
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են կառավարության 2023 թվականի գործունեության ծրագրի ներկայացումները։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին ուղղված հարցերի հիմական մասը կառուցվող ճանապարհների որակին է վերաբերել։ Պատգամավորները շեշտել են՝ աշխատանքներ կատարվում են, բայց ճանապարհները շատ արագ քանդվում են։
803 կմ երկարությամբ ճանապարհների կառուցում, նորոգում, հիմնանորոգում։ Այս ցուցանիշի ավելի քան 500 կմ–ի ֆինանասավորումը պետական բյուջեի հաշվին է։ 55 կմ–ում դեռ աշխատանքներ կան անելու՝ ասում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․
«Կցանկանայի նշել Սյունիքի ուղղությամբ՝ Տաթև– Լծեն, Շամբ –Լծեն, Նորավան –Շամբ ճանապարհները, որ կառուցվեցին, այժմ բաց են երթևեկության համար։ Մենք հիմա մյուս ճանապարհները, որոնք նախկինում փոխարինող էին, այժմ ճանապարհներն ենք նորոգում, մասնավորապես, Տաթևից Սատանի կամուրջ Շինուհայր հատվածը»։
Շինուհայր –Տաթև հատվածում մրցույթ հայտարարել էին, կար դատական գործընթաց, որը հանգուցալուծվել է։ Սռաջիկայում ֆինանսներ կհատկացնեն ու կսկսեն աշխատանքները։ Ճանապարհն ամբողջովին հիմնանորոգվելու է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին հետաքրքրում է, թե ո՞ր փուլում է Խոզնավար– Գորիս ճանապարհի կառուցումը։
«Խոզնավար– Գորիս հատվածը ո՞ր փուլում է, ես 1–1․5 տարի առաջ լիագումար նիստում հարցրել եմ։ Խնածախ –Վաղատուրը՝ ո՞ր փուլում է»։
Նախարարը դժվարանում է ասել, թե Խնածախ –Վաղատուր ճանապարհի կառուցումն այս պահին որ փուլում է․
«Ենթադրյալ այնտեղ նախնական ուսումնասիրման ու նախագծերի պատվիրման փուլն է։ Խոզնավար –Գորիս նախագիծը ունենք, 18․3 կմ երկարությամբ է 3․3 կամ 3․8 մլրդ արժողությամբ։ Փորձաքննությունն անցել է, այժմ նախարարությունում է նախագիծը։ Առաջնային ծրագրերից է»։
ՔՊ–ից Սերգեյ Բագրատյանը կառուցվող ճանախարհների որակից է դժգոհ։ Կոնկրետ օրինակով է հարցը ձևակերում՝ Արարատի մարզում՝ Զանգակատան հատվածում խնդիրներ են առաջացել անգամ կարկատված ասֆլատի վրա։ Նախարարը շինարարներին չի արդարացնում, բայց ասում է՝ վատ շինարարը երկու կողմն էլ վատ կանի։ Այս դեպքում աջ կողմում նորմալ է, ձախը՝ ոչ։ Սա արդեն գերբեռնված բեռնատարների պատճառով է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Թումասյանը նույնպես ճանապարհաշինարական աշխատանքների որակից է դժգոհ՝ այս դեպքում Արմավիր –Գյումրի հատվածի մասին է խոսքը
«Երրորդ, թե չորրորդ տարին է, որ ճանապարհը կառուցվում է, բայց չի ավարտվում։ Ասֆալտի երկրորդ շերտն էլ չարած՝ առաջինը քանդվում է»։
ՏԿԵ նախարարը փաստում է՝ կարևոր ճանապարհ է, մեքենաների ինտենսիվությունը ավելացել է։ Արմավիրի կողմից միջին նորոգումներ, իսկ Գյումրիից հիմնանորոգում են անում, 35 կմ հատված է։ Անցյալ տարի ներքին շերտ են տեղադրել՝ երկու պատճառով․
«Մեկն այն է, որ ջրահեռացման որոշ համակարգեր չեն տեղադրել։ Պատճառներից մեկն այն է, որ բնակիչները արագացնում են, չեն հասցնում։ Մյուս պատճառն էլ այն է, որ ներքին շերտը խոշորահատիկ ասֆալտ է, այն այդպես մնալու համար չէ։ Երբ մնում է ձմռանը, ջուրը իջնում է, սկսում է քանդել։ Վերին շերտը մանրահատիկ է, տարբերություն կա»։
Նախարարը խոստացավ՝ թերությունները կվերացնեն, վերին շերտը կտեղադրեն ու կավարտեն աշխատանքները։




