
«Ովքե՞ր են մեր տեղեկատուները՝ «բամբասչիներ»-ը և ինչի՞ համար իրենք որոշեցին, ի՞նչ նպատակով իրենք որոշեցին հենց այդ թեման մեր հետ արծարծել»։
Օդում կախված՝ երևակայությունը խուտուտ տալու պոտենցիալ ունեցող պատմությունները (եթե դրանք ուրիշների մասին են, իհարկե), վայելում են ընդհանուրի սերը։ Մենք հաճույքով ենք միանում այն խոսակցություններին, որոնք ազնիվ լինելու դեպքում «բամբասանք» կկոչենք, ինքնաարդարացման հակում ունենալու դեպքում՝ «օբյեկտիվ քննարկում» կամ «իրավիճակի վերլուծություն»։
«Անդրադառնանք պրոպագանդայի գուռու, նախահայր Գեբելսին․ ինքը ի՞նչ էր ասում, ասում էր` որքան ավելի զավեշտալի է սուտը, այնքան ավելի մեծ հաճույքով են մարդիկ դրան հավատում։ Արդյունքում բամբասանքը դառնում է պրոպագանդայի լրջագույն գործիք»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ կկարողանայի՞նք գոյություն ունենալ առանց «ցածրորակ» որակվող զբաղմունքի՝ բամբասանաքի։
***
Մի ժամանակ այսքան մարդ չկար՝ բոլորը բոլորին ճանաչում էին, ու իրար մասին տեղեկություն ստանալու համար բավական էր կանգնել դեմ դիմաց ու ասել՝ պատմիր։ Բայց հիմա մենք ֆիզիկապես ի վիճակի չենք ժամանակ անցակցնել բոլորի հետ ու ստեղծել ենք մի լեզու, որով կկարողանանք «հեռակա» կարգով տեղեկանալ՝ վստահելի՞ է մարդը, թե՞ ոչ․ սա մարդաբան և էվոլյուցիոն հոգեբան Ռոբին Դանբարի մեկնաբանությունն է «ինչո՞ւ է ստեղծվել բամբասանքը» հարցի վերաբերյալ։ Այսպես մինչ էթիկան ու բարոյականությունը քննարկողներն ասում են՝ բամբասելն ամոթ է, մարդաբաններն ու սոցիոլոգները պնդում են՝ բամբասանքը սոցիալական սոսինձ է, կապեր հաստատելու ու պահպանելու հզոր գործիք, առանց որի գուցե գոյություն չունենայինք։
Եթե ընդունում ենք, որ «լինել տեղեկացված նշանակում է լինել զինված», եթե համարում ենք, որ մեզ մտերիմին իր հարևանի մի քիչ վտանգավոր լինելու մասին տեղեկացնելը ոչ թե չարախոսություն է, այլ նախազգուշացում, ապա ստացվում է, որ բամբասանքը հասարակության իմունային համակարգն է, որը մեկուսացնում է «վիրուսային» վարքագիծ ունեցողներին։ Ուրեմն այն բարի՞ է, ո՞ր դեպքերում և ինչի՞ համար է օգտակար բամբասելը։ Ինչպե՞ս բամբասել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

««Ինչպե՞ս բամբասել» հարցը շատ լավն է, ես պիտի ասեմ՝ հաճույքով, սուրճի բաժակի շուրջ, բազմոցին նստած, ոտքդ տակդ ծալած, քո զրուցակցի աչքերի մեջ նայելով, մի քիչ էլ ձայնը շշուկած՝ խորհրդավոր․․․իր մշակույթն էլ ունի բամբասանքը, ու շատ հետաքրքիր ու մարտահրավերային է Ձեր հարցը` ինչպե՞ս բամբասել, որովհետև մենք հիմա այս փոքրիկ ստուդիայում փորձելու ենք բամբասանքի էթիկա մշակել, հասկանու՞մ եք, ինչը շատ տարօրինակ է և զավեշտալի է հնչում․․․բամբասանքի էթիկա։ Մի բանը, որն արդեն էթիկապես թույլատրելի չէ»։
Եվ մենք դա արել ենք սոցիալական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի, մագիստրատուրայի ծրագրերի ղեկավար Նվարդ Մելքոնյանի հետ։ Էթիկական կոդեկսը ձեզ կներկայացնենք հաղորդման վերջում՝ մոտ 8 րոպեից, մինչ այդ հստակեցնենք՝ ինչի մասին մենք հաստա՛տ չենք խոսում․
