ԿարևորՀասարակություն

Մարդու ձեռքով, սարդի ոստայնով․ արտառոց կտավները ստեղծվում են Գյումրիում

Սարդարվեստ՝  մարդու և սարդի «համահեղինակությամբ»։ Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը սարդոստայնից արվեստի գործեր է ստեղծում։ «Կարելի է ասել՝ սարդերի հետ համագործակցում եմ»։

Ավետիսյանի հայրը նկարիչ էր, ինքը հաճախում էր նկարչության դպրոց, սակայն նկարել չէր սիրում։ Բայց մի օր սկսեց։ Նկարչությամբ զբաղվելու ցանկության ազդակն անսպասելի էր։  

«Հորս մահից հետո ինձ մոտ այդ ցանկությունն առաջացավ։ Ցանկացած գործնական զրույց, հանդիպում գույնի, ձևի տեսքով էի տեսնում։ Իմ կարծիքով հենց դա էլ եղավ պատճառը, որ սկսեցի նկարչությամբ զբաղվել, բայց չեմ կարող ասել, թե ինչու»։

Բիզնեսմենը, որը որոշեց արվեստով զբաղվել, սկզբում յուղաներկով էր նկարում։ Մի օր արևի ճառագայթներից փայլող սարդոստայնին նայելիս նոր գաղափար ծնվեց՝ դա է այն մատերիան, որով ուզում է աշխատել։

«Հեչ բացառված չէ, որ արվեստը բիզնես է։ Ի՞նչ տարբերություն պատկերացրեք՝ բիզնեսմենը մի նոր բան է ստեղծում, ու նկարիչն ինչ-որ մի աշխատանք է ստեղծում նույնը չէ՞։ Երկուսն էլ վաճառում են։ Երկուսն էլ ապրելու, սնվելու խնդիր ունեն։ Ինչ-որ տեղ բիզնեսն էլ է արվեստ ու բավականին լուրջ արվեստ։ Բավականին բարդ արվեստ է»։

Սարդոստայնե նկարները ստեղծվեցին Հայաստանում, սակայն դրանց առաջին ցուցադրությունը Ֆրանսիայում էր՝ 2017թ-ին։ Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի համակարգողը համացանցում նկատել էր գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի աշխատանքներն ու մասնակցության հրավեր ուղարկել։  «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակը Փարիզից Գյումրի հասավ։ Սարդոստայնով արվեստի հայկական լուծումը Մշակույթների համաշխարհային խաչմերուկում աննկատ չէր մնացել։

«Եթե մարդիկ կլինեն կամ համապատասխան կազմակերպություներ կգտնվեն, որ Ձեր ասածի պես աշխատանքերս ինչ-որ այցեքարտ լինելու պատվին արժանանալու հիմքեր ունեն, իրենք կարող են զբաղվել այդ հարցով, բայց դա իմ խնդիրը չէ, ես չեմ կարող էդ մասին ինչ-որ բան ասել»։

Նկարիչը Գյումրիում իր տանը 30 քմ-ի վրա սեփական «սարդոստայնն» է հյուսել, այստեղ աշխատում է, ցուցադրում նկարները։ Սարդոստայնահյուսության գաղտնիքը չի բացում, տեսախցիկից ու օտար աչքից  հեռու պահում, թե ինչպես է աշխատում։ Նկարներում Անդրանիկը սարդոստայնով պատկերել է, օրինակ, նեյրոնային ցանց, որն այսպես ասած «հայելու մեջ ինքն իրեն է նայում», Մալևիչի սև քառակուսին եռանկյուն է դառնում, իսկ Ջոկոնդայի էներգիան խորհրդավոր գաղտնիքի կրողն է ու ականատեսը, թե ինչպես են ստեղծվում նկարները․

«Զարմանքը կա, հետաքրքրասիրությունը կա պրոցեսի հետ կապված, թե ինչպես է տեղի ունենում, բայց ես հիմնականում այդ պրոցեսը գաղտնի եմ պահում։ Նախ և առաջ պետք է սարդոստայնը գտնես, գտնելուց հետո պետք է կարողանաս վերցնել, վերցնելուց հետո տեղափոխելու խնդիրը կա։ Շախմատի պես պետք է քայլերը 7-8 քայլ առաջ հաշվես, որ գործն արդեն անես»։

Աշխատանքների հիմքում նկարչի փիլիսոփայությունն է, մտորումները տիեզերքի, մարդու ու արվեստի մասին։ Պետք է լիովին ազատ և ազնիվ լինես ինքդ քեզ հետ, որ ստեղծածդ թե՛ քեզ, թե՛ հասարակությանը գրավի՝ ասում է։ Հետո պատասխանում հաճախ տրվող հարցերին՝ իսկ որտեղի՞ց այդքան սարդոստայն։ Սարդ է պահել, բայց նախուսումնասիրել սարդերի տեսակները, սարդոստայն սարքելու «տեխնիկան»։ Անգամ տան մի սենյակը «վարձակալության» էր տվել սարդերին։  Առաջին նկարը ստեղծվեց մի քանի տարի  անց միայն։ Կտավն ապակու մեջ է, ու դա պաշտպանում է ժամանակի ազդեցությունից։  Փխրուն թելիկները միգամածության երանգներով աբստրակտ պատկերներ են ստեղծում, ինչ է պատկերված՝ վերնագրերն են հուշում։

Սարդոստայնագործությունը բարդ է։ Մեկ անզգույշ շարժումը կարող է խաթարել աշխատանքի ողջ ընթացքը։ Բայց նախ պետք է գլխում ունենալ բոլոր քայլերն ըստ հաջորդականության ու պատկերի վերջնական տեսքը։

Ի՞նչով էր բացառիկ սա, որ Կաննի փառատոնում  աչքից չվրիպեց․ նորարարական մոտեցմամբ ու նոր մշակված տեխնիկայով։ Նախկինում նման բան չէին տեսել՝ փառատոնի կազմակերպիչների արձանագրումն էր։

Back to top button