
Հուլիսի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Արհմիութենական սպորտ 2026» արհմիութենական-մարզական միջոցառումը։ Այն իրականացվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակում։
Չորսօրյա միջոցառման ընթացքում մասնակիցների համար նախատեսված են մի շարք քննարկումներ, զրուցարաններ և մասնագիտական հանդիպումներ՝ նվիրված արհմիությունների գործունեությանը, աշխատողների իրավունքներին, սոցիալական երկխոսությանը և աշխատաշուկայի արդի մարտահրավերներին։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև պանելային երկու քննարկումներ՝
- «Արհեստական բանականությունը և աշխատանքի ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ»
- «Կլիմայի փոփոխությունը, գյուղատնտեսությունը և արժանապատիվ աշխատանքը. Հայաստանի առաջնահերթությունները»։
Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անդրադառնալու աշխատանքի աշխարհի փոփոխություններին, նոր տեխնոլոգիաների ազդեցությանը զբաղվածության վրա, կլիմայական փոփոխությունների հետևանքներին և աշխատողների համար նոր պայմանների ձևավորմանը։
Բացի մասնագիտական քննարկումներից, միջոցառման ծրագրում ներառված են արհմիութենական թեմաներով զրուցարաններ, որոնց մասնակիցները կարող են միանալ՝ ըստ իրենց հետաքրքրությունների, ինչպես նաև արհմիութենական խաղեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն փորձի փոխանակմանը, համագործակցության ամրապնդմանը և մասնակիցների միջև ոչ ֆորմալ շփմանը։
Միջոցառման շրջանակում կանցկացվեն նաև մարզական մրցումներ, որոնց ընթացքում մասնակիցները կմրցեն չորս մարզաձևերում։ Մրցումների արդար ընթացքն ապահովելու նպատակով հրավիրված կլինեն համապատասխան մարզական ֆեդերացիաների մրցավարներ։
Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և հավաստող վկայականներով։ Ընդհանուր մեդալային հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցրած ճյուղային հանրապետական միությունը կստանա առաջատարի գավաթը։
«Արհմիութենական սպորտ 2026»-ը միավորում է մասնագիտական երկխոսությունը, գիտելիքների փոխանակումը, թիմային համագործակցությունն ու առողջ մրցակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համար։




