ԿարևորՀասարակություն

Ընդունելության քննություններին կմասնակցեն նաև արցախցի դիմորդները. տարբերակները քննարկվում են

Այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի10-ը պետք է դիմում-հայտ ներկայացնեն: Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում փոփոխություն է կատարվել: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվել:

Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Արական սեռի այն դիմորդները, որոնք կզբաղեցնեն այդ մասնագիտությունների գծով առանձնացված անվճար տեղերը, տարկետում կստանան զինվորական ծառայությունից։ Տարկետումը գործելու է 4 տարի:

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը: Երկրորդը, որովհետև այս տարի առաջին անգամ քննություն է անցկացվել նաև հունվար-փետրվար ամիսներին: Դիմում-հայտերը կընդունվեն առցանց: Եթե առաջին փուլում դիմորդները կարող էին նշել միայն իրենց ընտրած քննական առարկաները, երկրորդ փուլում արդեն պետք է նշել նաև բուհն ու մասնագիտությունը։

«Ռադիոլուրն» այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ է ստացել Գնահատման և թեստավորման կետրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանից. «Այս անգամ դիմորդը հայտագրելու է բուհը, մասնագիտությունը և այդ մասնագիտության համար սահմանված քննությունները։ Եթե ինքը հունվար-փետրվար ամիսներին հանձնել էտվյալ մասնագիտության քննությունները և բավարար են արդյունքները, ապա դիմորդը կարող է պարզապես իր հին քննությունների արդյունքները տեղադրել դիմում-հայտում»։

Եթե դիմորդը առաջին փուլում ստացած գնահատականից գոհ չէ կամ որոշել է այլ մասնագիտություն ընտրել, կարող է ամռանը նույնպես փորձել իր ուժերը։ Եթե երկրորդ քննության արդյունքը համեմատաբար ցածր լինի, կպահպանվի առաջին քննության բարձր միավորը:

Ընդ որում՝ դիմորդը ոչ միայն բարձր միավորը պահպանելու հնարավորություն ունի, այլև մասնագիտությունը փոխելու, ասում է Կարո Նասիբյանը․

«Դիմորդին մի կարևորագույն հնարավորություն ևս տրված է։ Եթե անբավարար է ստացել նախորդ քննությանը և այլևս չի ուզում տվյալ մասնագիտության համար քննություն հանձնել, կարող է նաև փոոխել մասնագիտությունը։ Կարող է և չեղարկել նախորդ քննությունը և հայտագրել նորը, կամ ընդհանրապես հայտագրել նոր բուհ, նոր մասնագիտություն, նոր քննություններ»։

Գնահատման և թեստավորման կետրոնի փոխտնօրենը նաև նշում է, որ, նույնիսկ, եթե դիմորդը չի ցանկանում փոխել մասնագիտությունը, բայց կասկածում է իր ուժերի վրա, հաշվի առնելով ձմեռային քննության արդյունքը, կարող է այսպես ասած՝ «մանևրել»․

«Օրինակ՝ այն մասնագիտությունները, որտեղ երեք քննություն կա, մեկը՝ պարտադիր, երկուսը՝ կամընտրական, կարող է փոխել քննական առարկան»։

Ի դեպ՝ քննությունների ձմեռային փուլի արդյունքները ցածր են եղել, չնայած դիմորդների քանակը գերազանցել է ԳԹԿ-ի սպասելիքները, ապահովելով 60 տոկոս մասնակցություն։ 

«Սպասում էինք, որ առաջին փուլում դիմորդները դեռևս ծրագրային ամբողջ փուլը ավարտած կամ կրկնած չեն լինի։ Այդպես էլ եղավ։ Հիմնականում ստացել են ցածր գնահատական՝ բացառությամբ պատմություն առարկայի»։

