Կարևոր

Բիշքեկում բացվել է ԵԱՏՄ գագաթնաժողովը

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներն այսօր հանդիպել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում։

Պետությունների ղեկավարները հավաքվել են «Ալա-Արչա» ​​նստավայրում, որը գտնվում է Բիշքեկին հարող Չոն-Արիկ գյուղում՝ Ալա-Տու լեռնաշղթայի ստորոտում։ Այստեղ են անցկացվում Բիշքեկում օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ բոլոր միջոցառումները։

Գագաթնաժողովը սկսվել է հանդիպման ժամանած առաջնորդների դիմավորման արարողությամբ։ Ծրագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ, գագաթնաժողովի մասնակիցները խմբակային լուսանկարվել են։

Հանդիպման առաջին մասն անցկացվում է նեղ ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների անմիջական մասնակցությամբ։ Ավելի ուշ բանակցությունները կանցկացվեն ընդլայնված կազմով, որին կմիանան դիտորդ երկրները՝ Կուբան և Ուզբեկստանը։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և էներգետիկ ոլորտում միջգերատեսչական խորհրդի ստեղծումը, ԵԱՏՄ տարածքում ինտեգրման հետագա խորացումը և ծառայությունների միասնական շուկայի զարգացումը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովում կհաստատվի նաև փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ և կհաստատվեն 2023 թվականի համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։

Սա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա երկրորդ հանդիպումն է։ Նախորդ հանդիպումը Ղրղզստանի նախագահությամբ կայացել էր մայիսի 27-ին՝ տեսակապի միջոցով։

Back to top button