Վերնատուն

Ժամանակակից պարում կարևորը մտածելակերպն է․ «Իկոնա» բալետի միջազգային պրեմիերան. «Վերնատուն»

«Իկոնա» բալետային ներկայացման միջազգային պրեմիերայի և հայկական ժամանակակից բալետի զարգացումների մասին են խոսում ներկայացման հեղինակները՝ բեմադրության, խորեոգրաֆիայի ու լիբրետոի հեղինակ Ռիմա Պիպոյանը ու երաժշտության հեղինակ՝ Սերգեյ Ումրոյանը։

«Իկոնա» բալետը ներկայացվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում «Դիանա Վիշնյովա կոնտեքստ» ժամանակակից պարի փառատոնի հրավերով։ Փառատոնի պարախմբի հետ բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի աշխատանքը բարձր է գնահատվել պրոֆեսիոնալների և հանդիսատեսի շրջանում։

«Իկոնայի» գաղափարը ծնվել է Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը դիտելուց հետո։ Ռիմա Պիպոյանն ասում է, որ իր ստեղծագործական կյանքում կարևոր են ոգեշնչումներն ու մշտական զարգացումները, որպեսզի հանդիսատեսին ասելիք ունենա։ Որպես ստեղծագործող՝ նախևառաջ կարևորում է միտքն ու իմաստը և հետո՝ կատարողականությունը։

«Իմ ստեղծագործություններում ժամանակակից պարի ու գաղափարի սինթեզն է», – ասում է նա։ «Նույնը երաժշտության մեջ է», – հավելում է Սերգեյ Ումրոյանը, – «երբ երաժշտության մեջ կարող է լինել երգչախումբ, տեխնո, էլեկտրոնային, աղմուկ և բազմաթիվ այլ կոմպոնենտներով հագեցած երաժշտություն, շատերի համար դա սթրես է, բայց լավ իմաստով»։

Սերգեյ Ումրոյանը պատմում է «Իկոնա» բալետի շրջանակներում Ռիմա Պիպոյանի հետ իր համագործակցության մասին` նշելով, որ աշխատել են յուրաքանչյուր դետալի վրա․ լիբրետոն հասկանալուց մինչև կերպարների համար համապատասխան ռիթմի ընտրությունը, որը ոչ թե ուղղակի երաժշտություն պիտի լինի, այլ ծառայի բեմադրության գաղափարին, մտքին, ասելիքին։ «Պարային տեխնիկայով գուցե մենք հետ ենք մնում, բայց մտածելակերպով մենք առաջ ենք, իսկ ժամանակակից պարում կարևորը մտածելակերպն է», – ասում է Ռիմա Պիպոյան:

Կարդացեք նաև

Back to top button