ԿարևորՀասարակություն

Ռադիոգիտակների գլոբալ «լեզվակռիվը»․ Հայաստանից կապի են դուրս գալիս Մորզեի այբուբենի հատուկենտ մասնագետները

Հայաստանը ռադիոսպորտի հերթական մրցույթին է մասնակցել։ Սա յուրահատուկ նախասիրություն է, որը համախմբում է ռադիոսիրողներին ողջ աշխարհից։ Սպորտաձևը ոչ միայն նպաստում է միջմշակութային փոխգործակցությանը, այլև կարևոր է փրկարարական աշխատանքներում։ Մինչ օրս կապի արդի միջոցների կողքին ռադիոկապը շարունակում է մնալ ամենահուսալիներից ու կիրառվում ամենատարբեր իրավիճակներում՝ պատերազմականից մինչեւ տոնական։ 

Երբ կետերը, գծերն ու դրանց, թվում է, թե անհասկանալի համակցությունները բառեր են, նախադասություններ, մասնագիտական ասելիք, երբեմն նաեւ՝ կոչեր, քաղաքական մեսիջներ, հումոր․․․ հայհոյանք․․․ ռադիոլեզվի գիտակները գլոբալ լեզվակռվի են դուրս եկել։

Մեկ օրում` մոտ 700 կապ։ Տարբեր հաճախականություններ՝ տարբեր ալեհավաքներով. ամեն մեկն իր դերն ու իր նշանակությամբ։ Հենց դրանցից էլ կախված է նաև հաղորդման հեռահարության որակը։ Վրանում ռադիոկայաններ են։ Սնվում են ավտոմեքենայի մարտկոցից։

Ամեն տարի աշխարհում ռադիոսիրողների միջեւ այսպես ասած ռադիո սիրելու  մրցումներ են անկացվում։ Մասնակցության պայմանը՝  աշխարհի տարբեր ծայրերից ռադիոկապի դուրս եկողները կապի մեջ պետք է լինեն միաժամանակ։ Հայաստանը ռադիոկապերի գլոբալ սարդոստայնում իր կոորդինատներն ու անունն ունի։ Կապի դուրս գալիս է ժամանակին, խոսում, ինչպես բոլորը, ռադիոնիշերով՝ միայն այդ կապի մասնագետներին հասկանալի լեզվով։ EK8A- ի վարչության պետ, գնդապետ Սամվել Խաչատրյան․

«Միաժամանակ մտնում ենք կապի մեջ ու սկսում ենք կապ հաստատել իրար հետ։ 24 ժամվա մեջ մենք կարողանում ենք հաստատել 1000-1200 կապ»։ 

1000-ից ավելին արդեն շատ է, առավելությունը տեղանքով է պայմանավորված։ Ռադիոսիրողների «սիրո արտահայտման» մրցույթում առաջին տեղը զբաղեցնում է այն երկիրը, որը 24 ժամում կհաջողի ամենաշատը կապի դուրս գալ՝ կապ հաստատել։

Ազդականչը տրված է։ Հայաստանը կապի մեջ է։ Տեխնիկական միջոցները՝ հին, կապ հաստատելու առումով, սակայն, օպերատիվ․ ռադիոսիրողները մեր երկրից լսելի են մոլորակով մեկ։

Վերջին 10 տարում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում ռադիոսիրողների մրցույթում։ Անցյալ տարի մենք առաջինն էինք։  Հաջողությունը կրկնելի է՝ ասում է ռադիոկապերի խառնաշփոթը մեկ հայացքով ճանաչող զրուցակիցս՝ գնդապես Խաչատրյանը․

«Նայեք, այսքան կապեր ենք արդեն հաստատել։ Նայեք, սա րոպեն է, սա ազդականչը, սա կարեսպանդենտի թիվնա ինձ մոտ, սա էլ իմ թիվնա իր մոտ։ Ես իր 17-րդն եմ, ինքը  իմ 316-րդը»։  «Տվյալ պահին ռադիոկայանն աշխատում է հաղորդիչ կլուչով։ Բայց տեսեք ինչ տեսակներ կան, կան նաև էլեկտրոնային։ Տեսեք հաղորդում եմ՝ կետ-գիծ, կետ–գիծ։ Նայեք այսքան կապ է հաստատել»։

Այս տնակը աշխարհի բոլոր պետությունների ռադիոալիքների «խաչմերուկն» է։ Տարածքը փոքր, ռադիոալիքները՝ անթիվ-անչափելի։ Խշշոցը տեխնիկական խնդիր չէ․ սարքն ալիքներ է որսում։ Ալիքներն օդով են հոսում, բայց նաեւ խոչընդոտների հանդիպում։

