
Երբեմն պատմությունը կերտվում է ոչ թե զենքով, այլ դիրիժորական փայտիկով։ Լորիս Ճգնավորյանի կյանքը նման է մի մեծ սիմֆոնիայի, որտեղ հյուսված են ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ցավը, Վիեննայի ու Լոնդոնի շլացուցիչ բեմերը և հայաստանյան փոշոտ ճանապարհների հանդեպ անսահման սերը։
Գենետիկ հիշողություն. փախուստ Գողգոթայից
Ճգնավորյանի արմատներն սկսվում են Էրզրումից ու Արտաշատից։ Նրա մայրը՝ էրզրումցի մի աղջիկ, փրկվել էր հրաշքով՝ սայլի մեջ խոտերի տակ թաքնված։ Հայրը՝ արտաշատցի որբ, ով 1918-ի արհավիրքներից հետո հայտնվել էր Պարսկաստանում։ Մաեստրոն հիշում է. «Մայրս փրկվեց վերջին վայրկյանին… այդ գիշեր նրան դրեցին սայլակի մեջ, խոտեր լցրեցին վրան ու հասցրին Պարսկաստան»։ Այս ցավն էր, որ հետագայում պիտի դառնար նրա ստեղծագործությունների հիմքը։
16-ամյա «գիժը» և հրաշքը Զալցբուրգում
Ճգնավորյանի տաղանդը բխում էր ոչ թե դասագրքերից, այլ ներքին բնազդից։ 16 տարեկանում նա արդեն նվագախումբ էր հավաքում՝ դիրիժորություն սովորելով ամերիկյան ֆիլմերից՝ պարզապես «քոփի անելով» մեծերին։ Նրա կյանքի մեծագույն շրջադարձը հանդիպումն էր Քարլ Օրֆին։ Առանց գումարի, առանց կապերի, բայց մեծ երազանքով երիտասարդը հայտնվում է Զալցբուրգում։ Օրֆը, լսելով նրա գրած «Ռոստամ և Զոհրաբ» օպերայի առաջին նոտաներն, անում է անհավանականը. «Ես քեզ համար ամբողջ տարվա կյանքդ ապահովեցի, մնա Զալցբուրգում, օպերադ գրիր»։ Այդպես սկսվեց մի ուղի, որը նրան պիտի հասցներ համաշխարհային փառքի։
Երկրաշարժը, որ փոխեց ամեն ինչ
1988-ին Ճգնավորյանն ապրում էր Լոնդոնում ու Նյու Յորքում, ուներ տներ, փառք և ապահով կյանք։ Բայց Սպիտակի երկրաշարժը նրա հոգում էլ երկրաշարժ առաջացրեց։ Նա թողեց ամեն ինչ ու եկավ Հայաստան։ «Միանգամից որոշեցի՝ պետք է գամ Հայաստան»,- ասում է նա։ Քարնեգի հոլում կազմակերպված հանճարեղ համերգը, որտեղ Ռոստրոպովիչն ու Դոմինգոն նվագում էին հայ որբերի համար, հավաքեց 500,000 դոլար՝ դառնալով վիրավոր երկրի առաջին օգնության ձեռքերից մեկը։
Ֆիլհարմոնիկի վերածնունդը. «Կարևոր չէ՝ մարդ կլինի, թե ոչ»
Երբ նա ստանձնեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարումը, վիճակը ողբալի էր. տարեկան ընդամենը 6 համերգ և դատարկ դահլիճներ։ Ճգնավորյանը դրեց կոշտ պայման՝ ամեն շաբաթ նոր համերգ։ «Ասում էին՝ ժողովուրդ չի գա, գործիք չունենք։ Ասացի՝ կարևոր չէ, նվագախումբը պետք է նվագի, որ զարգանա»։ Նա սեփական միջոցներով ու բարեգործների օգնությամբ (Էդվարդ Մանուկյան, Լուիզ Սիմոն) գործիքներ ու լարեր բերեց։ Ու հրաշքը տեղի ունեցավ. 11 տարի շարունակ Ֆիլհարմոնիկի դահլիճը միշտ լեփ-լեցուն էր։ Օպերայի ցանկապատին փակցված ամենշաբաթյա ծրագրերը, որոնց վրա սկզբում հռհռում էին, դարձան քաղաքի մշակութային զարկերակը։
Ոտքով դեպի Գյումրի. արժանապատվության քայլերթը
Ճգնավորյանի ամենահուզիչ նախաձեռնություններից էր Գյումրիի քայլարշավը։ Տեսնելով, թե ինչպես են օտարները գալիս օգնելու Գյումրիին՝ նա վիրավորվեց որպես հայ. «Ինչո՞ւ պետք է մեզ օգնեն, երբ մենք ինքներս կարող ենք մեզ օգնել»։ Նա ոտքով քայլեց մինչև Գյումրի, դռնեդուռ ընկավ, փող հավաքեց և Գյումրիում հիմնեց Արվեստների ակադեմիան։ Այդ քայլերթը միայն դրամահավաք չէր, դա հավատի վերականգնում էր սեփական ուժերի հանդեպ։
Փողոցների անվանափոխությունն ու Անկախության «Այո»-ն
Լորիս Ճգնավորյանը ոչ միայն երաժշտության, այլև քաղաքային մտածողության հեղափոխական էր։ Նա էր այն մարդը, ով բեմից համարձակորեն ասաց. «Այս կողմս Թումանյանն է, այն կողմս՝ Սայաթ-Նովան, դիմացս՝ Սարյանը… մեջտեղում Լենինն ի՞նչ է անում»։ Այդպես Լենինի պողոտան դարձավ Մաշտոցի։ Իսկ Անկախության հանրաքվեի ժամանակ, երբ հարցախույզները ցույց էին տալիս ընդամենը 34% «այո», Մաեստրոն կազմակերպեց լուսաբացին հասնող համերգներ ու տոնախմբություններ։ Նա ժողովրդին կոչ էր անում. «Մայրե՛ր, թույլ չտաք ձեր որդիները տուն գան, մինչև «այո» չասեն»։ Նա քաղաքական ընտրությունը վերածեց համազգային քեֆի, որն ավարտվեց հաղթական անկախությամբ։
Անկախության վայելքը
Թեև 25 տարի նրան հեռացրին Հայաստանից՝ ստիպելով ապրել օտարության մեջ, Լորիս Ճգնավորյանը վերադարձավ։ Այսօր նա աշխատում է նոր՝ կոմիկ օպերայի վրա և վայելում է այն հողը, որի համար նվիրել է իր կյանքի լավագույն տարիները։ «Ես վայելում եմ այն անկախ Հայաստանը, որի համար ինքս մասնակցել եմ, ժողովրդին ոգևորել եմ: Ես իմ հողի վրա եմ»,- ասում է Մաեստրոն։




