ԿարևորՀասարակություն

Պատրա՞ստ է Հայաստանը համընդհանուր հայտարարագրման

Ըստ կառավարության 5-ամյա ծրագրի՝ մինչև 2026 թ․ Հայաստանում կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների հարկման  համընդհանուր համակարգ։ Եթե մինչ այժմ գործող կարգավորումներով հայտարարեր ներկայացնում են պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված անձինք, ապա համակագի ներդրումից  հետո, նախատեսվում է,  իրենց եկամուտների մասին պետությանը կտեղեկացնեն բոլոր չափահաս ֆիզիկական անձիք։ Ինչու՞ է անհրաժեշտ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, ի՞նչ հնարավորություններ է տալու   և ի՞նչ   ռիսկեր է առաջացնելու:

2019 թվականին գույքն ու եկամուտներն հանրայնացնում էր Հայաստանի շուրջ 3500 քաղաքացի, իսկ 2021-ին՝ տասն անգամ ավելի՝ 35 000 քաղաքացի՝ պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ու փոխկապակցված անձինք։ 2026-ին հնարավոր է այս թիվը հատի մեկ միլիոնի սահմանը․ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում։ Սա նշանակում է, որ բոլոր չափահաս քաղաքացիները պետությանը կասեն, թե որքան եկամուտ են ստանում։ Ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը սա անհրաժեշտ, բայց դժվար իրագործելի քայլ է համարում։

«Շատ–շատ հավակնոտ է, այնքան շատ, որ իրատեսական չէ իմ կարծիքով։ Ես չեմ կարծում, թե եթե այսօր սկսեն, կամ եթե արդեն սկսել են համընդհանուր հայտարարագրման համակարգի վրա աշխատել, 26 թ-ին կունենան աշխատող համակարգ։ Երբ կենսաթոշակային բարեփոխումներն սկսեցին, 2008-9 թթ ես մասնակցել եմ որոշ քննարկումների, բայց համակարգի վրա աշխատանքը ավելի շուտ էր սկսվել, իմ հաշվարկներով՝ 2000-ականների սկզբին։ Այն կարողացան ներդնել 13-14 թթ։ Այսինքն՝ կարող է նույնիսկ մեկ տասնամյակ տևել, իսկ համընդհանուր հայտարարագրման համակարգը կենսաթոշակայինից ավելի բարդ համակարգ է»։

Քյուրումյանը համակարգի ներդրումը կարևոր է համարում հատկապես պետության սոցիալական քաղաքականությունը մշակելու առումով․ ում որքան նպաստ տալ, ում անվճար բուժօգնություն հատկացնել և այլն։

«Այդ քաղաքական որոշումների կայացման համար դրանք շատ կարևոր տեղեկություններ են պարունակում և ընդհանրապես երկրի քաղաքականություն իրականացնել առանց էդպիսի տեղեկատվության շատ դժվար է»,- ասում է Քյուրույանը։

Մասնագետի խոսքով, սակայն, համակարգի ներդրումը  անձնական տվյալների պաշտպանության խնդիր է առաջացնելու։ Դրանք պաշտպանելու համար առաջին փուլում մարդկային և տեխնիկական մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, ինչը  գուցե բավարար չլինի, որ քաղաքացին իրեն ապահով զգա։

«Արդեն կախված կլինի, թե ոնց են օգտագործում այդ տվյալները, եթե դրանք իսկապես օգտագործում են պետական քաղաքականություն մշակելու համար, ապա իհարկե շատ լավ է, բայց նաև կարող է ինչ–որ մարդկանց ձեռքն ընկնել և օգտագործվել մանիպուլտաիվ նպատակներով»։

Ֆինանսաների կառավարման մասնագետը նաև հարց ունի՝ այժմ ներկայացվող 35 000 հայտարարագրերն արդյո՞ք պատշաճ ստացվում, մշակվում և վերլուծվում են։ Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացնում է՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ՝ կառույցը ժառանգել է 2011-ին ստեղծված տվյալների հավաքագրման էլեկտրոնային շտեմարանը։

«Մենք էս պահին առավելագույն ջանք ենք գործադրում տվյալները առնվազն անխափան հավաքագրելու համար և դրանց հետ աշխատանքի մասով բազան գրեթե որևէ ֆունկցիոնալ գործունակություն չունի և մենք աշխատանքի մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ, իրականացնում ենք ձեռքով, ինչը բավական ռեսուրսատար է»,- պատմում է Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է՝ 10 ամսից կունենան արհեստական բանականությամբ աշխատող նոր բազա․ ալգորիթմը կվերլուծի, կհամադրի տվյալները, դրված ցուցիչների հիման վրա կտարբերակի գույքի, եկամուտների, ծախսերի այն փոփոխությունը, որն անձի եկամուտներով չի հաստատվում։

Իսկ համընդհանուր հայտարարագրումը մեկնաբանելուց Հարությունյանն այս փուլում  խուսափում է։

«Թե ինչ կլինի ընդհանուր հայտարարագրման մասով՝ այս պահին թույլ տվեք ես չգնահատեմ, դա պետության և կոնկրետ իշխանության մոտեցում է, քաղաքականություն, որն իրականացվելիս մենք կհասկանանք, թե այդ դեպքում կոնկրետ ինչ նպատակ է հետապնդվելու և ինչ խնդիրներ է դրվելու»։

Թեև համընդհանուր հայտարարագրման սկզբունքները դեռ որոշակիացված չեն, բայց հայտնի է, որ խոսքն առայժմ եկամուտների մասին է։  Տնտեսագետ, պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ պետք է հրապարակային լինեն նաև ծախսերը։

«Միայն եկամուտների հայտարարագրումը բավարար չի լիարժեք վերահսկողություն իրականացնելու, անօրինական դաշտում աշխատողներին, հարկեր չվճարող տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքացիներին հայտնաբերելու համար։ Եթե ամբողջական համակարգը լինի և ունենանք համապատասխան վերահսկողական, այդ դեպում այո, կունենանք նաև արդյունք։ Հետևողականորեն դա պիտի ներդրվի»։

Մասնագետներն այլ մտահոգություն ևս ունեն․ համակարգ ներդնելը բավարար չէ, անհրաժեշտ է պատրաստ լինել դրա կյանքի կոչմանը։

Կառավարության ծրագրում նշված «ֆիզիկական անձանց երկամուտների հայտարարագրում» ձևակերպման սահմանները դեռ որոշակիացված չեն, օրինակ հայտնի չէ՝ այն  ներառելո՞ւ է նաև արտեկրից Հայաստանի քաղաքացիներին փոխանցվող գումարները, թե ոչ։ Գործընթացի մանրամասներն ու մեխանիզմները գործադիրը դեռ չի հստակեցնել։

Back to top button