
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է, որ բաշխման ցանցին միացումը կարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա, դիմողի միջոցներով։ Դիմողն այս դեպքում կա՛մ էլեկտրաէներգիայի խոշոր սպառողն է, կա՛մ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատողը։ Այսպես, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։ Նաև հստակեցվել է տեխնիկական պայմանների տրամադրման կարգը։
6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացումն այսուհետև կարվի դիմողի սեփական միջոցներով։ Բաշխման ցանցի ենթակառուցվածը կհանձնվի ՀԷՑ-ին։ ՀԾԿՀ այս որոշումը հնարավորություն կտա կառուցապատող ընկերություններին ճիշտ հաշվարկելու ու նոր բնակարանների սեփականատերերին հնարավորություն տալու իրենց իսկ միջոցներով էլեկտրաէներգիան ավելի արագ հասցնելու բնակարաններ։
Գործող կարգավորումներով՝ այդ գործառույթը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էր կատարում համապատասխան պայմանագրերի հիման վրա։ ՀԾԿՀ այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՀԷՑ-ը տեխնիկական պայմաններ կտրամադրի, որոնցով դիմողը կարող է միանալ ցանցին։ Դիմումները շատ են, ժամկետները հաճախ են խախտվում։ Բազմաբնակարան շենքերի դեպքում ժամկետը 365 աշխատանքային օր է, բայց միշտ չէ, որ այն պահպանվում է, ՀԾԿՀ-ի անդամ Սերգեյ Աղինյանը․
«Նույնիսկ այդ ժամկետներում շատ դեպքերում միացումները չեն արվում, քանի որ առաջանում են շինթույլտվությունների, հողհատկացումների հետ կապված խնդիրներ։
ՀԿԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանում է․ «Հնարավորություն է տրվում ոչ թե նախկին կարգով, որ ՀԷՑ-ի միջոցով դառնան բաժանորդ, այլ իրենք պատվիրակեն, մրցույթ հայտարարեն, որպեսզի կարողանան այդ ընկերությունների միջոցով դառնալ ՀԷՑ բաժանորդ»։
Կառուցապատողն ինքը կսահմանի իր ժամկետները։ Ավելին՝ ՀԷՑ-ին գումար չի վճարի։ Այս պահին մեկ բաժանորդի համար ծախսը կազմում է մոտ 660 հզր դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կվերահսկի գործընթացը։ Բնակիչները կմնան ՀԷՑ բաժանորդ ու խնդիրների դեպքում կդիմեն ՀԷՑ-ին։
«Գործող կարգավորումներով՝ այդ աշխատանքները ամբողջությամբ կատարում էր ՀԷՑ-ը, որի դիմաց գանձվում էին միացման վճարներ, և միացման ժամկետները սահմանված էին հանձնաժողովի կարգավորումներով։ Խնդիրներ էինք ունենում միացման վճարների հետ կապված, քանի որ դա միջինացված մեծություն էր, և որոշ դեպքերում, երբ, կառուցապատողների գնահատմամբ, ծախսերը ավելի քիչ էին, բողոք էր առաջանում»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում արձանագրում են՝ լայնածավալ աշխատանք են արել, որոշման նախագիծն էլ բոլոր կողմերի շահերից է բխում։




