
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Որոնողական աշխատանքներն սկսվել էին նախօրեին` ժամը 14։45-ին։ Այդ օրը ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը։
Ավելի ուշ` ժամը 17․05-ին, 112 է զանգահարել եւս մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Այսօր առավոտից շարունակվող աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։




