ԿարևորՀասարակություն

Նոր Covid-սահմանափակումներն ուժի մեջ են ու կարող են ավելանալ

1 շաբաթում՝ 1 թեստ․ այսուհետ պատվաստվելուց հրաժարված քաղաքացիները գործատուին կորանավիրուսով վարակված չլինելու հավաստում պետք է ներկայացնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ։ Նոր կարգավորումն արդեն ուժի մեջ է, իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապում է տեղեկացնել՝ վարակի տարածումը կանխելու նպատակով այլ սահմանափակումներ ևս կարող են լինել։ Դրանք հնարավոր են արդեն հունվարից․

«Դրանք ոչ միայն  քննարկվում են, այլ արդեն նախագծի տեսք ունեն։ Հունվարի 1-ից հանրային սննդի կետեր, համերգներ, միջոցառումներ և այլ  միջոցառումներ մուտքը կարող է թույլատրվել կա՛մ պատվաստված, կա՛մ թեստի բացասական պատասխան ունեցող մարդկանց։ Մենք հասկանում ենք, որ այս սահմանափակումները որոշ դժվարություններ առաջացնում են, բայց, հաշվի առնելով հանրային առողջապահական շահը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման քայլի գնալ»։

Ներկայում Հայաստանում գործում է, օրինակ, բաց տարածքում դիմակ կրելու պահանջը։ Սակայն որքանո՞վ է թղթին ամրագրված որոշումը պահպանվում բաց և փակ տարածքներում։ Նախարարը նշում է՝ այս խնդիրը բարձրաձայնել է միջգերատեսչական խորհրդի նիստում․

«Դիմակ դնելը, հատկապես, երբ կա նոր շտամի տարածման վտանգ, դառնում է անհրաժեշտ։ Թե՛ պատվաստումները, թե՛ դիմակ կրելը պետք է շարունակենք։ Կարող ենք սրտնեղել, բայց պայքարելու միակ ձևը սահմանափակումները խստորեն պահպանելն է։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դիմակները ուղիղ կերպով նվազեցնում են վարակման ռիսկը։ Հայաստանում այդ ռեժիմի ավելի լավ պահպանումը հանգեցրեց թվերի նվազման։ Այո, իմ կարծիքով դրանք արդյունավետ են ու ազդում  են»,– հայտնել է առողջապահության նախարարը։

Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը տեսչական մարմիններին է վերապահված։ Այս կառույցները պարբերաբար տեղեկացնում են, որ աշխատում են ուժեղացված ռեժիմով ու ուժերի գերլարումով։ Ոստիկանությունը ևս ունի վերահսկողական գործառույթներ՝ անհատ քաղաքացիների կողմից այդ կանոնների պահպանումը վերահսկելու առումով։ Սակայն, այնուամենայնիվ,  ունենք իրավիճակ, երբ կան սահմանված նորմեր, ու դրանք չեն պահպանվում։  Այստեղ ոչ միայն վերահսկողության, այլև քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցն է։

 ՀՊԲՀ ավագ դասախոս, համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ այս իրավիճակը լրջորեն վնասում է հակահամաճարակային կանոնների նկատմամբ զգոնությանը։

«Մարդկանց խաբել հնարավոր չէ մարդիկ դուրս են գալիս, տեսնում են մեկ այլ իրականություն, հետո լսում են այլ հայտարարություններ։ Առաջարկվող հակահամաճարակային պրոցեսներին սկսում են վերաբերել խիստ վերապահումներով ու անվստահությամբ։ Այ սա է խնդիրը։ Դրա համար, երբ ինչ-որ որոշում է ընդունվում, առաջին հերթին պետք է իրական կյանքում հասկանալ՝  ստացվելո՞ւ է դա կատարել, թե՞ ոչ։ Ես նաև ակնարկում եմ առաջիկայում սպասվող՝ պատվաստման սերտիֆիկատներով որոշ տեղեր այցելելու որոշումը։ Եթե պիտի հերթական որոշումը լինի, որ մարդիկ տեսնեն՝ իրական կյանքում չի պահվում, ավելի լավ է չանեն դա ավելի է խորացնելու անվստահությունը»։

