
Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 188-ի, ևս 1520 մարդ վիրավորվել է, հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Նրա խոսքով՝ շուրջ 200 մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ, իսկ առնվազն 250 շենք վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Լա Գուայրա նահանգում, որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել շուրջ մեկ րոպե տարբերությամբ, որից հետո գրանցվել է 138 հետցնցում։ Երկրի իշխանությունները ստեղծված իրավիճակը բնութագրել են որպես լուրջ աղետ և բնակչությանը կոչ արել պահպանել զգոնությունը։
Վենեսուելա են ժամանում միջազգային մասնագիտացված փրկարարական խմբեր։ Իշխանությունները նաև մասնավոր ընկերություններին կոչ են արել ծանր տեխնիկա տրամադրել փլատակների հեռացման համար։
Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է 200 միլիոն դոլարի վերականգնման հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաև երկրաշարժից տուժած ընտանիքներին և ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն ու հատուկ վարկային գծեր տրամադրելու մասին։




