Մտքի ուժը

Իոնական հեղուկների սինթեզում. որտե՞ղ ու ե՞րբ է հնարավոր դրանք կիրառել․ «Մտքի ուժը»

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում քիմիայի մասին խոսում են հպարտությամբ ու ժպիտով։ Վստահ են՝ քիմիան Հայաստանում ապագա ունի: Երիտասարդ գիտնական, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանն ասում է.

«Հայաստանում քիմիան ունեցել է, ունի ու կունենա ապագա։ Հայաստանում զարգացող են բնական բոլոր գիտությունները։ Օրգանական քիմիայի մեծ դպրոց ենք ունեցել, այսօր էլ ունենք, որքան էլ, որ այն վերջին տարիներին թուլացած լինի։  Եթե մինչ այժմ ոլորտում ներդրումների կարիք կար, սարքավորումների ձեռքբերման խնդիր ունեինք, այժմ այն մասնակի լուծվել է։ Քիման կիրառվում է բոլոր ոլորտներում, նաև՝ հանքարդյունաբերությունում, որն այսօր զարգանում է Հայաստանում։ Մեր աշխատանքը շատ հետաքրքիր է, եթե հետաքրքիր չլիներ, երիտարսադները չէին գա դեպի գիտություն»։

Արփինե Հարությունյան

Մինչ շատերը կարծում են, որ քիմիան որպես գիտություն այնքան էլ հեռանկարային չէ, Հայաստանում առաջին անգամ իոնական հեղուկների սինթեզով են զբաղվում։ Արփինեն գիտական խմբի ղեկավարն է, խմբի անդամ չորս աղջիկների հետ տարբեր ջերմային պայմաններում մշակում են կիրառության համար անհրաժեշտ իոնային հեղուկները։ Աշխարհում այս ճյուղի մասին խոսում են մոտ մեկ դար, փորձարկումներ կատարում՝ հատկապես վերջին 20 տարում։ 2020-ից արդեն Հայաստանի գիտական միտքն էլ է զբաղվում այս ճյուղով։

«Այս պահին կոնկրետ մեր ինստիտուտում սինթեզվող նյութերից ենք փորձում իոնական հեղուկներ ստանալ ինչպես հայտնի քիմիական մեթոդներով, այնպես էլ նոր մեթոդներ ենք մշակում և քիմիական սինթեզի և ֆիզքիմիական ուսումնասիրության։ Այս պահին կենտրոնացել ենք մեր լաբորատորիայում սինթեզված այն միացությոնների վրա, որոնք հնարավորություն ունեին աղային միացությունների վերածվել։ Կենտրոնացել ենք չորրորդային ամոնիումային աղերի վրա։ Եթե մինչ այդ սինթեզը իրականացվում էր ապագայում դեղամիջոց ստանալու հույսով, ապա այս պահին արդեն նոր ոլորտային փոփոխություններ կլինեն, քանի որ իոնական հեղուկենրի կիրառության ոլորտներն են մեծ»,- պատմում է Արփինեն։

Իոնական հեղուկները կանաչ քիմիայի հիմքն են՝ ասում է Արփինեն։ Գիտական խումբն անում է ամեն ինչ, որպեսզի իոնական հեղուկները Հայաստանում կիրառելի լինեն՝ հայտնի դառնալով որպես լուծիչ ու կատալիզատորներ։ Գիտնականը վստահեցնում է՝ կիրառության ոլորտները շատ են, թվարկում է.

«Իոնական հեղուկները կիրառվում են տիեզերագնացության, լայն տարածում ունեն  արևային վահանակներում, ինչպես նաև մարտկոցների մեջ։ Այս դեպքում վնասը զրոյացված է, քանի  որ նորից վերակիրառելու հնարավորոթյուն կա։ Անգամ այն իոնային հեղուկերը, որոնք մարտկոցների մեջ են կիրառվում, հնարավոր է  նորից մշակել, վերակիրառել, կարող ենքհեղուկները հետ ստանալ։ Եթե նախկինում  ամենաչեզոք տարբերակը ջուրն էր, այժմ հնարավոր է որոշ դեպքերում իոնական հեղուկները կիրառել»։