«Ի՞նչ նպատակ ես հետապնդում բամբասելով․ դրանից կախված այն կարող է լինել դրական կամ բացասական։ Եթե դու ուզում ես ինչ-որ մեկի համար բարեխոսել և որոշումներ կայացնողը պետք է իմանա, որ «Օ, ինչ ֆանտաստիկ մասնագետ է, և դու ինչքան շնորհակալ ես», բնականաբար, դրա հետևանքները դրական կլինեն այդ անձի համար։ Եթե դու ուզում ես զգուշացնել, ասել՝ հեռու մնա, ինքը լավը չի, էսպես է անում, էնպես է անում, ապա դու երևի էլի միջին դրական գործառույթ ես իրականացնում` զգուշացնելով։ Իսկ եթե դու ուզում ես տապալել որոշակի հեռանկարներ այդ մարդու համար ու ասում ես` «բա դու չգիտե՞ս, վա՜յ․․․» ապա այդ պարագայում մենք դժվար թե խոսենք դրական հետևանքների մասին, և այս բամբասանքը բացասական գործառույթներ ունի»։
Մեր զրույցի շրջանակում մի կողմ ենք թողնում վերջին տարբերակը․ դիտավորությամբ, կեղծ ինֆորմացիա փոխանցելով մարդուն վնասելու փորձը որևէ դեպքում չի կարող ունենալ դրական ենթատեքստ, ուստի չի կարող քննարկվել այս էպիզոդի շրջանակում։ Բայց մենք գրեթե անդադար խոսում ենք այլ մարդկանց ու նրանց գործողությունների մասին և դա անում ենք արդեն շատ վաղուց, ուրեմն գուցե այս վարքն ինչ-որ դրական ազդեցություն ո՞ւնի․

«Ոչ միայն ունեցել է անցյալում, այլև շարունակում է ունենալ։ Մարդիկ վստահում են մարդկանց, մարդիկ սիրում են շփվել մարդկանց հետ և շատ դեպքերում բարդ թվացող, անհասկանալի թվացող, տագնապալի թվացող երևույթների փարատումը, բացատրությունը, մեկնաբանությունը մեզ համար ավելի հոգեհարազատ է, հասկանալի է, հանգստացնող է այն դեպքերում, երբ դրա մասին մեզ հետ խոսում են մեր մտերիմները։ Բամբասանքի ամբողջ գործառույթը հենց դրա մասին է։ Արի դո՛ւ ինձ պատմիր, մի հատ դո՛ւ ինձ հասկացրու, չէ՞ որ ես քեզ եմ վստահում։ Ես լսել եմ կառավարության որոշում, ոչինչ չեմ հասկացել։ Մյուսը ինձ պատմում է, բացատրում է, նույնիսկ էն ստորգետնյա ջրերն է պատմում, կամ ստորջրյա քարերն է բացահայտում, և այո, ես հասկանում եմ, ու ինձ համար դա դառնում է ինչ-որ չափով սովորական երևույթ, դրանում էլ կա դրական գործառույթ»։
Բամբասանքը աշխատանքային գործիք կամ աշխատանքը հեշտացնող գործիքակազմ է գրեթե բոլոր ոլորտներում։ Հասարակայնության հետ կապերի մասնագետ Նվարդ Մելքոնյանը լավ գիտի՝ բամբասանքն է լավագույն գովազդը, բամբասանքի միջոցով է որոշվում՝ ինչն ինչպես գովազդել։ Գիտի նաև՝ ինչո՞ւ է բամբասանքն այդքան գրավիչ դառնում․
«Տարիներ առաջ իմ ուսանողուհին մագիստրոսական թեզ էր գրում քաղաքական բամբասանքի` որպես քաղաքական տեխնոլոգիայի մասին, և հենց այդ ժամանակ էր, որ մենք եկանք շատ հետաքրքիր հետևությունների, որ բամբասանքը` որպես քաղաքական տեղեկատվության ալիք կամ տարածման գործիք, շատ ավելի ընկալելի է մարդկանց համար և ավելի վստահելի, քան այդ ժամանակվա աշխատող մեդիաները։ Խոսքս 2016-17 թ.–ների մասին է և ես չեմ կարծում, որ էս 10 տարվա մեջ մենք ունեցել ենք կտրուկ փոփոխություններ, մենք ուղղակի ունեցել ենք ԶԼՄ-ներ, որոնք ավելի շատ են սկսել նույն ժանրով աշխատել։ Մարդը չէր նայում հաղորդումը կամ հաղորդումը դիտելուց հետո չէր ընկալում այդ ինֆորմացիան ողջ ծավալով և ողջ ուժգնությամբ, մինչ իրեն դա չէր հաղորդում մտերիմներից մեկը՝ բամբասանքի միջոցով։ Մարդը մարդուն է վստահում, և մարդը ուզում է հասկանալ պատճառները»։

