
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է։ 1994թ․-ից մայիսի 3-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նաև մասնագիտական տոնի կարգավիճակ ունի։ Օրվա առթիվ ամենամյա զեկույց է հրապարակել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։ Ըստ դրա՝ Հայաստանը հաշվետու տարվա ընթացքում մամուլի ազատության սանդղակում բարելավել է դիրքը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը: Գրանցած առաջընթացի հետ Հայաստանն առայժմ մտահոգվելու տեղ ու մտածելու շատ բան ունի՝ նկատում են օրվա խորհրդով շնորհավորական ուղերձ հղած պաշտոնյաները, մարդու իրավունքների պաշտպանն ու ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը ու «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Մամուլի ազատության ամենամյա սանդղակում զբաղեցրել 34-րդ տեղը։ Նախորդ տարի նույն սանդղակում մեր երկիրը 180 երկրների մեջ 43-րդ էր։ 100 հնարավոր միավորից այս տարի Հայաստանն ունի 73.96 միավոր։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին առաջընթացն այնքան էլ չի ոգևորել, կարծում է, որ հաշվետու տարում Հայաստանը էական ձեռքբերումներ մամուլի ազատության ոլորտում չի ունեցել, պարզապես աշխարհի մյուս երկրների համեմատ ավելի դժվար է տրվում առկա բացասական տենդենցներին։ Ասածի ապացույցը, ըստ Մելիքյանի, հենց այն քննադատություններն ու մատնանշված խնդիրներն են, որ կան կազմակերպության զեկույցում։
«Այն քննադատությունն ու խնդիրները, որ ներկայացված են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում, օբեկտիվ են։ Նախևառաջ մատնանշվում է հայաստանյան լրատվական դաշտի խիստ բևեռվածությունը, և դա բազմաթիվ զեկույցներում է նշվում ՝ Freedom house, Human Rights watch և այլն։ Եվ այդ խնդիրը որևէ կերպ առայժմ չի լուծվում, և լրատվամիջոցների մեծ մասը, ցավոք, և ֆինանսապես, և քաղաքականապես ազատ չէ»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Զեկույցում կազմակերպությունը նաև լրագրողներին է անդրադարձել․ արձանագրել, որ Հայաստանում քաղաքական գործիչները հաճախ են «մեղադրում» լրագրողներին կողմնակալության կամ «կաշառակերության» համար։ Կազմակերպության կարծիքով՝ այս ամենը կարող է ամրապնդել ինքնագրաքննությունը։ Ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների կամ նրանց կողմնակիցների կողմից։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնոթյունը մնում է անպատիժ՝ արձանագրել է միջազգային կազմակերպությունը։ Աշոտ Մելիքյանն այս դիտարկմանը համամիտ է։ Հիշեցնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը, ըստ որի 2024թ․-ին լրագրողների հանդեպ բռնության 15, ԶԼՄ–ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 71 և տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 122 դեպք է արձանագրվել
«Այնպես որ, հիմքեր չկան, որ մենք ասենք, որ շեշտակի բարելավվել է իրավիճակը, բայց կարծում եմ միջազգային կազմակերպությունների աչքից չի վրիպում այն փաստը, որ Հայաստանում չկան տաբու թեմաներ, նույնիսկ իշխանություններին ակտիվ քննադատող փորձագետները կամ ընդդիմադիր մամուլը չեն կարող մատնանշել մի թեմա, որը հնարավոր չէ լուսաբանել։ Բացի դրանից ի տարբերություն մեր հարևան երկրների՝ Հայաստանում չկան բանտարկված լրագրողներ, Հայաստանում չկան լրագրողներ, որոնք ստիպված են եղել լքել երկիրը, որ խուսափեն քաղաքական կամ քրեական հետապնդումներից»։
Լրագրողների թիրախավորման ու նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ուղերձում։ Մանասյանն ընդգծել է լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունն ու շեշտել՝ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով»,– գրել է մարդու իրավունքների պաշտպանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարություննյանն էլ վստահեցրել է, որ կառավարությունը կշարունակի Հայաստանում ներդնել ամենաժողովրդավար երկրների փորձը։ Պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ դրան զուգահեռ լրատվամիջոցներն ու լրագրողները ինքնակարգովորումը կդարձնեն օրվա հրամայական։

«Լրագրողներ առանց սահմաների» կազմակերպության հրապարակած սանդղակում Հայաստանի հարևան Իրանը 176-րդն է, Թուրքիան՝ 159-րդը, Ադրբեջանը՝ 167-րդը։ Բոլորը ինդիկատոր քարտեզում կարմիրով ներկված երկրներն են։ Ավելի բարենպաստ դիրքում է միայն Վրաստանը, որը սանդղակում 114-րդն է, սակայն այս երկիրն էլ նախորդ տարվա համեմատ իր դիրքը վատթարացրել է միանգամից 11 կետով։ Աշխարհի քարտեզի վրա կանաչով է ներկված միայն 7 երկիր։ Սա նշանակում է, որ միայն այդ 7 երկրներն են ուսումնասիրության արդյունքում հավաքել առավելագույն 85-ից 100 միավոր։ Հայաստանը դեղին, այսինքն բավարար գոտում է, իսկ հարևանները՝ մուգ նարնջագույն գոտում են։ Ցուցակում առաջատարը Նորվեգիան է, երկրորդը՝ էստոնիան , երրորդը՝ Նիդերլանդները։ Ի դեպ Հայաստանում այդ երկրի դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը շնորհավորել է Հայաստանի լրագրողներին ու մաղթել ամուր առողջություն, նվիրված լսարան, հետաքրքիր հերոսներ ու հուսալի աղբյուրներ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակչության 2/3-ի համար սոցիալական մեդիան ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է։ Կազմակերպությունը նկատել է, որ հայաստանյան մամուլում զգայուն են հատկապես քաղաքական երկու թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացքող բանակցությունները և Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Զեկույցում անդրադարձ կա նաև լրատվամիջոցների բևեռվածությանը․ Աշոտ Մելիքյանը նույնպես այստեղ լուրջ խնդիրներ է տեսնում։
«Պառակտվածության ու բևեռացվածության պայմաններում իշխանությունների հետ ասոցացվող լրատվամիջոցների թղթակիցները շատ դժվարությամբ են աշխատում ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, լարված են այդ հարաբերությունները և ընդհակառակը, ընդդիմադիր մամուլի աշխատակիցները, երբ շփվում են իշխանական պատգամավորների ու պաշտոնյաների հետ, ապա այստեղ էլ հարաբերությունները այնքան լարված են, որ ցանկացած պահի այդ շփումը կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի, ինչի ականատեսը վերջին ամիսների ընթացքում մենք դարձանք խորհրդարանում»,– կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանը նկատում է Հայաստանում ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բավականին հին է, և արդիականացման ու ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու կարիք կա։ Հակառակ դեպքում, կարծում է, որ այս տարի գրանցած առաջընթացը երկար տարիների կյանք չի ունենա։ Ամիսներ առաջ մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ Freedom House–ն էր նմանատիպ զեկույց հրապարակել, որում Հայաստանը 4 հնարավորից 2 բալ էր ստացել ու դասվել «մասամբ ազատ մամուլ ունեցող» երկրների շարքում։