Համաճարակաբանի խոսքով՝ միջազգային փորձը ևս ցույց է տվել, որ միայն պատվաստման պահանջը կամ միայն սահմանափակումները չեն կարող տալ ցանկալի արդյունք։ Անհրաժեշտ է համալիր մոտեցում․

«Երբ մարդիկ հետևում են որոշակի սահմանափակումների և զանգվածային կերպով կիրառում են, ունենում են հոյակապ արդյունքներ։ Անկեղծ ասած՝ հիմա մեզ մոտ ոչ այն կա, ոչ այն․ ակտիվ չենք պատվաստվում, և հեռու պետք չի գնալ՝ ուղղակի պետք է փողոց դուրս գալ, տեսնում ենք, որ լավ չենք հետևում նաև հակահամաճարակային կանոններին»,– նշում է Մելիք-Նուբարյանը։

Ինտենսիվ պատվաստումը, հակահամաճարակային կանոնների պահպանումը և սահմանափակումներին հետևելը կարևորվում է հատկապես այն առումով, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակները ևս մեծ հավանականությամբ կներթափանցեն երկիր։ ԱՀԿ-ն քովիդի նոր, ըստ նախնական գնահատման՝ ավելի վտանգավոր շտամի՝ Օմիկրոնի մասին արդեն որոշ տեղեկություններ է տրամադրել։ Բոլոր մտավախություններին ի պատասխան՝ ԱՀԿ-ն նաև փոխանցել է մասնագիտական իր դիտարկումները՝ պատվաստումը կշարունակի կանխել հիվանդության ծանր ընթացքն ու մահացության դեպքերը նաև այս շտամի դեպքում, իսկ ՊՇՌ թեստերը կենսունակ են նաև «Օմիկրոնը»  հայտնաբերելու հարցում։ ԱՀԿ այս հարցը քննարկել էր իր վերջին հրատապ նիստում։ Մասնագետները, սակայն, իրենց հերթին դեռ հարցեր ունեն․  

«Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Omicron-ն այլ շտամերի համեմատ ավելի հեշտությամբ է տարածվում մարդուց մարդու։ Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման թվերը, սակայն դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե Omicron-ով վարակվելու հանգամանքով: Պարզ չէ նաև՝ արդյո՞ք վարակումն ավելի ծանր հիվանդություն է առաջացնում՝ այլ տարբերակների, ներառյալ Դելտա տարբերակի հետ համեմատ։ Ներկայում տեղեկություններ չկան, որ Օմիկրոնի հետ կապված ախտանիշերը տարբերվում են այլ տարբերակների ախտանիշերից»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:

Համավարակը ողջ աշխարհում արդեն խլել է մոտ 5 միլիոն մարդու կյանք։ ԱՀԿ–ի գնահատականներով՝ մինչև հաջորդ տարվա մարտ միայն Եվրոպայում վարակի պատճառով առաջացած մահերը կարող են հատել 2 միլիոնի շեմը։

Վարակի նոր ալիքների պարտադրած  սահմանափակումները կիրառվում են ողջ աշխարհում։ Օրինակ՝ Գերմանիայում պատվաստված լինելու կամ այդ պահին վարակված չլինելու հավաստում պետք է ունենալ անգամ տրանսպորտից օգտվելու համար։ Իտալիայում լոքդաուն է՝ երեկոյան 18։00-ից փակվում են սրճարաններն ու ռեստորանները, 20։00-ից առավոտյան 5-ը պարետային ժամ է։ Երեկոյան 8-ից իրենց բնակարանը լքել չեն կարող նաև ռումինացիները։

Back to top button