ԿարևորՀասարակություն

Հայաստանում սլովակական ներդրումներով նոր գործարան է կառուցվել

Հայաստանում սլովակական ներդրումներով նոր գործարան է կառուցվել։ «Իբիս Երևան»-ում տեղի ունեցավ ARMPLAST INVEST գործարանի բացմանը նվիրված շնորհանդեսը։

Գործարանը, որը EU-Asia Business Finance Centre Holding-ի անդամ է, կառուցվել է Հայաստանում սլովակյան ներդրումներով, մեր երկրում արտադրելու է կոմպոզիցիոն արմատուրա, որն իրացվելու է Հայաստանում և արտերկրում։ Ներկաները շնորհանդեսի ընթացքում ծանոթացան գործարանի գործունեությանը, կոմպոզիցիոն արմատուրայի արտադրությանը և կիրառման գործնական ոլորտներին: 

«EU-Asia Business Finance Centre Holding-ը տարիներ շարունակ ներդրումային ծրագրեր է բերում Հայաստան՝ նպաստելով երկրի զարգացմանը։ 2019-ից մենք աշխատում ենք Asseco Group-ի հետ՝ Հայաստանում ներդնելու բանկային մոդեռնիզացման ծրագրեր, ինչպես նաև իրականացնում աշխատանքներ տելեմեդիցինայի և արտադրական ռոբոտների արտադրության կազմակերպման համատեքստում։

Կարևորում եմ ARMPLAST INVEST գործարանի ստեղծումը, որի շնորհիվ Հայաստանում ոչ միայն արդեն իսկ աշխատատեղեր են բացվել, այլև ստեղծված որակյալ արտադրանքը կօգտագործվի Հայաստանում և կիրացվի նաև այլ շուկաներում՝ ևս մեկ անգամ նպաստելով մեր տնտեսական աճին»,- նշում է ARMPLAST INVEST գործարանի ներդրող, սլովակական EU-Asia Business Finance Centre Holding-ի նախագահ մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանը, ով այս պահին բնակվում է Սլովակիայում։

Գործարանի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, ով մեծապես կարևորեց սլովակական ներդրումներով գործարանի բացումը և ողջունեց նման կարևոր ձեռնարկը՝ երկու ժողովուրդների բարեկամության և տնտեսական համագործակցության սերտացման համատեքստում։

Back to top button