ԿարևորՔաղաքական

Օրինաչափությո՞ւն, թե՞ զուգադիպություն․ ինչո՞ւ է Բաքուն ակտիվանում ամերիկյան միջամտություններից հետո

Տարօրինակ օրինաչափությու՞ն, թե՞ պարզապես՝ զուգադիպություն. վերջին շրջանում Բաքուն ակնհայտորեն ագրեսիվ դրսևորումներ է ցուցաբերում հատկապես այն ժամանակ, երբ Արևմուտքից կարևոր զանգեր է ստանում, կամ որոշակի ակտիվություն է նկատում տարածաշրջանում։ Նման դրսևորումներ վերջերս նույնպես նկատվեցին։ Օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցից հետո, կամ պետքարտուղար Բլինքենի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչից հետո։

Միջանցքն արդեն 100 օրից ավելի շարունակում է փակ մնալ։ Նախօրեին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Դրանից հետո, կեսգիշերին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը, իսկ այսօր կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մարդկանց ուղղությամբ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ Ադրբեջանը հերթական անգամ խափանել է Արցախի գազամատակարարումը Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից ժամեր անց: Քաղաքագետը ֆեյսբուքյան գրառումով կես լուրջ–կես կատակ զուգահեռներ է անցկացրել այդ երկու իրադարձությունների միջև։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, սակայն, նման կապ չի տեսնում։

 «Ես չեմ տեսնում այստեղ որևէ օրինաչափություն։ Դա ուղղակի Ալիևին բնորոշ պահվածք է։ Նա մշտապես իրեն այդպես է պահելու, քանի որ այս հակամարտությունը վերջնականապես չի լուծվել։ Որևէ նոր բան չկա։ Սա մշտական է լինելու այնքան ժամանակ, մինչև Ղարաբաղյան կոնֆլիկտը չլուծվի, որին կա երկու ճանապարհ՝ մեկը պատերազմի միջոցով է, ինչին ձգտում է Ալիևը, և երկրորդը՝ միջազգային ճնշման միջոցով», ասում է քաղաքագետը։ 

Հակոբ Բադալյանը, մինչդեռ, հենց այդ ճնշման մասին է սարկազմով գրում։ Նախ՝ նա նկատում է, որ նախորդ անգամ էլ, օրեր առաջ, Ադրբեջանն Արցախի գազը փակեց ԱՄՆ դեսպանի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելուց ժամեր անց․

«Ես հեռու եմ այդ հանգամանքները չափման միավոր դարձնելուց, բայց, այդուհանդերձ, եթե ԱՄՆ-ն ինչ որ բանով չի խրախուսում Ալիևին, այլ՝ ապտակում է, կամ վախեցնում է, ապա, եթե ամեն վախեցնելուց հետո Ալիևը պետք է փակի գազը, գուցե արժե՞ մտածել այլևս չվախացնելու մասին՝ այդ ժամանակ, մեկ էլ տեսար՝ միջանցքն  է՞լ  բացի»:

Ի դեպ, սարկազմը՝ սարկազմ, բայց նման կասկածներ առաջացել են նաև ամերիկացի լրագրողների մոտ։

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է պետքարտուղարի՝ պաշտոնական Երևանի ու Բաքվի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցների նպատակի մասին։

Ի պատասխան Պատելն ասել էր. «Նա առաջարկում էր իր շարունակական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից այս ներգրավվածություններին աջակցելու հարցում, որն, ինչպես գիտեք, մի բան է, ինչին մենք բավականին հավատարիմ ենք մնացել: Ակնհայտ է քարտուղար Բլինքենի նվիրվածությունն այս հարցում, երբ դեսպան Ռիկերն էր ղեկավարում այս պորտֆելն իր աշխատանքով, իսկ այժմ  նաև Լուիս Բոնոյի աշխատանքով»։

Ամերիկացի լրագրողն, այնուամենայնիվ, փորձել ճշտել Բլինքեն–Ալիև հեռախոսազանգի մանրամասները։ «Անցած շաբաթ տարածաշրջանում էր ձեր ավագ խորհրդականը, որը շփվել է կողմերի հետ։ Ինչո՞ւ պետքարտուղարը զանգեց, որ առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը»,– տարակուսել է ամերիկացի լրագրողը։

Նա նաև հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ալիևի հետ զրույցում պետքարտուղար Բլինքենը մարդու իրավունքներին առնչվող խնդիրները բարձրաձայնել է։

«Ես առանձնահատուկ բան չունեմ դիվանագիտական ներգրավվածությունների մասին խոսելու համար: Բայց, իհարկե, մարդու իրավունքները մի բան է, որը մենք պարբերաբար բարձրացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,– լրագրողին այսպես է պատասխանել փոխխոսնակը։

Չնայած մարդու իրավունքների կարևորության մասին շարունակաբար վստահեցումներին ու դրանք հարգելու վերաբերյալ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարել միջազգային բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հրաժարվում է կատարել նաև Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի վճիռը։

Այդ հարցը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ քննարկել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Ընդգծելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները, Մարգարյանը շեշտել է ՄԱԿ-ի կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Մարտի 22-ին ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։

Back to top button