ԿարևորՎերլուծական

Եգիպտոսի նշանակությունը Հայաստանի անվտանգության համար․ պատմական այցի տարբեր կողմերը

Անցած հանգստյան օրերին Հայաստանում պատմական համարվող իրադարձություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ Հայաստան այցելեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։ Հայաստան–Եգիպտոս հարաբերությունները, իրականում, նոր չեն։ 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից բացի, Եգիպտոսն այն երկրներից  է, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայերի է ընդունել։

Արդեն տարբեր վերլուծություններ են հնչում, թե ինչու է այս պահին Հայաստանը հետաքրքրել Եգիպտոսին։ Բայց հարցը նաև քննարկվում է այլ տեսանկյունից՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ Եգիպտոսը Հայաստանի անվտանգային հարցերում։ Ուշագրավ է, որ Հայաստանն ընդգրկված էր Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցի ցանկում։ Նա նախ այցելել էր Հնդկաստան, դրանից հետո Ադրբեջանում էր և այնտեղից երկօրյա այցով ժամանել էր Հայաստան։  

Եգիպտոսը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, Բաքվի այցից հետո Երևանում հայտարարեց Եգիպտոսի նախագահը։ Առաջարկն արվեց Հայաստանի նախագահի նստավայրում։ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին  տեղեկացրեց, որ առանձնազրույցի ընթացքում արձանագրել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Եգիպտոսն ունի չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե Հայաստանն ընդունում է իրենց միջնորդությունը և կցանկանա, որ Եգիպտոսը  միջնորդի կամ նման դեր ստանձնի, ապա պատրաստ են։  

Այն, որ պաշտոնական Երևանը ընդունում է, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է միջնորդական առաքելության մեծ փորձով ու խաղաղության գաղափարախոսությամբ, նախագահ Ալ–Սիսիին ասել են երևանյան տարբեր հանդիպումների ժամանակ։ Բայց միջնորդության առաջարկը դրանից ավելի ծավալում չստացավ։  

Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ միջնորդության առաջարկի ենթատեքստը այլ նշանակություն ուներ․

 «Սա առաջին հերթին, որպես պետության, Եգիպտոսի նախագահի աձնական հեղինակության շեշտադրումն է։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ մեր տարածաշրջանում եղած խնդիրների համատեքստում միջնորդության հետ կապված անգամ աշխարհաքաղաքական մրցակցություն կա, և այստեղ սեփական միջնորդությունը առաջարկելը դա ոչ միայն պայմանավորված էր պատրաստակամությամբ, այլև մեր տարածաշրջանում ունեցած շահերով։ Տվյալ դեպքում, բնականաբար, Եգիպտոսը չունի կամ չի տիրապետում նման իրողությունների և գործիքների, բայց մի կարևոր ուղերձ պարունակում է, այնուամենայնիվ, այդ հայտարարությունը և առաջարկությունը առ այն, որ այս տարածաշրջանում Եգիպտոսն էլ ջատագովն է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն բանակցային հարթություններում և, եթե եղած հարթությունները չեն բավարարում, ապա Եգիպտոսն ինքն է պատրաստ սեփական հարթակը, հնարավորություններն ու միջնորդությունը առաջարկել»,–նշում է արաբագետը։  

Աշխարհաքաղաքական տեսանկյունից ուշագրավ է, որ Եգիպտոսի նախագահը տարածաշրջան է ժամանել Հնդկաստան այցից հետո: Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը այստեղ արդեն եղել էր 2022–ի ավարտին։ Սա, ըստ արաբագետի, ինչ–որ չափով խոսում է փոխկապակցված քաղաքականության մասին․

 «Այսինքն՝ մի պետություն, որը մեծ հնարավորություններ ունի միաժամանակ մի քանի տարածաշրջաններում, դա և՛ հյուսիսային Աֆրիկան է, և՛ ընդհանուր Մերձավոր Արևելքը, և՛ արաբական ու մուսուլմանական աշխարհները։ Սա նոր իրողություն է։ Մինչև հիմա Եգիպտոսը, տարբեր խնդիրներ ունենալով և՛ սեփական երկրի ներսում, և՛ մի քանի տրածաշրջաններում մի քանի մրցակից–երկրների հետ, Թուրքիայի, Իրանի, որոշակիորեն նաև Պակիստանի հետ, կաշկանդվում էր ավելի ընդգծված քայլեր կատարել այն տարածաշրջաններում, որոնք փոքր են և որտեղ կա իր մրցակիցների ներկայությունը»։

Այլ կերպ ասած՝ Կահիրեն այժմ փորձում է ակտիվացնել իր քաղաքականությունը՝ անվտանգային նոր ճարտարապետության մեջ իր տեղը զբաղեցնելու կամ ցույց տալու համար։ Սա կարող է հնարավորություն դառնալ նաև Հայաստանի համար։ Պատմաբան–միջազգայնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը սոցցանցում հիշեցնում է, որ Եգիպտոսն արաբական երկրներից առաջիններից էր, որը ճանաչեց ՀՀ անկախությունը, ընդգծելով, որ այն արաբական աշխարհի առաջատար երկրներից է և ռազմաքաղաքական առումով տարածաշրջանի ազդեցիկ դերակատարներից մեկը:

Ըստ Գոռ Գևորգյանի՝ Մերձավոր Արևելքում Եգիպտոսի դիրքորոշումը մի շարք իրողությունների նկատմամբ կարող է համընկնել նաև Հայաստանի տարածաշրջանային հետաքրքրությունների հետ: Նա ըննդգծում է, որ Եգիպտոսի անվտանգային հարցերով մեծ փորձը կարող է հետաքրքրական լինել Հայաստանի համար։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը այս ամենին հավելում է․

 «Ընդհանուր առմամբ Եգիպտոսը կամ Եգիպտոսի հետ կապված տարաբնույթ ձևաչափերը և ոչ միայն Եգիպտոսը, նաև Հնդկաստանը կամ այլ դերակատարներ, մշտապես դիտարկվել են և կարող են  դիտարկվել որպես հնարավոր այլընտրանքներ ոչ լիարժեքորեն, իհարկե, փոխելու տարածաշրջանային հիմնականում արտատարածաշրջանային «խաղացողների» ներգրավվածության ձևաչափերը , այլ դրանք հնարավորություններ են պարզապես տարածաշրջանը դարձնելու այլ, մինչ այս չեղած, բայց որոշակի ազդեցիկ, հետաքրքրություն ունեցող «խաղացողների» հետաքրքրության գոտի։ Դրանով իսկ մեծացնելով շահերը տարբեր միջազգային ներգրավվածության, որը իհարկե, որոշակիորեն կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա»։

Եգիպտոսի նախագահի այցի նշանակությունը իր խոսքում շեշտեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

 «Շատ կարևոր զրույց ունցանք և քննարկեցինք երկկողմ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր։ Մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հաարաբերությունները մեր և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում։ Ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը»։

Հայաստանի ու Եգիպտոսի միջև առկա 50–ից ավելի պայմանագրերին և հուշագրերին Երևանյան այցից հետո ավելացան ևս մի քանիսը՝ մշակույթի, ներդրումների, ապորտի և այլ ոլորտների համար։ Գրեթե նույն ոլորտներում ստորագրված հուշագրերի մասին հաղորդում են նաև ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։  

Back to top button