Գոյության ծածկագիր

Մաթեմատիկայերեն. տառը՝ կոդ, բառը՝ կաղապար, միտքը՝ բանաձև. «Գոյության ծածկագիր»

Անտիկ շրջանում մարդը հասկացավ, որ բանավոր խոսքը մնայուն գիտելիք չէ, և այն հաջորդ սերունդներին փոխանցելու համար որևէ կերպ պետք է ամրագրվի․ առաջացավ լեզվի կոդեր՝ տառեր ունենալու գաղափարը։

Մ․թ․ա․ 5-4 դարերում հնդիկ լեզվաբան Պանինին գրեց ութամատյան աշխատություն, որում համակարգային եղանակով նկարագրեց հնդկերենի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը։ Նա դա արեց բանաձևերի միջոցով։

Հնչյունը կաղապարվեց տառով, խոսքը՝ բանաձևերով։ Եվ երբ խոսքը մեկ այլ մարդու փոխանցելու այս տարբերակներն արդեն կիրառելի էին, խոսքը մեքենային՝ համակարգչին փոխանցելու անհրաժեշտություն առաջացավ։ Հենց այս գիտակցումը մաթեմատիկական լեզվաբանության հիմքը դրեց։

Մաթեմատիկան և լեզվաբանությունը՝ հավերժ հակառակ բևեռներում համարվող գիտությունները միավորվեցին ապացուցելու՝ մեր կյանքում ճշգրիտ է ամեն ինչ։

Նա լեզվական իրողությունները, լեզվական միավորները նշանակել է տառերով և  բանաձևերով նկարագրել իրողությունները։ Սա մի՞թե մաթեմատիկա չէ․․․

«Այնպես չի, որ բառերը կազմվում են պատահաբար, ում ինչպես հարմար է։ Գոյություն ունեն բառակազամական հստակ կաղապարներ, օրինակ՝ արմատ+ հոդակապ+ արմատ, արմատ+արմատ, ածանց+արմատ+ածանց։ Այսպես բազմաթիվ կաղապարներ կան, և եղած բառամթերքը ըստ այդ միավորների բանաձևվում է»։

Մինչ Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանին եմ ներկայանում ու նշում՝ «Գոյության ծածկագիր» հաղորդման հեղինակն եմ, նա զրույցը սկսում է հենց այս արտահայտությունը բանաձևելուց․ «Գոյ»՝ արմատ, «ություն»՝ վերջածանց + «ծածուկ»՝ արմատ, «ա» հոդակապ, «գիր» արմատ։ Կեսկատակ-կեսլուրջ նշում է՝ ամեն օր մաթեմատիկայով եմ զբաղվում․

«Երբ մարդիկ ասում են՝ մաթեմատիկա չգիտեմ կամ չեմ սիրում զբաղվել մաթեմատիկայով, նրանք գլխի չեն, որ մաթեմատիկական մտածողությամբ են խոսում։ Եթե չունենան այդ մտածողությունը, խոսել չեն կարողանա, որովհետև յուրաքանչյուր բառ, նախադասություն տրամաբանական կապակցության մեջ պիտի լինի մյուս բառի և նախադասության հետ, իսկ տրամաբանությունը հենց մաթեմատիկա է»։

Մաթեմատիկական հաշվարկներն են պայմանավորում լեզվական իրողությունները, դա սկսում է պարզ գումարում-հանումից, մինչև, օրինակ, բարբառների քանակի որոշումը։ Կատվալյանը պատմում է նախկինում բարբառ-ենթաբարբառ տարանջատումը հստակ չէր և մոտավոր հաշվարկով ասում էինք, թե 60 բարբառ ունենք։ Այսպես շարունակվեց, մինչև Գևորգ Ջահուկյանը վիճակագրական լեզվաբանության մեթոդներին դիմեց․

«Օգտագործեց 100 բարբառային հատկանիշ 120 վայրերում և աղյուսակներով ցույց տվեց, թե որ տարածքում ինչ հատկանիշներ կան, հետո մաթեմատիկական հաշվարկներով համապատասխան բանաձևերով հանգեց այն գաղափարին, որ եթե 2 վայրեր միմիանցից տարբվերվում են 20 և ավելի հատկանիշներով, ուրեմն գործ ունենք բարբառների հետ, եթե այդ հատկանիշները պակաս են, ուրեմն դրանք առանձին բարբառներ չեն: Այժմ Ջահուկյանի աշխատանքի արդյունքները ընդունված են բոլորիս կողմից ու բոլորս էլ գտնում ենք, որ հայերենը մինչև 1915 թվականն ունեցել է 44 բարբառային միավոր»։

Մեծ Եղեռնից հետո արևմտյան բարբառների մեծ մասը կորստյան մատնվեցին, և այժմ Լեզվի ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ կան մոտ 15 բարբառներ։

36 տառ՝ 7 ձայնավոր, 29 բաղաձայն։ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը այսպիսի կոդեր ընտրեց հայոց լեզվի համար։ Սրա հիմքով հետագայում ստեղծվեց հայկական թվային համակարգը։ Լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանն է պատմում․

