Հասարակություն

Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»

Ազգային ժողովի կողմից այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով աշխատող ծնողների համար սահմանվում է ծնողական ժամ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Օրենքի նախագծի համաձայն՝ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողները իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։ 

Երաշխիքը կտրամադրվի՝

. մինչև 2 երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե,

. 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ,

. մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից)։

Ծնողական ժամի տրամադրումն աշխատող ծնողներին հնարավորություն կտա առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն։

Երաշխիքը կտրամադրվի աշխատողի գրավոր դիմումի հիման վրա․այն կներառվի աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում կպահպանվի աշխատողի հիմնական աշխատավարձը։

Կարդացեք նաև

Back to top button