ԿարևորՀասարակություն

Ուկրաինայի 75 քաղաքացի դիմել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար

Ուկրաինացի փախստականների թիվը հասնում է 4.5 միլիոնի, իսկ ներքին տեղահանվածները Ուկրաինայում 7 միլիոն են։ Տվյալները ՄԱԿ-ինն են։ Միջազգային կառույցները ահազանգում են՝ այս վիճակագրությունը շուտով կգերազանցի սիրիական ճգնաժամի թվերը։ Ուկրաինան լքած ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացի հանդիսացող փախստականների վերաբերյալ ամբողջական թվեր դեռ չկան․ նախորեին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը լրագրողներին ասել էր, որ միայն Լեհաստանում Ուկրաինայից հեռացած 3000 ՀՀ քաղաքացի է ապաստանել։

Ռուս–ուկրաիանական պատերազմի հետևանքով Ուկրաինայից հեռացած և Հայաստան տեղափոխված շուրջ 75 անձ ցանկանում է Հայաստանում օրինական ապաստան, նույն է թե՝ փախստականի կարգավիճակ ստանալ։ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»–ին ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում դիմումների թիվը աճել է։ Դիմողներն էլ մեծ մասամբ ազգությամբ հայ  Ուկրաինայի քաղաքացիներ են:

«Ազգությունը, իհարկե, ապաստանի հայցում չի նշվում, և, ըստ էության, էական չէ։ Գաղափարը օտարերկրյա քաղաքացուն միջազգային պաշտպանություն հատկացնելն է։ Ըստ այդմ, թե՛ ազգությամբ ուկրաինացիները, թե՛ հայերը, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, կարող են և դիմում են մեզ։ Այնուամենայնիվ, դիմումատուների հետ շփման արդյունքում պարզ է դառնում, որ կեսից ավելին հայեր են»,-մանրամասնում է Նելլի Դավթյանը։

Փախստականի կարգավիճակ ստանալու հայցը քննվում է 3-6 ամիս։ Եթե դիմումի պատասխանը դրական է, օտարերկրյա քաղաքացին ստանում է ՀՀ-ում օրինական ապրելու անժամկետ իրավունք, հակառակ դեպքում, անձը համարվում է անօրինական միգրանտ և ստիպված է լքել Հայաստանը։

«Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո տվյալ օտարերկրացին օժտվում է գրեթե բոլոր նույն իրավունքներով և պարտականություններով, որոնք ունի  ՀՀ քաղաքացին։ Բացառություն է միայն հողի սեփականության իրավունքը և ընտրական իրավունքը»,-ասում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Ազգային, ռասայական, կրոնական խտրականություն, կամ դրա հիմքով պետական հետապնդում, քաղաքական հայացքներ, սոցիալական որոշակի խմբի պատկանելություն, պատերազմական, ռազմական գործողություններ կամ արտաքին հարձակում․ սրանք այն հիմքերն են, որոնց առկայությամբ Հայաստանի Հանրապետությունում օտար երկրի քաղաքացուն տրվում է փախստականի կարգավիճակ։ Մինչ դիմումատուի հայցի քննումը, պետությունը նաև կացարան է առաջարկում, թեև, ըստ Նելլի Դավթյանի, այս պահին այդ աջակցությունից ոչ ոք չի օգտվում։

«Դրանից կարող ենք եզրակացնել, որ մեզ դիմած քաղաքացիները ծայրահեղ վատ վիճակում չեն։ Նրանք կարողանում են նաև սեփական միջոցներով կամ Հայաստանում ապրող հարազատների, բարեկամների միջոցով լուծել, օրինակ, կացարանի հետ կապված խնդիրները»։

Նելլի Դավթյանը մանրամասնում է՝ Միգրացիոն ծառայությունում ունեն աջակցության ծրագիր, որից կարող են օգտվել նաև Ուկրաինայից Հայաստան եկած ՀՀ քաղաքացիները։

«Վերադարձի և վերաինտեգրման բաժին ունենք, որը վերադարձի ծրագիր է իրականացնում արդեն 3 տարի անընդմեջ։ Եթե Ուկրաինայից վերադարձած ընտանիքը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ապաստան հայցելու փաստացի հնարավորություն չունի, մենք կարող ենք իրենց դիտարկել վերադարձի վերաինտեգրման ծրագրի շահառու։ Եթե ընտանիքը ունի 4 և ավելի անչափահաս երեխա, կամ ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ, ապա տվյալ պարագայում իրենք 6 ամիս շարունակ 60000 դրամ աջակցություն կարող են ստանալ»,-ասում է Նելլի Դավթյանը և հավելում՝ այս պահին արդեն ծրագրից օգտվում է Ուկրաինայից Հայաստան վերադարձած մեկ ընտանիք։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ իրենց ունեցած տվյալներով փետրվարի 24-ից հետո Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի 1800 քաղաքացի․

«Իհարկե, գերակշիռ մեծամասնությունը ազգությամբ հայերն են, բայց կան նաև ուկրաինացիներ կամ խառը ամուսնությամբ ընտանիքներ։ Սրանք Հայաստանի սահմանապահ ծառայության տվյալներն են»,– ասում է Դենիս Ավտոնոմովը։

Ավտոնոմովն ասում է՝ այս պահին ուկրաինացի փախստականների հիմնական խնդիրները ապաստանի և աշխատանքի հետ են կապված։ Հայաստանում Ուկրաինայի համայնքը ակտիվ աշխատում է՝ պատմում է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Փորձում են տեղում նաև հումանիտար օգնություն հավաքել Հայաստան եկած կարիքավոր փախստականներին օգնելու համար։

«Մենք այս փուլում մեր քաղաքացիներոին օգնում ենք հիմնականում կացարան գտնելու հարցում։ Աջակցություն ենք տրամադրում նաև առողջապահական խնդիրները լուծելու համար։ Գործնականում ամենաբարդ խնդիրը ուկրաինայից եկածներին աշխատանքով ապահովելու խնդիրն է, քանի որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում աշխատանք գտնելու համար հայերենի իմացությունը պարտադիր պայման է»,-մանրամասնում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Ուկրաինացիները խնդիրներ են ունենում նաև երեխաների կրթության շարունակականությունը Հայաստանում ապահովելու համար։ Դենիս Ավտոնոմովն ասում է՝ չնայած Հայաստանում կան ռուսալեզու դպրոցներ, այնուամենայնիվ, հետխորհրդային 30 տարիներին ուկրաինական և հայկական կրթական ծրագրերը միմիանցից շատ են հեռացել, տարբերությունները մեծ են։

Back to top button