
Այս տարի ապրիլի 14-ին լրանում է կոմպոզիտոր, քանոնահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։
Խաչատուր Ավետիսյանի երգերն ու պարեղանակները մեծ ժողովրդականություն են վայելում։ Լենինականում (այժմ՝ Գյումրի) ծնված կոմպոզիտորը կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ուսանելով Գրիգոր Եղիազարյանի և Էդուարդ Միրզոյանի ղեկավարությամբ։
1950-ականներին նա մասնակցել է միջազգային փառատոների և արժանացել պատվավոր մրցանակների։
Աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում՝ որպես երաժշտական ղեկավար։
Ֆիլմերի համար գրված նրա երաժշտությունը հեռուստադիտողները սիրով հիշում և երգում են մինչ օրս։
Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվում են նրա արժեքավոր ձայնագրությունները։
Կոմպոզիտորի մասին հուշերով հանդես են գալիս ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթևոսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Մարտին Վարդազարյանը։