Եվ հենց այստեղ ի հայտ է գալիս երևակայությունը․ պատճառներ փնտրելու ճանապարհին զրուցակիցները, որ ճշմարտության բացակայության պայմաններում դրան փոխարինող տարբերակներ մտածելու անսահամանափակ հնարավորություն ունեն, փայլում են ավելի սուր, ավելի գրավիչ, ավելի անհավանական վարկածներ առաջ քաշելու իրենց հմտություններով։ Բամբասանքի տարածման մեխանիզմը պարզ է․ որքան անհավանական ու դրամատիկ, այնքան երկարակյաց ու գրավիչ․
«Հետաքրքիր է, որ այդ հարցը ինձ՝ սոցիոլոգիս տալիս է լրագրողը, ում մասնագիտական գործունեության մեջ ինտրիգային լրատվություն տրամադրելը մաս է կազմում, և նյութը դուք պետք է տաք որոշակի սրացումով, ցույց տաք այսբերգի գագաթը, որ մարդը ուզի մտնի, խորանա ու հասկանա` այսբերգի հիմքում ի՞նչ է տեղի ունենում։ Սա է նորություն տրամադրման ձևը։ Ինչքան ավելի սուր, փայլփլուն, ծակող, հետաքրքրություն շարժող կլինի գագաթը, այդքան մարդիկ կուզեն տեսնել տակը։ Նույն սիստեմով է աշխատում բամբասանքը։ Անսովորը միշտ ավելի հետաքրքիր է, քան սովորականը․ ես դարձել եմ գաղտնիք կրող, ես դարձել եմ ինչ-որ միստիկ ինֆորմացիայի տիրապետող․․․»։
Եվ այսպես միշտ է եղել։ Հաջորդ անգամ, երբ լսեք «լսե՞լ ես…» արտահայտությունը, հիշեք՝ դուք ոչ թե պարզապես ժամանակ եք վատնում, այլ մասնակցում եք մարդկային էվոլյուցիայի ամենահին սոցիալական ծիսակատարությանը։
Վերադառնալով բամբասանքի էթիկային․ հարցն այն է, որ պարզապես պետք է լինել «էկոլոգիապես մաքուր» բամբասողներ. փոխանակեք միայն ճշմարտություն։
«Այնպես արեք, որ դրանից մարդկանց ճակատագրեր չխեղվեն, ուստի մտածեք, որ, ինչպես բժիշկներն են ասում, չվնասեք։ Բամբասելուց հետո, որ գնաք տուն, ճանապարհին չզգաք, որ վատ բան եք արել, այդ գիշեր գլուխը բարձին դնելուց քնեք, այլ ոչ թե տանջվեք, որ ձեզ ինչ-որ բան եք թույլ եք տվել ավել, ուստի եկեք այդ «մի վնասիր»-ը դարձնենք մեզ համար նաև տենց դոգմատիկ կարգախոս` չվնասենք կոնկրետ այդ մարդու ճակատագրին, և չվնասենք մեզ որպես տեղեկատվության աղբյուր․ դա էլ է կարևոր մեր ինքնախնամքի տեսանկյունից, մենք էլ մեզ համբավը, հեղինակությունը չփչացնենք, և չվնասենք այն հասարակությանը, այն միջավայրին, որում ապրում ենք»։
Բամբասանքը կարող է լինել ամոթալի ու պախարակելի, կարող լինել նաև հաղորդակցության ձև, ալիք, տեխնոլոգիա, գործիք։ Կարող է վնասել մարդուն, կարող է օգնել սոցիումին։ Կարող է լինել չարամտություն ու կարող է լինել մարդկության էվոլուցիոն շարունակակնությունն ապահովող մեխանիզմի մի դետալ։ Այս երևույթը, որ մեր սովորական կյանքի չնկատվող մի մասն է դարձել, մի շարք գիտնականների ու հետազոտողների ուշադրության առարկան է եղել տարիներ շարունակ։
Այսպես, օրինակ, սոցիալական հոգեբան Նիկոլաս Էբլերը իր գործունեության ընթացքում կենտրոնացել էր բամբասանքի էթիկական և սոցիալական դերի վրա: Նա պնդում է, որ բամբասանքի միջոցով մենք ցույց ենք տալիս մեր սեփական արժեքները․ ինչ-որ մեկի սուտը դատապարտելով ես ազդարարում եմ, որ ինքս գնահատում եմ ճշմարտությունը:
Սոցիոլոգ Ռոբերտ Ֆայնմանը ուսումնասիրել է բամբասանքի օգտակարությունը և եզրակացրել՝ մարդիկ սթրես են ապրում, երբ տեսնում են ինչ-որ մեկի անարդար վարքը, և այդ սթրեսը նվազում է միայն այն ժամանակ, երբ նրանք «բամբասում են»՝ այդ մասին ուրիշներին զգուշացնելով: Ասել է թէ՝ սա ալտրուիստական քայլ է, որով պաշտպանում ենք խմբակիցներին խաբեբաներից:




