
Հունիսի 17-ից Հայաստանում զորավարժություններ են տեղի ունենալու, որոնց մասնակցելու են հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինվորականներ։ Ռազմական փորձագետներն ասում են, որ այդ զորախաղերն առավելապես խաղաղապահ բնույթի են և չեն նախատեսում հարձակողական կամ պաշտպանողական մարտավարության փորձարկում։ Նշված երկրներն այս զորավարժություններով հղկում են գործակցությունը խաղաղապահ առաքելություն կատարելիս։
Հայաստանում հունիսի 17-ից 25-ը միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։ ՀՀ ԶՈՒ արդիականացման ամենաարդյունավետ միջոցը զորավարժություններն են՝ կարծում են ռազմական փորձագետները։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Լևոն Հովհաննիսյանը դա բացատրում է նրանով, որ զորավարժությունները, ինչպես ասում են, հողի վրա գործնական աշխատանք են ենթադրում․
«Այս միջոցառմանը անցկացվում են համատեղ ինչ-որ գործողություններ՝ ֆիզիկապես, հողի վրա, որը ունի բավական երկար և շատ հագեցած նախապատրաստական փուլ։ Միասին պատրաստվելու բավական մեծ ծրագիր է՝ նախագծում, իրականացում և, ի վերջո, բավական շատ փորձի փոխանակում, ինչը թույլ է տալիս նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մարտավարություն կիրառել, սովորել։ Այնպես որ, բավական արդյունավետ երևույթ է»։
Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 250, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի 58, Ֆրանսիայից 24 , Հունաստանից 11 զինվորականներ։ Նախատեսված են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և կատարման վարժանքներ:
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը նպատակ ունի բարձրացնելու միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման գործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, փոխանակելու կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձը, ինչպես նաև ամրապնդելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացվում են 2023-ից, և ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է։ ԱՄՆ–ի հետ զորավարժությունները բարձրացնում են Հայաստանի քաղաքական վարկանիշը, քանի որ շատ չեն այն երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգները զորավարժություններ է անցկացնում։ Փորձագետները կարծում են, որ դրանցով ավելանում է ՀՀ դիմադրողականությունը։
Հայ-ամերիկյան զորավարժությունները տեղի են ունենում ՀԱՊԿ-ի հետ ոչ այնքան հարթ հարաբերությունների պայմաններում, սակայն ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը գերադասում է չհամեմատել այդ զորավարժությունները ՀԱՊԿ գործընկերության հետ։
«Մեր խաղաղապահ բրիգադը գոյություն ունի շատ ավելի վաղուց, այնպես որ, սա ՀԱՊԿ-ի կոնտեքստում նայելը մի քիչ տաքը փափուկի հետ համեմատելու պես բան է։ Այո՛, որովհետև ՀԱՊԿ-ը ամբողջ զինված ուժերի մակարդակում ինչ–որ ռազմական դաշինքի կամ խմբի կազմում լինելու մասին է, իսկ սա կոնկրե՛տ խաղաղապահ բնույթի գործակցություն է։ Բայց ինչու չէ, կարող է ապագայում սրա զարգացումը այնպիսի մասշտաբներ ունենալ, որ դառնա ընդհուպ մեր զինված ուժերի զարգացման, զորքերի զարգացման հիմնական ուղղություններից մեկը»։
Խաղաղապահ առաքելությունների կատարման համատեքստում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նման վարժանքների՝ գործընկեր երկրներում: Հայաստանի խաղաղապահ առաքելությունը սկսվել է 2004 թվականից Կոսովոյում։ Դրանից մեկ տարի հետո հայ խաղաղապահները նաև Իրաքում են առաքելություն կատարել՝ հիմնականում մասնակցելով ականազերծումներին, բեռնափոխադրումներին և բժշկական ապահովմանը: Այնուհետև հայ խաղաղապահները ծառայել են Աֆղանստանում, իսկ ավելի ուշ՝ նաև Լիբանանում։




