Պատասխանատվություն և բեռի արդար բաժանում
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մեկօրյա ժողով են գումարել Բրյուսելում: Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դիմավորելով գործընկերներին, նշել է, որ դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ հարկ է վերլուծել մի շարք կարևոր հարցեր: Այս քննարկումներն ընթանում են ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի էական տարաձայնությունների ֆոնին:
Դեռ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում Վաշինգտոնը դաշինքի եվրոպացի գործընկերներից պահանջել է ավելացնել պաշտպանական ծախսերը, նկատել տալով, որ Ամերիկան բնավ չի պարտավորվել իր վրա վերցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման առյուծի բաժինը և դառնալ Հին մայրցամաքի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը:
Վաշինգտոնն առաջարկում է վերադառնալ դաշինքի հիմնադրման օրերին ընդունված փիլիսոփայությանը, ըստ որի բոլոր անդամները պետք է միասնական պատասխանատվություն կրեն և բեռը բաժանեն արդարության սկզբունքով:
«Սա մեր վերջին խոշոր հավաքն է հուլիսին Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ: Եվ այդ գագաթնաժողովն իրականացման մասին է: Մենք հիմա տեսնում ենք, որ ՆԱՏՕ 3.0 հայեցակարգն իսկապես իրականություն է դառնում: Ավելի հզոր Եվրոպա ավելի հզոր ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:
«Թղթե վագր և միակողմանի փողոց»
Պենտագոնի ղեկավար Փիթեր Հեգսեթն այսօր ասել է, որ Ամերիկայի եվրոպացի դաշնակիցները պետք է իրենց վրա ստանձնեն մայրցամաքի պաշտպանությունը, քանի որ միայն այդպես ՆԱՏՕ-ն կդառնա հիրավի ուժեղ ռազմական դաշինք:
ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել հիմնովին վերագործարկել 32 պետություններից կազմված կառույցը, դարձնել այն, ինչպես ծրագրավորողները կասեին՝ ՆԱՏՕ 3.0, փաստորեն ստեղծել «դաշինքի նոր վերսիա»: Հեգսեթը բացատրել է, թե ինչու է դա անհրաժեշտ:
«Չափազանց երկար ժամանակ ՆԱՏՕ-ն եղել է ոչ ավելին, քան թղթե վագր և միակողմանի փողոց։ Անհրաժեշտ է ՆԱՏՕ 3 կետ 0, որի հիմքում սառը պատերազմում հաղթած ՆԱՏՕ 1 կետ 0 մոդելն էր, երբ մեր եվրոպացի դաշնակիցները պաշտպանել են իրենց սովորական զենքով»,- ասել է Հեգսեթը:
Ամերիկացիները մտադիր չեն Եվրոպայից դուրս հանել միջուկային զենքը, որի առկայությունը Հին մայրցամաքի անվտանգության հիմնական երաշխիքներից է, սակայն Վաշինգտոնը տեղեկացրել է եվրոպացիներին, որ կես տարում կվերանայի Եվրոպայում ամերիկացի զինծառայողների տեղակայման սկզբունքները:
Եվրոպայի կախվածություն ԱՄՆ-ից չի ենթադրվել
Պատասխանը կախված կլինի այն բանից, թե որքան արագ եվրոպացիները կկարողանան ստանձնել պատասխանատվությունը սեփական անվտանգության համար:
Պենտագոնի ղեկավարի խոսքով, երբ ՆԱՏՕ-ն ծնվել է՝ Դուայթ Այզենհաուերի նախագահության օրոք, չի ենթադրվել, որ Եվրոպան պաշտպանության բոլոր բնագավառներում կախված կլինի Ամերիկայից:
Ճնշումների հարցում դեր ունի նաև Իրանի հետ պատերազմը
Վերլուծաբանների համոզմամբ, Վաշինգտոնում դժգոհ են Իրանի հետ պատերազմում Եվրոպայից գործնական ու շոշափելի օգնություն չստանալու հանգամանքից, և ճնշումը եվրոպացիների վրա առնվազն մասամբ նաև դրանով է բացատրվում:
Այնուամենայնիվ ակնհայտ է, որ ամերիկացիները եվրոպացի դաշնակիցների համեմատությամբ շատ ավելի մեծ գումարներ են տրամադրում բանակին, մինչդեռ, Եվրոպայի լիդերներն ինչ-որ իմաստով «սովորել են», որ անկախ ամեն ինչից Ամերիկան պարտավոր է անվերապահորեն սատարել Հին մայրցամաքի դաշնակիցներին:
Անվճար անվտանգություն չի լինում
Վաշինգտոնը նկատել է տալիս, որ անվտանգության համար վճարել է պետք:
«Ամերիկան հիմա ճնշում է բանեցնում ծախսերը չբարձրացնող եվրոպական երկրների վրա, և դա լավ է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարդ Ռյուտեն:




