
2001 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում Նշան Աճեմյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Hi-Am» բարեգործական հիմնադրամը դարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական և հասարակական համագործակցության կարևոր հարթակներից մեկը։ Նույն թվականի վերջին հիմնադրամը գործունեություն սկսեց նաև Հայաստանում՝ նպատակ ունենալով ամրապնդել հայրենիք–սփյուռք կապերը, խթանել մշակույթի, կրթության, առողջապահության, երիտասարդության և բարեգործության ոլորտների զարգացումը։
Հիմնադրամի գործունեության առանցքում մշտապես եղել է այն գաղափարը, որ մշակույթը կարող է միավորել տարբեր երկրներում ապրող հայերին և ստեղծել արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ միջազգային գործընկերների հետ։
«Hi-Am» հիմնադրամը Նշան Աճեմյանի ղեկավարությամբ երկու տասնամյակից ավելի իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր, որոնք նշանակալից ներդրում են ունեցել հայ-ամերիկյան մշակութային կապերի ամրապնդման գործում։ Հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել են դասական, ջազային և ժամանակակից երաժշտության համերգներ, միջազգային փառատոներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ և կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի և բազմաթիվ այլ երկրների անվանի արվեստագետներ։ Այս ծրագրերը նպաստել են ոչ միայն հայկական մշակույթի ներկայացմանը միջազգային հանրությանը, այլև ստեղծել են ստեղծագործական համագործակցության նոր հարթակներ հայ և օտարերկրյա արվեստագետների միջև։
Հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է նաև «Hi-Am Quartet» լարային քառյակի ստեղծումը, որի գործունեությունը միտված է բարձրարժեք դասական երաժշտության տարածմանը, երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանը և միջազգային մշակութային երկխոսության խորացմանը։ Միաժամանակ հիմնադրամը մշտապես իրականացրել է բարեգործական և սոցիալական ծրագրեր՝ աջակցելով կրթական, առողջապահական և հասարակական նախաձեռնություններին Հայաստանում։
Նշան Աճեմյանի գործունեությունը վաղուց արդեն դուրս է եկել զուտ բարեգործության շրջանակներից՝ վերածվելով մշակութային դիվանագիտության կարևոր օրինակի։ Նրա նախաձեռնած ծրագրերը նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի մշակութային հաստատությունների, ստեղծագործական կազմակերպությունների և անհատ արվեստագետների միջև գործընկերության զարգացմանը՝ ձևավորելով փոխադարձ վստահության և երկարաժամկետ համագործակցության միջավայր։
Այսօր «Hi-Am» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ հաստատելով, որ մշակույթը, կրթությունն ու բարեգործությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ամենաարդյունավետ միջոցներից են և կարևոր դեր ունեն հայկական մշակույթի միջազգային ճանաչման գործում։




