
ՀՀ-ի տարբեր վայրերում՝ մթնոլորտի տարբեր բարձրության շերտերի վրա, ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների կոնցենտրացիաների որոշում, չափում ու համեմատում. գիտական հետազոտությունը կատարում են ԵՊՀ նյութագիտության ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատողները։
Վերջնարդյունքում կփորձեն հասկանալ, թե այդ ամենը ինչպե՞ս է ազդելու գլոբալ տաքացման վրա՝ պատմում է ԵՊՀ նյութագիտության ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող, դասախոս Արտակ Սայունցը։ Դետեկտորները, որոնք ստեղծել են գիտական այս լաբորատորիայում, ունեն առանձնահատկություններ։

«Սովորաբար գազային սենսորները պատրաստվում են տարբեր նյութերի հիման վրա։ Աշխատում են նաև քիմիական ու ֆիզիկական տարբեր երևույթների հիման վրա։ Մեր սենսորների առանձնահատկությունն այն է, որ նրանք հիմնականում հիմնված են կիսահաղորդչային նանոկառուցվածքների ու մետաղօքսիդային կառուցվածքների վրա։ Սրանք ավելի փոքր են, մատչելի գին ունեն, կարող ենք միանգամից մի քանիսը պատրաստել»։
Հայաստանում նման սարքերով չափումներ չեն կատարվում, այլ ուղղվածությամբ աշխատանքներ են արվում, օրինակ՝ խոնավության, ջերմաստիճանի չափումներ կատարվում են, բայց ջերմոցային գազերի դեպքում այս առաջարկը եզակի է։



2024 թվականին ԿԳՄՍ բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն հեռնկարային ուղղություններով հետազոտությունների ծրագրի մրցույթ է հայտարարում։ Այն ավելի շատ կիրառական ուղղություն էր ենթադրում, որը ՀՀ համար կարևոր նշանակություն ունի։ Առաջարկի վերջնարդյունքը ևս պետք է Հայաստանի համար ունենար կիրառական ու կարևոր նշանակություն։

Եվ քանի որ գիտական խումբը զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա տարատեսակ սենսորների պատրաստմամբ, ապա հետաքրքիր գաղափար առաջացավ մթնոլորտի տարբեր շերտերում հետազոտել ջերմոցային գազերի առկայությունը՝ պատմում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, համանուն կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանը։
Այս ծրագրի փորձարարական ուղղվածությունն ակնհայտ է։ Այն իրականություն կդառանա նախորդ դրամաշնորհների միջոցներով կատարված աշխատանքների շնորհիվ նաև։
Միայն այդ հետազոտությամբ չեն սահմանափակվի, կշարունակեն ու նոր սենսորներ կստեղծեն՝ ասում է ԵՊՀ նյութագիտության ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող, դասախոս Արտակ Սայունցը։