Փոխարենը Կարո Նասիբյանի սպասելիքները մեծ են առաջիկա քննություններից։ Դիմորդներն արդեն փորձ ունեն, նաև հնարավորություններն են ավել մեծ։ Մեծ են նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ դիմող Նանե Հելհելյանի ակնկալիքները։ Նա արդեն փորձ ունի և հուսով է, որ արդյունքներն ավելի բարձր կլինեն․

«Երբ առաջին անգամ մտնում ես քննասենյակ, թվում է՝ ամեն ինչ շատ բարդ է լինելու, ու այդ լարվածությունը, հուզմունքը կարող են խանգարել։ Հունվարին մասնակցել եմ անգլերենի քննությանը, ունեցել եմ լավ արդյունքներ, բայց փորձելու եմ նաև հունիսին՝ ավելի լավին հասնելու համար։ Առաջադրանքները հիմնականում շտեմարանից են, և եթե ընթացքում լավ աշխատես, քննության ժամանակ բարդություններ չեն լինի»։

Նանեն «Պատմություն» առարկայից առաջին անգամ է քննություն  հանձնելու։ Ձմեռային քննությունից հրաժարվել է, քանի որ վստահ չի եղել ուժերի վրա․

«Քննությունից հետո քննական թեստերը հրապարակվում են, երբ ես տանը լուծեցի, բարձր միավոր հավաքեցի։ Գնահատականը բարձր գուցե լիներ, բայց ընդունվելու հավանականություն չէր լինի, որովհետև տվյալ ֆակուլտետը պահանջում է ամենաբարձր միավորները»։

Բուհերին այս տարի պետական պատվերով 2 146 տեղ է հատկացվել: Նախորդ տարվա համեմատ դրանք ավելացել են 203-ով: Իսկ վճարովի տեղերն, ընդհակառակը, կրճատվել են։ 16 300 տեղ՝ նախորդ տարվա 22 300-ի փոխարեն։ Հաշվի են առել անցած տարվա ընդունելության արդյունքները։ Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ անվճար տեղերի համամասնությունն էլ աճել է հօգուտ ՍՏԵՄ մասնագիտությունների։ Տևական ընդմիջումից հետո վերականգնվել է նաև տարկետման իրավունքը։ Այն կգործի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտությունների դեպքում: Մասնավորապես, բակալավրի համար կառավարությունը հաստատել է 10 մասնագիտություն։

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան. «Մասնագիտություններ են առանձնավել, որոնցով անվճար ընդունվելու դեպքում օգտվելու են այդ իրավունքից։ Վեց մանսագիտություն ԵՊՀ–ում, 4-ը՝ Պոլիտեխնիկում։ Եթե դիմորդն անվճար ընդունվի առաջին կուրս, տարկետում կտրվի պարտադիր զինվորական զորակոչից 4 տարի ժամկետով։ Եթե նույնիսկ տեղափոխվի վճարովի համակարգ, տարկետման իրավունքը պահպանվում է՝ բացառությամբ բուհից դուրս մնալու դեպքերի»։

Ինչ վերաբերում է արցախցի դիմորդներին, որոնք, այսպես թե այնպես, արդեն իսկ շրջափակման հետևանքով կորցրել են երկու քննություն հանձենլու հնարավորությունը, ԳԹԿ–ում ամեն ինչ անում են, որ նրանք գոնե հիմնական քննության հնարավորությունից օգտվեն, վստահեցնում է Կարո Նասիբյանը․։

«Մի բան պետք է արվի, եթե այսպես մնա։ Չեք հավատա, բայց թուղթ ենք ուղարկում, որ տպեն, թուղթ էլ չունեն, սովորական Ա4 ֆորմատի թուղթ»։

Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ խոսքը 600-800 դիմորդի մասին է։ Բոլոր այն դիմորդները, որոնք ցանկացնում են ընդունվել հայաստանյան բուհեր, կունենան այդ հնարավորությունը։ Եթե նույնիսկ թուղթ ուղարկելու հնարավորությունը չունենան, առցանց կկազմակերպեն քննությունները։

Back to top button