ԿարևորՀասարակություն

ԱՄՆ–ի պահանջները Ադրբեջանին․ առաջին քայլն արված է

Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, Ադրբեջանին ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության կասեցում, Արցախին հումանիտար աջակցության տրամադրում, ՄԽ ձևաչափում բանակցային գործընթացի վերակազմակերպում։ Այս պահանջներն ու ոչ միայն ձևակերպված են Միացյալ Նահանգների Կոնգրեսի  ներկայացուցիչների  պալատում ընդունված օրինագծում։

Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած փաստաթղթով պահանջվում է նաև հետաքննություն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, նաև անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էր խոսում անհրաժեշտության մասին՝ պարզել, թե ինչի վրա է ծախսել Ադրբեջանը ամերիկյան ռազմական աջակցությունը, արդյոք Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ կիրառել է անօրինական և քիմիական զենքեր։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը կողմ էր  Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման շրջանակում Հայկական հանձնախմբի կոնգրեսականների ներկայացրած հայանպաստ մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծերին՝ այդպիսով թույլ տալով դրանց ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում:

Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորվածներին, ինչպես նաև քննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան․

 «Ներկայացվել է փոփոխությունների 8 առաջարկ։ Բավական լայն ծավալ է ընդգրկում։ Ադրբեջանին ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակությունից զրկելուց մինչև «Գորշ գայլերի» գործունեության կասեցում, Արցախին հումանիտար օժանդակության տրամադրում, ՄԽ ձևաչափում բանակցային գործընթացի վերակազմակերպում և Ամերիկայի նոր դերի, նոր դերակատարության արտացոլում այդ գործընթացում։ Սրանք ազդակ են այն մասին, որ նախ՝ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծել և հետզհետե առերեսվելու է իր կողմից կատարված հանցանքներին։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քաղաքական ուղերձն է։ Ամերիկայի օրենսդիր մարմնի կողմից նման որոշումների կայացումը չափազանց կարևոր է նաև այն առումով, որ Ադրբեջանը հասկանա, որ մարդկության դեմ իր հանցանքները, Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիան չեն կարող անհետևանք մնալ, և այլևս եկել է այն ժամանակը, որ Ադրբեջանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար»։

Քաղաքական ազդակների տեսանկյունից մեկ այլ կետ է առանձնացնում ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը․

 «Չափազանց կարևոր արդյունք, այո, տալու է։ Հստակ է, որ ճնշումները մեծանում են Ադրբեջանի վրա, և դրանք միայն մեկ կողմից չեն։ Շատ կարևոր շեշտադրում անեմ, որ եթե մինչ այս հիմնական պահանջը Ռուսաստանից էր, որպես նոյեմբերի 9–ի հայտարարության երրորդ կողմ և որպես, ըստ էության, դրանում ամրագրված գործողությունների պարտավորություն իրականացնող, այս դեպքում նաև այլ կարևոր կենտրոն է  հորդորում դա իրականացնել, ինչը կարծում եմ, շատ կարևոր է։ Ոչ միայն ուղերձ է, սա արդեն իսկ փաստաթուղթ է, որում կան նաև այլ շեշտադրումներ՝ ոչ միայն գերիների վերադարձի մասին։ Այստեղ շատ կարևոր է, որ շեշտադրվում է, որ Ադրբեջանը, Թուրքիան են հարձակում գործել Հայաստանի վրա, կարևոր է ամրագրումը, որ զինված խմբավորումների աջակցությամբ է ռազմական գրոհ սկսվել Արցախի դեմ»։

Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, Ադրբեջանը, Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ, ռազմական գրոհ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նաև հայտնի է որպես Արցախ` հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման:

«Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին ՝ հակամարտության ավարտից հետո երկար ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերիների, կալանավորված անձանց ՝ սխալ ներկայացնելով նրանց կարգավիճակը  արդարացնելու համար նրանց գերության մեջ պահելը»,- նշվում  է փաստաթղթում:

Դրանում նաև շեշտվում է. «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում ներգրավվի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում՝ հստակեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը»։

Նախագիծը նաև պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերի՝ բայրաքթարների կիրառման մեջ ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Շեշտվում է նաև Ադրբեջանի կողմից արգելված զինամթերք օգտագործելու հանգամանքը: Ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ  քննությունն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի՝ հստակեցնում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

 «Կառավարության համապատասխան մարմիններից տեղեկություն է հայցվել այն մասին, թե արդյոք թուրքական անօդաչուներում ամերիկյան սարքավորումների կիրառումը ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Սա նպատակ է հետապնդելու, որպեսզի Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ տանի նաև Թուրքիայի հետ Ամերիկայի ռազմական առևտուրը, ռամաքաղաքական հարաբերությունները կաշկանդելու համար, քանի որ ամերիկյան օրենսդրությամբ արգելված է, որ ամերիկյան տեխնոլոգիաներն օգտագործվեն՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը»։

Այս փոփոխությունները կքվեարկվեն Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի քննարկման ժամանակ, որը նախատեսվում է առաջիկա  օրերին:

Փաստաթղթով սահմանվում է, որ դրա ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օր հետո, պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ խորհրդակցելով, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց՝ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին:

Back to top button