«Կապ ենք տալիս աշխարհի գրեթե բոլոր պետությունների հետ։ Հիմա մի քիչ վատ են աշխատում ալիքները, հանդիպում են խոչընդոտների, փորձում են շրջանցել»։

Վերջին կապերը հաստատվել են ֆրանսիացու, իտալացու հետ, ռուսական ռադիոկայանի հետ՝ ևս։ Հարեւան, ոչ բարեկամ երկրների հետ կապերը խաչվում են զգուշությամբ։

«Հիմա ինքը կանչում է ինձ, պետք է պատասխանեմ»։

Պետություններն այս «արկղի» միջոցով իրար ճանաչում են կոդերով։ Հայաստանին իր ռադիոկայանի դեմքով ճանաչում են որպես EK8A։ Այստեղ խորհրդավոր է անգամ քարտեզը.  դարձյալ կոդերով։

«U –Ուկրաինա, G-ԳերմանիաՍիրողական ռադիոսպորտը գնում է մինչև անցյալ դարի 20-ականներ»։

Ռադիոսիրողները, պարզ ասած, սովորական մարդիկ են, որոնք ունեն ռադիոկայաններ և ազատ կարողանում են շփվել իրենց անհատական ազդականչով։ Ու սա այն դեպքն է, երբ լեզվի իմացությունը կամ չիմացությունը ոչ օգնում է, ոչ էլ խանգարում։ Ռադիոսիրողների հավաքակայանում շփվում են Մորզեի այբուբենով։

«Դուք տեսնում եք ինչպես է հաղորդում, Ես եմ որոշում՝ կետը կամ գիծը ինչ չափանիշ պետք է ունենա»,– ասում է Սամվել Խաչատրանը։

Ռադիոկայանը կապի մեջ է 24 ժամ՝ ամեն րոպե։ Կապ կա, անգամ եթե լռում են կապի բոլոր այլ միջոցները։ Կարևորը էլեկտրաէներգիա լինի․

«Տեսեք՝ ինքը հաղորդում է, լույսը խեղճանում է։ Այսինքն՝ բավականին հզոր հոսանք է տանում։ Մեզ պետք է այնքան հզորություն, որը հնարավորություն կտա Երևանից կապ հաստատել աշխարհի մյուս աշխարհամաս»։

Այս տնակ ամեն մարդ չէ, որ մուտք ունի,  Մորզեի այբուբենն էլ քչերը գիտեն։ Հայաստանում՝  ընդամենը 5 մարդ։

«Ես պարբերաբար փորձում եմ սովորեցնել, բայց հեշտ չէ։ Սովորական այբբենարանը սովորում են, բայց այստեղ շատ դժվար է։  Ես ձեզ կարող եմ 5 հատ բառ սովորեցնել, բայց 10  րոպե հետո չեք հիշի տառերը։  Այսօր մեր տարածաշրջանում քիչ են օգտագործում, բայց ռազմական ոլորտում մինչ օրս Մոռզեն է օգտագործվում»։

Կապ տալ, ստուգել իրավիճակն այս կամ այն վայրում, իրազեկել իրադարձության կամ պատահարի մասին, զգուշացնել միմյանց խնդիրների մասին, ահազանգել կամ պարզապես ողջունել․ այս հարթակի հիմնական առօրյան է։ Իսկ արտակարգ իրավիճակներում կարող է պարզապես փրկություն դառնալ․

«Օրինակ  60-ականներին էր, արբանյակից անջատվեցին ռուսական տիեզերագնացները, ընկնում են Սիբիրի անտառներից մեկը, SOS են տալիս, այսպես է հնչում, սպասում են, որ իրենց կլսեն ու կգտնեն, պատահական ռադիոսիրողներից մեկն իրենց լսում է և փրկում»։

Կապի արդի միջոցների կողքին ռադիոկապը ամենահուսալիներից է ու կիրառվում ամենատարբեր իրավիճակներում՝ պատերազմականից մինչեւ տոնական։  Մորզեում նաև թվերով են խոսում, իսկ թվերն այստեղ ցանկացած արտահայտությունից ավելի խոսուն են։

55-ը ուղեկցվում է բարեմաղթանքներով, 66-ով շնորհավորանքներ են հնչում,  73-ը՝ ամենայն բարիք, առողջություն , 88՝ համբուրում եմ, 99-ը՝ գնա գրողի ծոցը։

«Եթե ես ձեզ ուզում եմ ասել շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, սա համբուրում եմ, սա շատ ավելի վատ բան է նշանակում, և կա SOS  փրկության նշան»։

Back to top button