ԿարևորՀասարակություն

Տեսողական խնդիրները խոչընդոտ չեն. «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը մրցանակների պակաս չունեն

Տեսողական խնդիրները խոչընդոտ չեն. «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը մրցանակների պակաս չունեն

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» և «Կանչ» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, մրցանակների պակաս չունի։ Տեսողական խնդիրները խոչընդոտ չեն։ Գործունեության ընդամենը 6 տարվա ընթացքում փոքր երգիչները հասցրել են բազմաթիվ համերգների ու փառատոների մասնակցել Հայաստանում և արտերկրում: Համերգային ծրագրերով հանդես են եկել  նաև մանկատներում, ծերանոցներում, զորամասերում: Ամենաշատը տպավորել են Արցախի զորամասերի համերգները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է երգչախմբերի  գեղարվեստական ղեկավարը: Պարապմունքներից մեկին մասնակցել է նաև Սոնա Հակոբյանը։

«Առաջին երգը, որ երգել եմ, «Մեր հայրենիք»–ն է եղել։ 2 տարեկան էի այդ ժամանակ»։ 

Արամը 11 տարեկան է։ 6-րդ դասարանում է և արդեն 6 տարի հաճախում է խմբակներին։ Դեռ չգիտի, թե դպրոցն ավարտելուց հետո ուր է ընդունվելու, բայց որ երգիչ է դառնալու, արդեն հստակ որոշել է։ Իսկ երգիչ դառնալու մասին երազում է դեռ 2 տարեկանից։

Երգիչ դառնալու երազանքը մանկուց փայփայում  է նաև Անգելինան։ Խոստովանում է՝ սկզբում ամաչում էր, այսօր արդեն նրան մեծ բեմերում  կարելի է տեսնել։

«Ես մի քանի  տարի առաջ եմ եկել։ 6 տարեկան էի, սկզբում ամաչում էի երգել, բայց ընկեր Վարդուհուն շատ սիրեցի, իր երգերն էլ շատ սիրեցի»։

Հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց  պետք է հասարակության լիիրավ անդամ  զգան․ «Դեպի լույս» ու «Կանչ» երգչախմբերը սա ապացուցել են իրենց համերգներով և հաջողություններով։ Միջազգային և հանրապետական բազմաթիվ փառատոների են մասնակցել։ Համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանի և Արցախի զորամասերում, մանկատներում, ծերանոցներում։ Մրցանակներն այս երեխաների համար արդեն սովորական են դարձել։ Ապրիլի 10-ին էլ  Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցեցին «Կանչ» կատարողական արվեստի  մրցույթ-փառատոնին և երգեցողություն անվանակարգում արժանացան գլխավոր մրցանակին՝ «Գրան պրիին»։

Երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյան.

«Ոմանք մանկատան երեխաներ են, ոմանք ընդհանրապես չեն տեսնում, ոմանք էլ բացի տեսողականից այլ խնդիրներ ունեն ։ Որպեսզի նրանք էլ լինեն հասարակության լիիրավ անդամ և առողջ երեխաների հետ միասին լինեն բեմերում։ Որովեհտև մեր երեխաները առողջ երեխաների հետ մրցում են , դեռ մի բան էլ հաղթում են։ Ես ունեմ մանկատան սաներ, որոնք այսօր ավարտել են դպրոցը, երգում են»։

Հրանուշն էլ հնաբնակներից է։ Բոլոր փառատոներին մասնակցել է, մրցանակները նաև իրենն են։

«Ես փոքր ժամանակ եկա այս խմբակ, ճանաչեցի ընկեր Վարդուհուն։ Ինքը բարի է, մեզ շատ տեղեր է տարել երգելու»։

Երգչախմբի դռները բաց են բոլոր այն երեխաների առաջ, որոնք սովորում են այս դպրոցում, նաև երգելու ցանկություն ունեն։ Երեխաներից շատերի հետ դպրոցի տնօրինությունը հույսեր է կապում։ Ձայնային տվյալները հուշում են, որ ապագայում կարող են երգիչեր դառնալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց տնօրեն Ալեքսան Ահարոնյանը։

«Ավարտել են դպրոցը, ընդունվել Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ուսումնարաններ,  հիմքը դպրոցում է դրվել։ Դա է արդյունավետությունը, կարծում եմ։

Պարապմունքները շաբաթական 2 անգամ են, հանդիպում են երեքշաբթի և շաբաթ օրերին՝ դասերից հետո։ Աշխատում են երեխաների կատարողական վարպետության վրա, ձայնավարժության, շնչառության վարժություններ են անում։

«Տառ առ տառ, տող առ տող սովորեցնում եմ իրենց։ Երաժշտությունը նաև բուժում է մեր երեխաներին։ Ես նկատել եմ, որ ոմանք ոչ ադեկվատ են իրենց պահել, նյարդային շարժումներ եմ նկատել երգելու ժամանակ, երգելու ընթացքում նրանց մոտ աստիճանաբար այդ շարժումները անցել են։ Եվ ես հասկացել եմ, որ նրանց հոգեվիճակը երգելով բարելավվում է։ Այսօր այս երեխաները կարողանում են կանգնել առողջ  մարդու նման և կարողանում են իրենց բեմում պահել առողջ արտիստի պես»

Երաժշտությունը ոչ միայն հոգին ու մարմինն է բուժում, այլև օգնում է երազել, իսկ այս երեխաներից շատերի երազանքնը նույնն է՝ ապրել խաղաղ երկնքի տակ ու դառնալ հայտնի երգիչ։

Back to top button