ԿարևորՀասարակություն

Գործատուն աշխատող է փնտրում, ուսանողը՝ աշխատանք․ հանդիպման վայրը՝ ՀՊՏ Համալսարան

Հայաստանում գործատուն աշխատող է փնտրում, երիտասարդն էլ՝ աշխատանք, բայց նրանք հաճախ այդպես էլ չեն գտնում իրար։ Իսկ հանդիպման վայրերը տարբեր են՝ աշխատանքի տեղավորման գործակալություններ, աշխատանքի տոնավաճառներ և այլն։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում այսօր աշխատանքի տոնավաճառ էր կազմակերվել, որին մասնակցել են 80–ից ավելի գործատուներ՝ պետական ու մասնավոր հատվածից։

Գործատուն և աշխատանք փնտրող ուսանողն այս անգամ հանդիպում են ՀՊՏ համալսարանում բացված աշխատանքի տոնավաճառում։ Եսթեր Պողոսյանը տնտեսագիտականի երկրորդ կուրսի ուսանող է։ Նա հստակ գիտի, թե այս փուլում ինչ աշխատանք է փնտրում․

«Այստեղ մենք կգտնենք մեզ համար հասանելի աշխատատեղեր։ Այս փուլում փնտրում եմ հաշվետարի աշխատանք»։

Միշտ չէ, սակայն, որ ուսանողները աշխատանք փնտրելիս գիտեն, թե ինչ են ուզում։ Բայց մի պահանջ հստակ է՝ բարձր աշխատավարձ։ «Երեմյան Փրոջեքթսը» աշխատանքի տոնավաճառին մասնակցող 80–ից ավելի գործատուներից մեկն է։ Ընկերության կորպորատիվ մշակույթի ու ներքին հաղորդակցությունների ղեկավար Տաթև Այրումյանն ընդգծում է՝ տոնավաճառները անմիջական կապ են ուսանողների հետ շփվելու համար։ Նախ հասկանում են նրանց սպասելիքները, ապա զուգահեռ իրականությունում բացատրում, թե իրենք ինչ են ակնկալում․

«Անցած տարվա միջոցառումներից ու նմանատիպ հանդիպումներից հետո եկանք եզրակացության, որ իրականում ուսանողներին անհրաժեշտ է առանձին աշխատանքային գրաֆիկ։ Մենք իրենց համար ունենք հարմարեցված առանձին գրաֆիկ։ Ամենակարևորը նաև, որ մեզ մոտ պրակտիկա անցնելուց ու քննություն հանձնելուց հետո ուսանողները մեզ մոտ պայմանագրային աշխատանքի են անցնում»։

Բուհ–աշխատաշուկա կապի ամրապնդումը կարևոր է ցանկացած ֆորմատով՝ ասում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, նշելով, որ սա հնարավոթյուն է հասկանալու, թե գործատուները ինչ կոնկրետ հմտություն ու գիտելիք են պահանջում ուսանողներից, գործատուներն էլ հնարավորություն են ունենում բուհի միջոցով իրենց ցանկությունները հասցնել մինչև կրթական ծրագրերի մակարդակ․

«Տնտեսագիտական համալսրարանը մի քանի կրթական ծրագրերի բարելավման գործընթաց է սկսել։ Մենք արդեն իսկ այդ կրթական ծրագրերով ենք մեր ուսումնառությունը կազմակերպում՝ ԿԲ–ի հետ։ ԿԲ փորձագետները մեզ խորհրդատվությունների, փորձագիտական եզրակացությունների միջոցով ուղորդում են, թե ինչպիսի փոփոխությւոններ կատարենք մեր կրթական ծրագրերում։ Եվ սա հնարավորություն է տալիս, որ բուհն ավարտելով, շրջանավարտը գործատուի մոտ աշխատանքի անցնելուն պատրաստ լինի»։

Տոնավաճառին մասնակցում են նաև պետական գերատեսչությունները՝ ՀՀ նախագահի աշխատակազմը, Կենտրոնական բանկը, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունները, Վիճակագրական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՊԵԿ–ը՝ առանձին տաղավարներով: Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցում էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ներկայացնելով նախարարության գործունեության շրջանակը, 2023թ. իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև առկա թափուր հաստիքները և դիմելու ընթացակարգը:

Ուսանողներին հետաքրքրող հարցերը տարբեր են։ Թե նրանք հիմնականում ինչով են հետաքրքրվում իրենց տաղավարում, ներայացնում է ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության աշխատակից Աննա Ղազարյանը․

«Հարցնում են՝  կարո՞ղ են արդյոք բարձագույն կրթությամբ , բայց առանց դիպլոմի աշխատանքի ընդունվել ՊԵԿ–ում։ Մեզ մոտ մենք ունենք մաքսային ծառայության պատրաստման դասընթացներ, որոնց կարող են դիմել 4–րդ կուրսի ուսանողները։ Դասըթնացը երկարատև է, մինչև ավարտը նրանք արդեն բուհն է լ կավարտեն ու մեզ մոտ աշխատանքի կանցնեն»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորում է աշխատանք փնտրողների ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքները։ Վերջին հետազոտություները ցույց են տվել, որ գործատուների 60 տոկոսը որակյալ կադրերի կարիք ունի։ Հատկապես, որ Հայաստանում գործատուն աշխատող է փնտրում, երիտասարդն էլ ՝աշխատանք, բայց նրանց մեծ մասն իրար այդպես էլ չի հանդիպում․

«Գործատուին որակյալ կադր է անհրաժեշտ։ Բնական է, որ նաև փորձով է ուզում։ Բայց այժմ կամաց–կամաց բիզնեսը փոխվում է։ Սկսում է աշխատել չավարտածի հետ, քանի որ հստակ պատկերացնում է, որ բոլոր դեպքերում պրակտիկ գիտելիքը, որ ինքը ստանալու է, հետագայում ավելի կիրառելի է լինելու»։

 Փոխնախարարը հիշեցնում է օրերս «Աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների ու լրացումների մասին։ Նշում է, որ նոր հոդված են ավեկացրել, որով նախատեսում են փորձնակի՝ պարկտիկանտի ինստիտուտը կարգավորել։ Սարգսյանի խոսքով՝ հիմնականում բուհերն են ուղղորդում ուսանողին պրակտիկա անցնելիս, հիմա, նոր փոփոխությամբ, ուսանողն ինքը կարող է որոշել` որ գործատուի մոտ անցի պրակտիկան՝ փորձնակությունը։ Պրակտիկայի տևողությունը մինչև երկու ամիս է, և փորձնակը յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող է այն անցնել։ Այս դեպքում գործատուն առնվազն տասը աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ փորձնակ ընդգրկել։ Պրակտիկայի ժամերը նույնպես հստակեցված է. շաբաթական հնգօրյա գրաֆիկում այն չպետք է լինի օրական 4 ժամից ավելի և շաբաթական չպետք է գերազանցի 20 ժամը։

Back to top button