
Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման համակարգի ներդրման շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե քաղաքացիների համար լրացուցիչ բեռ ստեղծելն է, այլ բջջային հեռախոսների ստվերային շուկայի վերացումը և անվտանգության նոր չափանիշների ներդրումը։
Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման համակարգի ներդրմամբ կառավարությունը նպատակ ունի էապես կրճատելու ոլորտում առկա ստվերը և ապահովելու շուկայի ավելի թափանցիկ գործունեություն։ Նախագծի քննարկման ժամանակ պաշտոնյաները նշել են, որ բջջային հեռախոսների շուկան այսօր համարվում է տնտեսության ամենաստվերային ոլորտներից մեկը։
Հայաստանում նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ։ Նախագիծը ներկայացնող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ներկայում IMEI կոդերի գրանցման և վերահսկողության բացակայությունը մի շարք խնդիրներ և ռիսկեր է առաջացնում։
«Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման և վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում՝ չմաքսազերծված և կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում և, ոչ պակաս կարևոր, անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կիբեր և ֆիզիկական անվտանգության ռիսկեր»։

Նախագծով առաջարկվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական շտեմարան, ինչպես նաև քաղաքացիների համար ապահովել հեռախոսների առցանց գրանցման հնարավորություն։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ եթե ֆիզիկական անձը արտերկրից Հայաստան ներմուծում է մեկ բջջային հեռախոս, որը արտադրվել է ընթացիկ կամ նախորդ օրացուցային տարում, IMEI կոդի գրանցման համար կվճարի 3000 դրամ պետական տուրք։ Ավելի հին սարքերի դեպքում գրանցումը կմնա պարտադիր, սակայն տուրք չի գանձվի։ Նախագծով սահմանվում են նաև հավելյալ վճարներ այն քաղաքացիների համար, որոնք մեկ տարվա ընթացքում ներմուծում են երկրորդ, երրորդ կամ ավելի հեռախոսներ։
«Օրինակ՝ 2026 թվականին արտադրված հեռախոսի դեպքում նախատեսվում է 100 հազար դրամ, իսկ 2025 թվականին արտադրված հեռախոսի դեպքում՝ 20 հազար դրամ պետական տուրք։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար յուրաքանչյուր մինչև երկու տարվա հնության հեռախոսի IMEI կոդի գրանցման համար նախատեսվում է 3000 դրամ վճար, ինչպես նաև տարեկան 250 հազար դրամ տուրք»։
Նախագծի կարևոր դրույթներից մեկն այն է, որ բջջային կապի օպերատորները պարտավոր կլինեն ստուգելու IMEI կոդի գրանցված լինելը։ Չգրանցված սարքերի դեպքում կապի ծառայության մատուցումը կմերժվի կամ կդադարեցվի։
«IMEI կոդերի միասնական շտեմարանը կկառավարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն սպասարկելու է ադմինիստրատորը, որը ձևավորվելու է բջջային կապի օպերատորների կողմից։ Կառավարությունը սպասարկման համար վճարելու է, իսկ IMEI կոդերի գրանցման համար գանձվող գումարները պետական տուրքեր են և շտեմարանի սպասարկման հետ որևէ առնչություն չունեն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրանով ոչ թե քաղաքացիների համար լրացուցիչ բեռ են ստեղծում, այլ բջջային հեռախոսների ստվերային շուկան են վերացնում, որը, ըստ նրա, տարիներ շարունակ դուրս է մնացել արդյունավետ վերահսկողությունից։
«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկաներից մեկն է։ Մենք ինչ անում ենք՝ վերև ենք թռչում, ներքև ենք իջնում, ջղայնանում ենք, բայց այդ շուկան պարզապես շարունակում է իր գործունեությունը։ Քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ ավարտվում է բջջային հեռախոսների «սև շուկայի» դարաշրջանը»։

Վարչապետը շեշտեց, որ նախաձեռնության հիմնական թիրախը բիզնեսն ու շուկան են, իսկ ֆիզիկական անձանց համար նախատեսվում են առանձին, ավելի ճկուն կարգավորումներ։
«Անհատների դեպքում որևէ լարվածության կարիք չկա։ Կսահմանենք՝ տարին մեկ հեռախոս կլինի, թե երկու տարին մեկ հեռախոս։ Մարդիկ անհատական օգտագործման համար կկարողանան ներմուծել սարքեր, և այդ հարցերը կկարգավորվեն»։
Փաշինյանը վստահեցրեց, որ մինչև օրենքի ընդունումը կկազմակերպվեն լայն քննարկումներ՝ ներգրավելով պատգամավորների, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի։
«Ոլորտի գործընկերները կհրավիրվեն քննարկումների, լսումներ կլինեն։ Մենք ուզում ենք, որ որևէ մեկը իրեն մեկուսացած չզգա այս որոշումների կայացման գործընթացից»։
Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ կառավարության համար անընդունելի է որոշման ընդունման անհարկի ձգձգումը և նպատակ է դրվել համակարգը գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։
«Խնդիրը դրել եմ հետևյալ կերպ՝ 2027 թվականի հունվարի 1-ից որոշումը պետք է ուժի մեջ մտնի և աշխատի։ Կարող ենք շաբաթ-կիրակի էլ քննարկել, բայց այս պատմությունը պետք է ավարտվի»։
Կառավարության ղեկավարը նաև ընդգծեց, որ նախաձեռնությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև կիբերանվտանգության և թվայնացման բաղադրիչներ։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին սմարթֆոնները դառնալու են քաղաքացիների հիմնական թվային գործիքը՝ ներառելով անձնագրի, վարորդական իրավունքի, բանկային քարտերի և այլ ծառայությունների գործառույթներ։ Վարչապետի գնահատմամբ՝ IMEI կոդերի միասնական գրանցման համակարգը հնարավորություն կտա ոչ միայն պայքարելու ստվերային առևտրի դեմ, այլև բարձրացնելու քաղաքացիների անձնական տվյալների և թվային ծառայությունների անվտանգությունը։
«Սա միայն ֆիսկալ կամ շուկայական խնդիր չէ։ Մենք նաև պետության պարտավորությունն ենք արձանագրում մարդկանց անհատական տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ծառայություններ մատուցելու հարցում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում, այն է՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ նախաձեռնությունը պետական բյուջեի եկամուտների վրա և արդյո՞ք արդեն իսկ կատարվել են ֆինանսական հաշվարկներ։
«Դուք նշեցիք, որ 27 թվականի հունվարի 1-ից է ակնկալվում, մանավանդ, որ հիմա մենք գտնվում ենք էդ պրոցեսում։ Պետական բյուջեի քննարկումների՝ 27 թվականի, սա շատ կարևոր կլինի ճիշտ պլանավորելու համար նաև ծախսերը, կարծում եմ` մեր ապագան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկամուտների վերաբերյալ հստակ գնահատականներ դեռ չկան, սակայն շեշտեց, որ կառավարության առաջնային նպատակը շուկայի կարգավորումն է։ Պաշտոնյաների գնահատմամբ՝ բջջային հեռախոսների շուկայում ստվերի մակարդակը կարող է հասնել 30-40 տոկոսի, ինչը զգալիորեն բարձր է տնտեսության միջին ցուցանիշներից։
Քննարկմանը անդրադարձ եղավ նաև այդ համակարգի հնարավոր ազդեցությանը տարանցիկ բեռների և վերաարտահանման վրա։ Պաշտոնյաները վստահեցրին, որ նոր համակարգը որևէ առնչություն չի ունենալու Հայաստանի տարածքով անցնող կամ արտահանվող հեռախոսների հետ։




