ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քանի՞ օր պետք է ապրես Հայաստանում, որպեսզի իրավունք ունենաս որոշելու երկրի ապագան

Կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծին, որով առաջարկվում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը կապել Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի հետ։ Առաջարկվում է սահմանել, որ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն այն ՀՀ քաղաքացիները, որ ընտրությանը նախորդող 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր փաստացիորեն գտնվել են Հայաստանում։

Նախագծի հեղինակները նշում են, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի ամրապնդելու պետության և ՀՀ քաղաքացիների ոչ միայն  իրավական, այլև փաստացի կապը։  Ընդդիմախոսները մինչդեռ առաջարկի մեջ ընտրական իրավունքը սահմանափակող ռիսկեր են տեսնում։

Եթե այսօր ՀՀ քաղաքացի լինելը բավարար է ընտրելու իրավունք ունենալու համար, ապա վաղը կարող է այլևս այդպես չլինել։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Ալխաս Ղազարյանն  ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են ընտրական իրավունքը կապել Հայաստանում փաստացիորեն գտնվելու օրերի հետ՝ սահմանափակելով այն քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին, որոնք քվեարկությանը նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում չեն գտնվել առնվազն 183 օր։

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն տվեց իշխող ուժի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

Նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանն ավելի վաղ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, նշել էր, որ  առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կապված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ․

«Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը, և, այսպես ասած, լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետև պատկերացում չունեինք, որ կարող է նման հարցեր առաջանան»։

Պատգամավորի խոսքով՝ փոփոխության նպատակը որևէ խմբի ընտրական հնարավորությունները սահմանափակելը չէ, այլ Հայաստանում ապրող քաղաքացու և պետության կապը պահպանելն ու ամրապնդելը․

«Ընտրությունները հենց այն հիմնական կապն են քաղաքացու ու պետության միջև, որով քաղաքացին կանոններ է սահմանում, իշխանություն է ընտրում և  պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ ապրել, աշխատել, ապրել, մշտապես բնակություն հաստատող քաղաքացուն վերաբերելի է: Հետևաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին, իսկ մշտական բնակվող համարվում է այն քաղաքացին, ով վերջին մեկ տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ երկրում»։

Մինչ իշխանական պատգամավորները փորձում են հիմնավորել օրինագծի անհրաժեշտությունը, ընդդիմադիր գործիչները խոսում են մտավախությունների և ռիսկերի մասին։

Իշխանությունն այս փոփոխությամբ փորձում է օրենքով սահմանափակել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունների մասնակցությունը՝ պնդում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ուսումնասիրեցի իշխանությունների սիրելի ԵՄ երկրների կարգավորումները։ ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները՝ քվեարկելով իրենց գտնվելու երկրից։ Արտերկրից քվեարկելու իրավունք ունեն նաև իշխանությունների սիրելի ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների քաղաքացիները»։

Պատգամավորների առաջարկած և կառավարության հավանությանն արժանացած օրինագծի սահմանադրականության մասին պաշտոնական դիրքորոշում իրավունք ունի հայտնելու ՍԴ-ն՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է աահմանադրագետ Արտաշես Խալաթյանը։ Մասնագետի կարծիքով՝ նման հարցի շուրջ յուրաքանչյուր պնդում սուբյեկտիվ է․

«Հետևաբար, այստեղ մենք չենք կարող իրավական որևէ հետևանք առաջացնող պնդում անել, քանի որ որևէ հարց Սահմանադրական դատարանի քննությանը չի հանձնվել»։

«Ես անձամբ իշխող ուժին խորհուրդ կտայի այս օրինագծի փոխարեն սկսել երկքաղաքացիության  ինստիտուտի չեղարկումից։ ՀՀ քաղաքացին պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն։ Եվ շատ հարցեր դրանով կլուծվեն, որովհետև այն վտանգը, որը կանխարգելելուն է ուղղված այս փոփոխությունը շատ հաճախ նաև գալիս է երկքաղաքացիներից»։

Աշխատանքային վիզայով՝ արտերկրում ժամանակավորապես բնակվող Ադրինե Անդրեասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ հասկանում է այն մոտեցումը, որ Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիների ձայնը պետք է վճռորոշ նշանակություն ունենա։ Բայց կարծում է, որ օրենսդրական կարգավարումը կարող է սահմանափակել ընտրելու իր իրավունքը․

«Ինձ համար առնվազն անհասկանալի է` արդյո՞ք Հայաստանում անցկացրած օրերի քանակը կարող է լինել այն միակ և ճշգրիտ չափանիշը, որով որոշվում է` քաղաքացին իրավունք ունի մասնակցելու իր երկրի քաղաքական կյանքին, թե՞ ոչ։ Եթե պետությունն ասում է, որ վերջին 1 կամ 2 տարիներին բավարար օրեր չեմ գտնվել, օրինակ, Հայաստանում, հետևաբար այլևս չեմ կարող մասնակցել ընտրություններին, ապա ստացվում է, որ իմ քաղաքացիությունը այլևս բավարար հիմք չէ որոշ ժամանակով ընտրական իրավունք ունենալու համար»։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ընտրական իրավունքը պետք է պայմանավորված լինի քաղաքացու և Հայաստանի Հանրապետության միջև իրական ու կայուն կապի առկայությամբ, որը լավագույնս արտահայտվում է երկրում փաստացի բնակությամբ։

Ըստ հիմնավորման՝ ընտրություններին պետք է մասնակցեն այն քաղաքացիները, որ կրում են Հայաստանում ընդունվող քաղաքական որոշումների անմիջական ազդեցությունը և ներգրավված են երկրի հասարակական, տնտեսական ու սոցիալական կյանքի մեջ։

Կառավարությունն ընդհանուր առմամբ նախագիծն ընդունելի է համարում, բայց առաջարկում է լրամշակել ավելի հավասարակշռված դարձնելու նպատակով։

Գործադիրը մասնավորապես բավարար չի համարում 183 օրվա պահանջը և  առաջարկում է մեծացնել այդ ժամկետը։ Կառավարության դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթում կարդում ենք:

«Նախագծով ընտրված ժամկետային միջակայքը կարող է դիտարկվել ոչ բավարար՝ քաղաքացու՝ պետության հետ ունեցած իրական և կայուն կապի առկայությունը վկայելու համատեքստում։ Առաջարկվում է դիտարկել ժամկետային միջակայքի ընդլայնումը՝ որպես ուղենիշ ունենալով պասիվ ընտրական իրավունքի իրացման համար նախատեսված 4 տարվա կտրվածքի կեսը, այն է՝ 2 տարին։ Իսկ այդ միջակայքում փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը կարելի է դիտարկել առնվազն 366 օրը»։

Ի դեպ, առաջարկը վերաբերում է ոչ միայն ընտրություններին, այլև հանրաքվեներին։ Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը կքննարկի նոր խորհրդարանը։

Կարդացեք նաև

Back to top button