ԿարևորՀասարակություն

Քննարկում՝ նվիրված Հայաստան-Սփյուռք նոր ռազմավարության ուղղություններին

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիա կատարած աշխատաքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է ֆրանսահայերի խորհրդի կողմից կազմակերպված հանրային քննարկմանը, որը կրում էր «Սփյուռքն այսօր և վաղը. նրա դերը Հայաստանի զարգացման գործում» խորագիրը:

Հանդիպման մեկնարկին Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին մասնակցության համար: Խորհրդի անդամները շնորհավորել են Զարեհ Սինանյանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի հաջող ընթացքի և բարձր մակարդակով անցկացման համար:

«Ուրախ եմ, որ Ֆրանսահայերի խորհրդի հետ մեր գրասենյակի համագործակցությունը գնալով սերտանում է: Ոգևորիչ էր տեսնել խորհրդի ղեկավար կազմին Համաշխարհային հայկական գագաթնաժողովում և՛ բանախոսների, և՛ մասնակիցների շարքում»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանը խոսել է նաև գագաթնաժողովին հաջորդող քայլերի, Հայաստան-սփյուռք նոր ռազմավարության ուղղությունների մասին:

Քննարկման ընթացքում հարցեր են ուղղվել Ֆրանսիայի հայ համայնքի, սփյուռքի ինքնակազմակերպման, Հայաստան-սփյուռք համագործակցության ուղղությունների մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են նաև 2023 թվականի փետրվարին կայանալիք տնտեսական ֆորումի ձևաչափը:

Հանդիպման մասնակիցների շարքում են եղել Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի մասնակից Տիգրան Եղիազարյանը, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից առցանց միացած ներկայացուցիչներ և այլք:

Back to top button