Ստարտափ Հայաստան

Պոլիեթիլենին փոխարինելու է գալիս «Պարկը»․ «Ստարտափ Հայաստան»

Տիկին Ռուզաննան մինչև ընտանիք կազմելը երազել է երկու աղջիկ ունենալ։ Ճակատագիրը նրա հանդեպ շռայլ գտնվեց։ Հենց երկու աղջիկ էլ ունեցավ։ Փոքր տարիքից աղջիկներն առանձնանում էին շրջապատում. մայրիկը յուրահատուկ հագուստներ էր կարում նրանց համար։ Տարիներն անցնում էին ու սովորությունները մնում անփոփոխ։

Աղջիկները մեծացան ու տիկին Ռուզաննան զգաց, որ տարիների աշխատանքն իր արդյունքը տվել է՝ նրանք կար ու ձև սիրող ու ստեղծագործող են։ Բիզնես սկսելու միտք տիկին Ռուզաննան վաղուց է ունեցել, բայց ընտանեկան բիզնեսը պատահաբար է ստեղծվել։ Մի օր Սևան գնալու ճանապարհին սկսում է ուշադիր հետևել շուրջը, տեսնել՝ ինչ կա չկա, ինչ վիճակում է շրջակա միջավայրը։

Դեպքից հետո հրատապ ընտանեկան ժողով հայտարարվեց։ Էկոպայուսակներ ենք արտադրում, բիզնես ենք սկսում։ Աղջիկներն անակնկալի չեկան, հոգու խորքում սպասում էին, որ մայրիկը մի օր այդպիսի հայտարարություն է անելու։ Եվ, քանի որ մինչ այդ էլ նրանք փորձել էին ինչ-որ հետաքրքիր բաներ ստեղծել, որոշեցին միանալ իրար, գլուխ գլխի տալ և գործը հաջողել։

Ուսումնասիրեցին շուկան ու հասկացան, թե որքան էլ դաշտը լի է էկոպայուսակների արտադրությամբ, մեկ է հարմարը, թեթևն ու առօրյան քիչ է, իսկ եթե քիչ է, ուրեմն իրենք կարտադրեն։ Տիկին Ռուզաննայի դուստրը՝ Լիլիթը, ճանապարհի կեսից միացավ մորն ու քրոջը։ Մինչ այդ ինքն իրենն ստեղծում էր, հետո եկավ մի պահ, երբ վտանգ կար բիզնեսը փակելու, իսկ երբ ընտանիքում մեկն ինչ-որ խնդիր է ունենում` պետք է բոլորով աջակցենք, նույն էլ ընտանեկան բիզնեսում եղավ, ասում է Լիլիթը։

Թիմը մեծ չէ, ընտանիքի անդամներից երկուսը, պարկերը կարողը և մի երիտասարդ աղջիկ, ում վստահվել է սոցցանցի էջը վարելու պարտականությունը։ Սա լավ օրինակ կարող է լինել մյուսների համար, որ շանս տան ուսանողներին կայանալ, սովորել և հմտանալ իրենց աշխատանքի մեջ, ասում է տիկին Ռուզաննան։

Չնայած բիզնեսը նոր է, բայց կարողացել է շուկայում ամրապնդել իրենց դիրքը։ Հաջողված ընտանեկան բիզնեսի հիմքում փոխադարձ օգնությունն է, ասում են մայր և աղջիկ։ Հետո մեր ստուդիայում ականատես ենք լինում, թե ինչպես են կարծիքները բախվում իրար, ու հենց այդ պահին ծնվում է մի գաղափար, որը շուտով իրականություն կդարձնեն։

Back to top button