Իոնական հեղուկների ստացման նպատակով իրականացվող փորձերի տևողությունը    կարող է մի քանի վայրկյանից մինչև մի քանի ամիս տևել։ Իոնական հեղուկները քիմիական ռեկացիների ժամանակ հանդես են գալիս որպես միջավայր և կատալիզատոր, կիրառվում են կենսաբանական հետազոտությունների, տեխնոլոգիաների մեջ։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում հինգ երիատասարդ աղջիկներից կազմված խմբում բոլորը գիտեն՝ ով ինչով է զբաղվելու։ Ամեն ինչ գիտական հաստատությունների լաբորատորիաներին բնորոշ կարգուկանոնով է՝ սպիտակ խալաթ, ձեռնոցներ, դիմակ, գերմաքուր միջավայր։

Աշխատանքը թիմային է, հետազոտությունների նպատակը մեկը՝ զբաղվել իոնական հեղուկների՝ ավելի մաքուր միջավայրում հետազոտություններով, հատկապես որ դրանք դեղագործության մեջ են դարձել առավել կարևոր՝ կիրառվելով իզոտոպների մեջ։ Վերջնական արդյունքը հետևյալն է՝ ստանալ այնպիսի դեղամիջոցներ, որոնք կունենան իրենց մեջ արդեն հարստացված որևէ իզոտոպ։ 

Անի Այվազյանը երիտասարդ գիտաշխատող է, համագործակցում է խմբում, զբաղվում է  քիմիական միացությունների ստացմամբ։ Պատմում է, որ ոգևորվում են, հատկապես, երբ նոր ու մաքուր նյութ են ստանում, տխրում՝ հակառակի դեպքում․

«Հետաքրքիրն այն է, որ առաջին անգամ մեր ձեռքով նոր նյութ ենք ստանում։ Դա ոգևորիչէ։ Ես կմնամ գիտության մեջ։ Երբ կենսաբանական ակտիվությունն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մեր նյութերը կարող են հետագայում դեղ դառնալ, դա ոգեշնչում է, որ մենք շարունակենք մեր գործունեությունը»:

Անի Այվազյան

Գիտական հետազոտությունն իրականացվում է գիտության կոմիտեի տրամադրած 55 մլն դրամաշնորհի միջոցներով։ Իոնային հեղուկների սինթեզը հեռանկարային ճյուղ է, ասում է գիտական խմբի ղեկավարԱրփինե Հարությունյանը։ Գիտական հետատոզտությունների մեկ տարին անցել է, արդյունքներ արդեն կան

«Արդեն ունենք տպագրված երկու հոդված՝ միջազգային պարբերականներում, իոնական հեղուկներում մեր կատարած փորձերի մասին են։ Կետոնների դեպքում փորձարկումներ անելիս օրինաչափություններ ենք պարզել։ Մեր միացություններից ունենք պիրիդինի շարքի աղ, որը որպես իոնական հեղուկ է իրեն դրսևորում, սա արդեն մեծ արդյունք է։ Իոնական հեղուկներում ունենք երկու ռեակցիա, որոնք այլ ձևով են ընթանում։ Մեթոդները ամբողությամբ մշակելուց հեոտ կունենանք նոր աշխատանքներ»։

Ծրագիրը եռամյա է, այն հնարավորություն է տալիս նաև նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիա ստեղծել։ Լաբորատորիայում սարք-սարքավորներ են ձեռք բերում։

«01 թվի ճշտութամբ կարողանում ենք ջերմաստիճան որոշել։ Այդպիսի սարք կենտրոնը առհասարակ չուներ։ Առանձին ինկուբացիոն համակարգ ունեցող չորանոց ունենք։ Բոլոր սարքերը դրամաշնորհի միջոցով ենք գնել։ Արագությունը կարգավորող խառնիչներ ունենք, ուժեղ վակուումային հնարավորություն ընձեռող պոմպ ունենք, բևեռացնող էլեկտրոնային մանրադիտակ և բևեռաչափ ենք ձեռք բերել»։

Երիտասարդ գիտնականները խոստովանում են՝ եթե դրամշնորհներ չստանան, ապա գիտությամբ զբաղվելը, հետազոտություններ անելն ու ընդհանրապես աշխատելը շատ դժվար կլինի։

Back to top button