
«Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-ին և 8-ին (երեքշաբթի և չորեքշաբթի) կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անդամ պետությունների ղեկավարների քննարկումներն անցել են «միասնության բացառիկ մթնոլորտում»։ Այս մասին միջոցառման փակման օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Այս գագաթնաժողովն ապացուցեց, որ դաշինքն հզոր է, քան երբևէ. սա համախմբված կառույց է, որը պատրաստ է պաշտպանել մեր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- նշել է Ռյուտեն՝ անցկացված միջոցառումը որակելով «չափազանց հաջողված»։
Որպես իր խոսքերի ապացույց՝ գլխավոր քարտուղարը վկայակոչել է գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ հռչակագրի այն դրույթը, որը համաձայնեցվել է բոլոր մասնակիցների կողմից։ Այն վերահաստատում է հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով սահմանված հավաքական պաշտպանության սկզբունքին։ «Հարձակումը մեկի վրա հարձակում է բոլորի վրա»,- ընդգծել է նիդերլանդացի քաղաքական գործիչը։
Դաշինքի անդամ երկրների միջև արձանագրված «միասնության» վերաբերյալ Ռյուտեի մեկնաբանությունների ֆոնին, dpa գործակալությունը որպես հակադիր օրինակ վկայակոչում է գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատությունը դաշնակիցների հասցեին։ Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամների միջև ծախսերի անարդար բաշխման կապակցությամբ։ Մարտի վերջին հրապարակված զեկույցի համաձայն՝ 2025 թվականին դաշինքի պաշտպանական ծախսերի շուրջ 60%-ը բաժին է ընկել Միացյալ Նահանգներին։ Բացի այդ, Թրամփը գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու մտադրության մասին, քանի որ վերջինս չի աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում, իսկ Գերմանիան դասել է այն երկրների շարքին, որոնք «հուսախաբ են արել» Վաշինգտոնին։
ՆԱՏՕ-ի բյուջեում երկրների ներդրման վերաբերյալ քննադատությանն ի պատասխան՝ Ռյուտեն նշել է, որ դաշինքի անդամ պետությունների ղեկավարները «պայմանավորվել են կառույցի արդիականացման շուրջ»։ «Սա ենթադրում է ավելի հզոր Եվրոպա՝ առավել ուժեղ ՆԱՏՕ-ի կազմում, որտեղ եվրոպական դաշնակիցներն ու Կանադան փոխգործակցում են ԱՄՆ-ի հետ, ստանձնում են ավելի մեծ պատասխանատվություն դաշինքի պաշտպանության համար, խոշոր ներդրումներ են կատարում ռազմական ոլորտում և կնքում են ծավալուն պայմանագրեր՝ ատլանտյան երկու ափերի արդյունաբերության ներգրավմամբ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին այլ երկրների մասնակցության հարցում Թրամփի դժգոհություններին՝ Ռյուտեն հայտարարել է, որ փակ հանդիպումների ժամանակ ԱՄՆ նախագահն իրեն այլ կերպ է դրսևորել։ Նրա խոսքով՝ Թրամփի առաջնորդությունը «վերափոխում է դաշինքը և այն դարձնում ավելի ուժեղ»։ «Կարող եմ ասել, որ ես ականատես եղա, թե ինչպես են 32 պետությունների և կառավարությունների ղեկավարները դահլիճում կանգնած միասնական ճակատով։ Զգացվում էր բացառիկ հզոր համախմբվածություն։ Վերջին շրջանում ես նման միասնություն չեմ հիշում»,- հավելել է նա։




