ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընտրակաշառքի գործը հասավ ԿԸՀ. Դավիթ Ղազինյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ընտրակաշառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքները հասել են իրավական նոր հանգրվանի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը և բավարարել այն։

Ի դեպ, դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ևս մի քանի պատգամավորի թեկնածուների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

Ծանոթ պրոցեսները 180 աստիճանով շրջվել են՝ խոսելով նախընտրական շրջանում բաժանված ընտրակաշառքի և բազմաթիվ դեպքերով հարցուցված քրեական գործերի մասին՝  ընտրություններին հաջորդած կառավարության նիստին ասել էր վարչապետը։ Խոսքը, ըստ  Նիկոլ Փաշինյանի, այն իրավիճակի մասին է, երբ կառավարող կուսակցությունն ու կառավարությունը ընտրությունների արդար և ազատ անցկացման ջատագով են, իսկ ընդդիմությունը որպես գործիք է օգտագործում ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավորությունը։

«Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, առնվազն մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական  արդյունքների ամփոփման օրը պետք ա լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, և պետք չէ հետո խղճահարության տեսարաններ սարքել. այդ  «Սանտա  Բարբարա» սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետք է վերջ տրվի։ Հստակ դնում եմ հարցը, որ էդ խնդիրները պետք է լուծվեն»։  

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մի քանի թեկնածուների, այդ թվում Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտնել դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին։

Ըստ կառույցի հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախընտրական գրասենյակի պատասխանատուները և թեկնածու Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։ Շրջանառվող ձայնագրության մեջ 1 մլն 400 հզր դրամի մասին է խոսվում։   

Դավիթ Ղազինյանը հերքում  է իրեն վերագրվող մեղադրանքը, հայտարարում է, որ ընտրակաշառք չի բաժանել, իսկ տեղի ունեցողը քաղաքական ենթատեքստ ունի։ Այդ մասին Ղազինյանը խոսել է ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Չգերագնահատելով  իմ անձը,  բայց ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի։ Տարբեր անոնսերը տվել են արդեն, այնպես որ զարմանալի չէ, գաղտնիք չէ»։   

Ղազինյանի խոսքով՝ ներկայացված  մեղադրանքները հիմնված չեն բավարար փաստերի վրա և չեն կարող  քրեական հետապնդման հիմք դառնալ․

«Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել։ Ինչ վերաբերում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է. միշտ ես հումորով ասում եմ՝ լավ է չեն ասում ասել է՝ այս միլիոն 4-ը ուրիշ բանի վրա չծախսեք հանկարծ, սա միայն ընտրակաշառքի գումար է։ Այսինքն՝ չկա՞ էստեղ իրավական ոչ մի բան։  Չկա այդպիսի գումար։ Ես չգիտեմ, ո՞վ  ում է տվել, ի՞նչ է արել, չկա՞ այդպիսի գումար։ Նախ՝ եթե անգամ տեսականորեն դա   տրված լիներ, ի՞նչ է նշանակում՝  ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար  ինչ-որ մեկին, ասել եմ՝  սա  ընտրակաշառքի գումա՞ր է։ Աբսուրդ է։ Պրոցես է։ Բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է»։

Դատախազությունը, սակայն,  պնդում է, որ առկա փաստական տվյալները բավարար հիմք են քրեական հետապնդում սկսելու համար, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է հաղթահարել պատգամավորական անձեռնմխելիությունը։

Փակ նիստի ավարտից հետո հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն բավարարել է Հակակոռուպցիոնի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Ղազինյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ի դեպ, դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» և Ուժեղ Հայաստան» դաշինքների պատգամավորի որոշ թեկնածուների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Բացառությամբ  վերջինիս՝ դատախազությունը  մյուսների նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրելու, այլև նրանց ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել:

Կարդացեք նաև

Back to top button