ԿարևորՀասարակություն

Հոբելյանական սեմինար՝ նվիրված Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակին

Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանը հոկտեմբերի 17–ին կազմակերպել է հոբելյանական սեմինար, որի բանախոսն է եղել Վահագն Գուրզադյանը՝ Գրիգոր Գուրզադյանի որդին։ Նա ներկաներին մանրամասն ներկայացրել է Գ․ Գուրզադյանի կյանքն ու գործունեությունը՝ բացահայտելով մեծանուն գիտնականին տարբեր կողմերից։

Սեմինարին հաջորդել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որում ներկայացված են տիեզերագնացության թեմայով նամականիշեր և բացիկներ։

Գ․ Գուրզադյանի 100-ամյակին ընդառաջ՝ ս․թ. հոկտեմբերի 10-ին, ԲԱ գիտական խորհուրդը որոշում է կայացրել աստղադիտարանի 0.5մ Շմիդտի աստղադիտակը կոչել Գրիգոր Գուրզադյանի անունով (այսուհետև՝ «Գրիգոր Գուրզադյանի աստղադիտակ»)։

Գրիգոր Գուրզադյանը Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է, հայ նշանավոր աստղագետ և ԽՍՀՄ-ում տիեզերական աստղագիտության հիմնադիրը։ Նրա հեղինակած Օրիոն և Օրիոն-2 տիեզերական գերմանուշակագույն աստղադիտարանները նոր հետաքրքիր գիտական արդյունքներ տվեցին։ Հետագայում նախագծվեց և Երկրի ուղեծիր բարձրացվեց նաև Գլազար աստղադիտարանը։ Գուրզադյանը բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա բազմակողմանի գործունեության մաս են կազմում նաև նրա գրական ստեղծագործությունները և գեղանկարները։

Back to top button