Հասարակություն

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի

Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվել է Մոսկովյան պուրակի բարեկարգման մեծածավալ ծրագրի մեկնարկը։ Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին և երևանցիներին՝ միտված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը։
Մոսկովյան պուրակի բարեկարգումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հանրային տարածքների վերարժևորմանն ու քաղաքի զարգացման գործում մասնավոր հատվածը ներգրավելու հետևողական քաղաքականության հերթական գործնական քայլերից է։
Նախաձեռնությունը նաև արտացոլում է քաղաքապետարանի գործուն համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ քաղաքի զարգացման բնագավառում գործարարների մասնակցությունը խրախուսելու և համայնք-բիզնես արդյունավետ կապերը նոր մակարդակի բարձրացնելու առումով։
Երևանի այս հատվածը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր և հարմարավետ միջավայրով։ Նախատեսվում է ընդլայնել և վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները և պուրակը դարձնել ավելի գրավիչ երևանցիների և քաղաքի հյուրերի համար։
Քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը դառնում է նկատելի, չափելի և երկարաժամկետ։
«Սա Երևանի քաղաքապետարան-Կենտրոն վարչական շրջան և մասնավոր հատված շղթայի լավագույն ավանդույթների շարունակությունն է: Այդպիսի  համագործակցությունը քաղաքի միջավայրի և բնական համակարգը փոխելու առումով շատ մեծ նշանակություն ունի, որովհետև համայնքն իր հերթին շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքը բարեկարգելու համար, իր հերթին նաև մասնավոր հատվածը, տարբեր ընկերություններ նույնպես մասնակցում են, բայց նրանց համագործացությունը կամ ուժերը համատեղելը բերում է շատ ավելի մեծ ու լավ արդյունքի»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Մոսկովյան պուրակը Երևանի ամենասիրված վայրերից է։ Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը. բարեկարգել և նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարվա ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերով տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: 
Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը ևս մեկ քայլ է Երևանում կանաչ, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր ձևավորելու ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button