ԿարևորՄշակույթ

«Սիրո նամակ հայրենիքին». «Ոսկե ծիրանը» բացվել է «Արտոյի երկիրը» ֆիլմով

Հուլիսի 13-ին հանդիսավորությամբ բացվել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ մեկնարկ տալով կինոյի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկին։ Մինչև հուլիսի 19-ը փառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ներկայացված ֆիլմեր՝ միավորելով կինոյի ճանաչված հեղինակներին, ոլորտի մասնագետներին և կինոսերներին մեկ հարթակում։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, կինոգործիչներ և արվեստասերներ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ «Ոսկե ծիրանը» վաղուց արդեն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը։

«Շատ ուրախ եմ այսօր բոլորիդ տեսնել այստեղ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են կինոյով։ Երևանի քաղաքապետարանն արդեն հինգերորդ տարին է, ինչ հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը։ Տարեցտարի «Ոսկե ծիրանը» գրանցում է նոր ձեռքբերումներ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5000 կինոփառատոնների շարքում «Ոսկե ծիրանը» աշխարհի լավագույն 50 փառատոններից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»,- նշել է նա։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրել է փառատոնի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ դեռ 2004 թվականին այն հիմնադրելու գաղափարը ծնվել էր իր երկու ընկերների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի նման միջազգային կինոփառատոնի գոյությունը, որը տարիների ընթացքում դարձել է հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ։

Բացման արարողության ընթացքում Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնել է այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Այնուհետև փառատոնի երեք հիմնադիրները հանդիսավորությամբ հայտարարեցին Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։

Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Բացման արարողության երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը ներկայացրել է յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։

Երեկոյի ընթացքում փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը խոսել է այս տարվա «Be a Poem» գաղափարի մասին՝ նշելով, որ այն ոչ միայն փառատոնի գլխավոր ուղերձն է, այլև անմիջականորեն առնչվում է բացման ֆիլմի գաղափարախոսությանը։ Այս տարվա գլխավոր պաստառը ևս նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի՝ հանդիսատեսին հրավիրելով ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում։

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», — նշել է Կարեն Ավետիսյանը:

Փառատոնը բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ռեժիսորն ընդգծել է, որ հայրենիքում՝ «Ոսկե ծիրանում», ֆիլմի համաշխարհային պրեմիերան ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրանը»։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշել է Թամարա Ստեփանյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ ներկայացնելով խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր, հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնային քարտեզում։

Կարդացեք նաև

Back to top button