ԿարևորՄիջազգային

Անկախ ազգությունից՝ բոլորը օրհնություն են խնդրում․ Հոգևոր հովիվը՝ Մարիուպոլում անհետ կորած հայերի փնտրտուքի մասին

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքում Մարիուպոլում անհետ կորած շուրջ 100 անձի տվյալներով ցուցակ ունեն։ Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ ցուցակը կազմել են Մարիուպոլում ապրողների հարազատների զանգերի և փոխանցած տվյալների հիման վրա․ մինչ այսօր շատերն են փնտրում Ուկրաինայում ապրող հարազատներին, որոնց հետ պատերազմի սկզբից կապի դուրս գալ չեն կարողանում։

«Հիմնականում բարեկամներն են մեզ հետ կապվում, մենք էլ կենտրոնացնում ենք ցուցակները, մշակում և փոխանցում ԱԻՆ–ին, զինվորական կառույցներին, բժիշկներին։ Նաև երիտասարդներին խնդրել եմ, որ ինտերնետային հարթակում ուշադիր լինեն, եթե կան հայկական ազգանունով անհետ կորածների մասին տեղեկություններ, դրանք էլ հավաքեն, ցուցակագրենք։ Հիմնականում անհետ կորածները հենց Մարիուպոլից ու շրջակա գյուղերից են»,– պատմում է Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։

Ցուցակները կազմելուց հետո կապ են հաստատում Ուկրաինայի արևմտյան շրջանների գործընկերների հետ, փորձում ճշտել՝ որոնվող հայերն ուկրաինական մյուս քաղաքներ չե՞ն տեղափոխվել, եթե ոչ՝ շարունակում են փնտրել Դոնեցկում, ուր  գալիս են Ռուսաստան տեղափոխվող փախստականները։

Ավելի վաղ Տեր Նարեկը «Ռադիոլուրին» պատմել էր, որ հաջողվել է գտնել 3 շաբաթ անհետ կորած հայ կնոջն ու նրա երկու երեխաներին։ Օրերս ևս 3 հայի են գտել։

«100–ից ավելի մարդկանց ցուցակ ունենք։ Մի քանի օր առաջ հերթական անգամ գնացել էի փախստականների ճամբար։ Պարզվեց, որ մեր այցից մի քանի ժամ առաջ մի հայ կին էր եկել, ում մենք փնտրում էինք․ 1952թ ծնված Հակոբյան Զեմֆիրա Արտաշի։ Նույն օրը կարողացանք ևս երկու հայի գտնել, նրանցից մեկը թեթև այրվածքներ, մյուսը՝ ծանր բեկորային վնասվածքներ ուներ։ Այստեղ մի քանի օր բուժումը կազմակերպեցինք, հետո արդեն կտեղափոխվեն ռուսական տարբեր քաղաքներ։ Շատ ուրախալի է, որ ողջ հայերի ենք գտնում, բայց ցավալի է, որ դեռ շատերին ենք փնտրում ու չենք կարողանում գտնել»,– մանրամասնում է Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվը։

Այն, ինչ պատմում են տեղահանված մարդիկ, սարսափելի է ու շատ մռայլ՝ ասում է Տեր Հայրն ու ավելացնում․

«Մարդիկ շաբաթներ հետո նկուղներից դուրս են գալիս լույս աշխարհ ու տեսնում իրենց ավերված տունը, շուրջը եղած քաոսը․․․ Շատ ծանր է։ Մռայլ է ամեն ինչ, բայց հույս կա, հատկապես մենք հայերով անընդհատ իրար հույս ենք տալիս, լավատես ենք»։

Դոնեցկի հայ համայնքում նաև հումանիտար օգնություն են հավաքում կարիքավոր փախստականներին օգնելու համար։ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը պատմում է՝ անձամբ գնում է փախստականների ճամբարներ, կարիքավորներին հագուստ, սնունդ հասցնում և, որ ամենակարևորն է, շարունակում այնտեղ հայերի փնտրել։

«Երբ այցելում ենք, ինձ հոգևորականի հագուստով տեսնում են, բոլորը, անկախ ազգությունից, մոտենում են, օրհնություն խնդրում»,– ասում է Տեր Նարեկը։

Տարհանվածները Դոնեցկում երկար չեն մնում։ Առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո մեկնում են Ռուսաստան։ Տեր Նարեկը պատմում է՝ Դոնեցկում կրակոցները շարունակվում են, վիճակն անփոփոխ է, մարդիկ անհանգիստ են, զգուշավորություն ու վախ կա։

«Նրանք, ովքեր առաջին օրերին դուրս էին եկել, իրենք դեռ չեն վերադարձել․ ընտանիքի տղամարդիկ այստեղ են, մյուսները՝ Ռուսաստանում։ Հիմա արդեն Դոնեցկից դուրս եկողներ չկան, բայց վերադարձողներ էլ չկան, որովհետև դեռ պարզ չէ՝ վերջում ինչ է լինելու, ամեն օր կրակոցներ են, քնում ու արթնանում ենք կրակոցների տակ»,– մանրամասնում է հոգևոր հովիվը։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ երկրում ռազմական գործողություններից տուժել են հատկապես Դոնեցկի և Կիևի երեխաները։ Ուկրաինայի հայերի համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրին» ասում է՝ մարտի 4-ին Մարիուպոլում հայտարարված հումանիտար միջանցքը չի գործել։ Վերջին անգամ հանգստյան օրերին է հաջողվել տարհանել խաղաղ բնակիչներին։

«Շաբաթ օրը հումանիտար միջանցք էր հայտարարված Մարիուպոլից դեպի Զապորոժյե։ Շուրջ 45 ավտոբուսով 2000 մարդ դուրս է եկել, հիմա տեղի համայնքների մեր գործընկերները ցուցակներով աշխատում են, որ հասկանանք, թե քանի հայ է դուրս եկել։ Գիտեմ նաև, որ սեփական մեքենաներով են հայեր դուրս եկել և հասել են Զապոռոժյե քաղաք։ Բացի այդ, ավտոբուսները նաև հումանիտար օգնություն են տարել դեպի Մարիուպոլ՝ կարիքավորներին օգնելու համար»,– ասում է հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Բացի հայտարարված կանաչ միջանցքներից՝ մարդիկ նաև սեփական միջոցներով են փորձում անվտանգ ելքեր գտնել ու դուրս գալ շրջափակված քաղաքներից՝ պատմում է հայ համայնքի ներկայացուցիչը։ Հայ համայնքն իր հնարավորությունների սահմանում փորձում է օգնել հայերին, որոնք դեռ Ուկրաինայում են։

Back to top button