խոչընդոտներ վերացվել են, սահմանափակումները դեռևս պահպանվում են։ Դրանք պետք է անվերապահորեն և անհապաղ վերացվեն»,- հայտարարել է Էրդողանը։




