ՄիջազգայինՌադիոլուր

Ֆրանսիայում սպասում են Թրամփին, քննարկում Իրանի և Ուկրաինայի հարցերը․ մեկնարկել է G7 գագաթնաժողովը

Հունիսի 15–ից 17–ը ֆրանսիական Էվիան լը Բեն քաղաքում ընթանում է Մեծ յոթնյակի հերթական տարեկան հանդիպումը։ Ֆրանսիան է այս տարի նախագահում կառույցում, որի մաս են կազմում նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Իրանը քննարկվելիք գլոբալ հարցերի շարքում առաջիններից է․ G7-ի առաջնորդները հանդիպում են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու մասին համաձայնության հասնելու վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց։ Գագաթնաժովին մասնակցում է նաև ԱՄՆ նախագահը, որն օրերս նշեց հոբելյանը․ Թրամփի ծննդյան 80–ամյակի առիթով հանդիպումը մի քանի օրով հետաձգվել էր։

Աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների ղեկավարների հանդիպումները միշտ անցնում են անվտանգային աննախադեպ միջոցառումների պայմաններում։ Այս տարին էլ բացառութուն չէ․ Ֆրանսիայի Էվիան լը Բեն քաղաքն ու շրջակա բնակավայրերը լի են իրավապահներով, քանի որ այստեղ բողոքի գործողություններ են անցկացնում կազմակերպություններ, որոնք աշխարհի առաջնորդների ուշադրությունն են ցանկանում հրավիրել գլոբալ միգրացիայի, կլիմայի փոփոխությունների, աճող սոցիալական անհավասարության վրա։ Վերջին անգամ, երբ գագաթնաժողովը դարձյալ Ֆրանսիան էր հյուրընկալում՝ 2003 թվականին, անկարգություններ տեղի ունեցան։ Այդ ժամանակ հանդիպման ձևաչափը G8 էր, քանի որ մասնակցում էր նաև Ռուսաստանը, որը դուրս թողնվեց կառույցից 2014–ին Ղրիմի շուրջ հայտնի իրադարձությունների պատճառով։ Ռուսաստանի հետ թե առանց նրա այս գագաթնաժողովում առանցքային թեմաներից է Ուկրաինայի ճակատագիրը։ Գերմանիայի կառավարությունում DW-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին ռազմի դաշտում իրավիճակը փոխվել է հօգուտ Ուկրաինայի, ուստի հնարավարություն կա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելու, և Եվրոպան բնականաբար ցանկություն ունի մասնակցելու այդ բանակցություններին։ Զելենսկին նույնպես Ֆրանսիա հրավիրվածների թվում է։

«Մեզ համար սա շատ կարևոր է, անհրաժեշտ է վերականգնել կոնսենսուսը Ուկրաինային սատարելու հարցում»,–  օրերս ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու գագաթնաժողովին: Թրամփը կհանդիպի Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների հետ և առանձին աշխատանքային հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Գագաթնաժողովը տեղի է ունենում Իրանի շուրջ վերջին զարգացումներին զուգահեռ։ Կարճ ժամանակ առաջ Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու հարցում նախնական համաձայնության են հասել։ Եվրոպացի առաջնորդներն արդեն ողջունել են այդ պայմանավորվածությունները և պատրաստվում են քննարկելու հետագա քայլերը։

Հանդիպումից առաջ կրկին առաջ էր քաշվել այս ձևաչափի արդիականության հարցը․ ինչպե՞ս քննարկել Ուկրաինայի խնդիրը առանց գլխավոր դերակատարներից մեկի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, կամ գլոբալ տնտեսությունն առանց Չինաստանի նախագահի՝ այս գերտերությունը նույնպես G7–ի անդամ չէ։

Ներկա պայմաններում Թրամփի մասնակցությունը գագաթնաժողովին վերլուծաբաններն արդեն իսկ համարում են ֆրանսիացի կազմակերպիչների հաջողությունը։ Ընդ որում՝ նրանք բանակցությունները հատուկ մեկ օրով տեղափոխել են, որպեսզի Թրամփը հունիսի 14–ին տանը կարողանա նշել իր ծննդյան 80–ամյա հոբելյանը։

Վաշինգտոնի նախասիրություններն օրակարգի տեսանկյունից նույնպես հաշվի են առնվել․ դրանք արհեստական բանականության զարգացման հետ կապված տնտեսական հնարավորությունների շուրջ են։ Հրավիրվածներ թվում է նաև ոլորտի առաջատարներից OpenAI–ի ղեկավար Սեմ Ալտմանը։

Ինչպես անցյալ տարվա Կանադայի գագաթնաժողովի դեպքում էր, Ֆրանսիայում նույնպես չի նախատեսվում ստորագրել եզրափակիչ հռչակագիր։ Դրա փոխարեն սպասվում է, որ կհաջողվի համաձայնության գալ առանձին կոնկրետ թեմաներով, եթե չլինեն տարաձայնություններ Դոնալդ Թրամփի հետ։ 2025–ին Սպիտակ տան ղեկավարը վաղաժամ լքել էր գագաթնաժողովը։ Financial Times–ը գրել էր, որ նրան նյարդայնացրել էր Մակրոնի այցը Գրենլանդիա։

Կարդացեք նաև

Back to top button