«Մեր այբուբենն ունեցել է որոշակի կապ թվերի հետ, ունեցել է թվային արժեք: Այբուբենի թվային արժեքը բնորոշ է բոլոր հին լեզուներին՝ եբրայերեն, արաբերեն այբուբենները նույնպես ունեն թվային արժեքներ, որովհետև հնում առևտրականները գործարքներ կատարելիս օգտվում էին այբուբենի թվային արժեքներից և միայն 16-րդ դարից սկսած այբուբենի թվային արժեքը փոխվեց և մենք ունեցանք արաբական թվերով հաշվարկներ»:

«Այդ համակարգը կարող ենք անվանել Այբ-Ժե-Ճե-Ռա համակարգ՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների դաս։

Չնայած արաբական թվերի կիրառությանը՝ հայկական թվերը այսօր ևս կիրառելի են։ Դրանցով հիմնականում գրվում է թագավորների, միապետերի, կրոնական առաջնորդների անունները։ Օրինակ՝ Գարեգին Ա նշանակում է Գարեգին I։ Այս համակարգում ա-թ տառերով նշվում են միավորները՝ 1-9, ժ-խ՝ տասնավորները՝ 10-100, ճ-ջ՝ հարյուրավորները՝ 100-900, և ռ-ք՝ հազարավորները՝ 1000-9000։



Մերի Սարգսյանը համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող է։ Զբաղվում է հայերենը համակարգչի համար հասկանալի դարձնելու հարցերով։

«Եթե ես ասեմ, որ, օրինակ, հայերենում սեղան բառը պետք է փոփոխվի այսպիսի ձևով, պետք է ի ավելանա, սեռականում այսպես է, տրականում այսպես, դա մեքենան չի հասկանում, մեքենան հասկանում է, որ կա ուղիղ ձևը՝ իքսը՝ սեղանը, և իքսինն կարող է գումարվել մեկ այլ մասնիկ, կարող է հանվել մեկ այլ և այլն։ Այսինքն՝ այստեղ զուտ բանաձևերի հետ գործ ունենք։ Իսկ այդ բանաձևերը կազմելու համար իհարկե կան որոշակի կանոններ, որոնք ենթարկվում են մաթեմատիկական օրենքներին»։

Ես այն մարդկանցից եմ, որոնք լեզվաբանությունը համարում եմ ճշգրիտ գիտություն։ Իսկ ճշգրիտ գիտության հիմքում մաթեմատիկական օրենքներն են, տրամաբանությունն է, խիստ կանոններն են։

Այժմ Մերի Սարգսյանն իր գիտախմբի հետ զբաղվում է հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի ստեղծման գործով։ Պատմում է՝ թվայնացվել են հայերենի հնարավոր բոլոր բառարանները, բառերի համար գրվել հատուկ կոդեր, որով համակարգիչը սկսել է ճանաչել լեզուն։ Եվ երբ մարդն, օրինակ, «գրեցի» բառի գրի «գրցի» բառը, ապա համակարգը կհասկանա, որ այստեղ սխալ կա։ Առանց կոդավորման, ասում է, լեզուն չէր կարող գոյություն ունենալ։ Եվ խոսքը միայն էլեկտրոնային բառարանաստեղծման գործունեության մասին չէ․

«Չէ՞ որ մենք բանավոր խոսքը չենք կարող փոխանցել, մենք միայն գրավոր խոսքն ենք ավանդում, և դրա վրա պետք է ինչ-որ նշաններ դնենք։ Ինչո՞ւ ի հայտ եկան կետադրական նշանները։ Հենց այդ խնդրի համար, որ մենք գրավոր խոսքի միջոցով հաղորդենք՝ ինչպես պետք է դա բանավոր արտահայտել»։

Մարդը սկսում է աշխարհը ճանաչել կոդերով։ Նա ծնվում է, սովորում այն կոդերը, որոնցով իրենից առաջ ծնվածները բանաձևել են օբյեկտիվ իրականությունում առկա երևույթները։ Մարդիկ առանց լուրջ քննարկումների ներքին համաձայնության են գալիս այս առարկային կոչել, օրինակ, սեղան, մյուսին՝ ռադիո, մեկ ուրիշից, սև խոռոչ։ Այս կոդերը ներբեռնվում են նոր ծնված երեխայի ուղեղ։ Հետագայում արդեն մարդը խոսում է չնկատելով, որ ասած բառերի հաջորդականությունը բանաձևվված է, հնչյունները՝ փոխկապակցված կոնկրետ տրամաբանությամբ, որ հաշվարկի բացակայության պատճառով իր ասածը ոչ թե միտք, այլ ձայների անհասկանալի արտաբերում կլինի։

Եվ մինչև մարդիկ կարծում են, թե հեռու են մաթեմատիկայից և ունեն լեզվաբանական մտածողություն՝ լեզվաբաններն իրենց աշխատասենյակներում մաթեմատիկական օրինաչափություններ են փնտրում, գտնում, կիրառում։

Մարդը խոսում է մաթեմատիկորեն, իսկ դե ուրիշ որ ոլորտներում է նա շփվում ճշգրիտ գիտության հետ՝ կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։

Back to top button