2025-ի դեկտեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթուղթը, որի շրջանակում խաղաղության ու Հայաստանի դիմացկունության ամրապնդման համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 15 մլն եվրո հատկացնել։ Ծրագիրը ներառում է նաև ականազերծման աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը։ Այդ շրջանակում Հայաստանն արդեն ստացել է առաջին մեծ «ծանրոցը»։
Օգնությունը Հայաստանի կառավարությանը փոխանցելու համար Երևանում են Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության ղեկավար Պետեր Վագները և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Հայաստանը ԵՄ-ից բառի ուղիղ իմաստով խոշոր նվեր է ստացել։ Ամենածանր բեռը մոտ 20 տոննա է կշռում։ Խոսքը հեռակառավարվող մեքենայի մասին է՝ ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Երկու մեքենաներից մեկն արդեն Հայաստանում է։ Մարդասիրական ականզերծումից բացի՝ բազմաֆունկցիոնալ մեքենան կարող է կիրառվել նաև սահմանազատման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը․
«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պիտի անցնեն: Մենք արդեն պարտավորվել ենք կառուցելու երեք սահմանային անցակետ: Այժմ աշխատում ենք դրա մանրամասների վրա: Սակայն ականազերծումը կլինի անհրաժեշտ առաջին քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»։
ԵՄ ուշադրության կենտրոնում է տարածաշրջանային հաղորդակցության և Հարավային Կովկասի ավելի լայն ապաշրջափակման օրակարգը՝ հավելում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն․
«Մենք քննարկում ենք Հայաստանի իշխանությունների, բայց նաև, իհարկե, Ադրբեջանի գործընկերների հետ, թե ինչպես լավագույնս աջակցենք այս երթուղիների զարգացմանը, որպեսզի բոլոր երկրները ներգրավված լինեն, այդ երթուղու երկայնքով տեղակայված համայնքների բոլոր բնակիչներն օգտվեն դրանից, և իհարկե, մենք զգալի ներդրում ունենանք այն բանում, ինչը ԵՄ-ի համար առաջնահերթություն է․ խոսքը «Միջին միջանցք»-ի հաղորդակցային նախագծի մասին է, որով Ասիան և Եվրոպան կապվում են Հարավային Կովկասով»։
Եվրոպացի պաշտոնյան հաստատում է, որ Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես Բրյուսելը լավագույնս աջակցի Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։ Մագդալենա Գրոնոյի համար տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացն աներևակայելիորեն տպավորիչ է․
«Մենք՝ որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինելու ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց։ Իհարկե կա քաղաքական աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններին, քանի որ նրանք առաջ են տանում խաղաղության գործընթացը»։
Հումանիտար ականազերծման աշխատանքները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են դեռևս 2002–ից։ «Աղտոտված տարածք»․ այսպես են ականազերծողները կոչում այն վայրերը, որոնցում կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։ Այդպիսի հողեր կան Հայաստանի 5 մարզերում` Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Գեղարքունիքում։ Պաշտոնական գնահատումներով`խոսքը շուրջ 43 մլն մ3 տարածքի մասին է։ Նոր տեխնիկայի կիրառումն էականորեն կփոխի այս պատկերը՝ համոզված է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը․
«Դա կբերի էական ռիսկերի, դժբախտ դեպքերի նվազեցմանը, և ըստ էության, կնպաստի նաև տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Առավելապես գյուղատնտեսական կամ արոտավայրի համար նախատեսված տարածքները, ինչպես նաև շատ ենթակառուցվածքներ աղտոտված վայրերում են։ Տարածքների մաքրմամբ հնարավոր կլինի և՛ վերականգնել ենթակառուցվածքները, և՛ շահագործել գյուղատնտեսական նպատակով մեր պիտանի հողերը»։
Ականազերծման մեքենան հայկական կողմին հանձնելու համար Երևանում է նաև Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության ղեկավար Պետեր Վագները։ Նրա ներկայացմամբ՝ խոսքն ավելի լայն միջոցառումների և նախագծերի փաթեթի մասին է, որ Եվրոպական միությունը ներդնում է է Հայաստանում խաղաղության գործընթացի համար: Ծրագրի արժեքը շուրջ 5,5 մլն դոլար է։ Եվրոպացի պաշտոնյան ընդգծում է սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովումը։
Հայաստանի ստացած ականազերծող մեքենաները նախագծված են հումանիտար աշխատանքների համար։ Արտադրող խորվաթական ընկերությունն այն փորձարկել է Բալկանյան երկրներում․ այդ մեքերնաները կիրառվում են Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։
Ականազերծող հեռակառավարվող երկու մեքենաներից բացի՝ Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության երկու մեքենա`անհրաժեշտ հագեցվածությամբ։




